Նախագահը մասնակցել է տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին:

Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի ներկայացուցիչներ:

Օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, Հանրապետությունում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին: Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրել են համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության, ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունները:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփել է համայնքների խորհրդաժողովի արդյունքները, խոսել ոլորտի հիմնախնդիրների մասին, որից հետո խոշորացված մի շարք համայնքների ղեկավարներ ներկայացրել են գործունեության մեկ տարվա ձեռքբերումները, արձանագրված հաջողությունները, առկա խնդիրները և առաջարկվող լուծումները:

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդաժողովի ամփոփիչ նիստում հանդես է եկել ելույթով, պատասխանել միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Աղբյուրը` ՀՀ Նախագահի պաշտոնական կայք:

Համայնքները մեր երկրում կայացել են, սակայն անելիքներ դեռ շատ կա

Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընթացող ՀՀ համայնքների խորհրդաժողովի ժամանակ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել ՀՀ Նախագահին ՏԻՄ-երի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, ընդգծելով, որ Նախագահի հետ ունեցած յուրաքանչյուր հանդիպում ոգևորիչ ու պարտավորեցնող է ոլորտի պատասխանատուների համար:«Պետք է փաստեմ, որ համայնքները մեր երկրում կայացել են, առավել ևս կայացել են մեր տարածքային կառավարման մարմինները։ Այս տարի երկրում ունեցել ենք համապետական և շուրջ 350 համայնքում ՏԻՄ ընտրություն, բայց այս ընտրական գործընթացները չեն խանգարել մեր համայնքների բնականոն գործունեությանը։ Միայն նշեմ, որ մեր 11 ամիսների հավաքագրումը համայնքներում ավելացել է ուղիղ 2 մլրդ դրամով։ Դա առաջին հերթին համայնքի ղեկավարների գիտակցության բարձրացումն էր, երկրորդ` վարչարարությունը, երրորդ` խոշորացումը, որի արդյունքում համայնքային գույքը և հողը մտնում են գրանցման դաշտ։ Առաջին անգամ կարողացել ենք հողի հարկի մասով շուրջ 250 մլն դրամի չափով ավել գումար հավաքագրել, քան 2016-ին: Շուրջ 1 մլրդ դրամի չափով գույքահարկի ավելացում ունենք, ավելացել են նաև տեղական տուրքերի և գույքի վարձակալության գումարները։ Սա փաստում է, որ մեր համայնքերն իրենց մարդկային կապիտալով ունեն հնարավորություններ և առաջիկայում Ձեր կողմից ուղենշված խնդիրները, պարոն Նախագահ, պետք է լուծումներ ստանան համայնքներում։ Իրավամբ, մեր ամենացավոտ կողմերից մեկը բյուջեների ծախսային և մուտքային խնդիրներն են: Այս 6 ամիսների ընթացքում ՀՀ Տավուշի մարզում իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի թիվը 340-ից հասել է 1800-ի: Գեղարքունիքում 1920-ի, Սյունիքում` ավելին: Հանրապետությունում մոտ 15400 պայմանագիր է կնքված իրավաբանական անձանց հետ, և մենք այսօր հայտարարում ենք, որ 2018 թվականին գոնե 80 տոկոսի չափով աղբահանության և սանիտարական մաքրման վճարները պետք է իրականացվեն համայնքների սեփական եկամուտներից»- նշել է նախարարը:

Նախարարն իր ամփոփիչ ելույթում ՀՀ Նախագահին է ներկայացրել ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրներ, նշել դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների ծրագրերը: Նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Նախագահի կողմից ոլորտին ցուցաբերած ուշադրության համար և արձանագրել, որ համայնքներում բազմաթիվ խնդիրներ լուծումներ են ստացել հենց Նախագահի անմիջական և գործուն աջակցության շնորհիվ:

mtad.am

Տպել Տպել