ՀՅԴ Արցախի խորհրդարանական խմբակցության ղեկավարի այցը Ավստրալիա

ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ոչ պաշտոնական այցով այս օրերին գտնվելով Ավստրալիայում, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքային կառույցների, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:

Հուլիսի 3-ին, Սիդնեյ քաղաքում հյուրընկալվելով ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի կողմից, Հայ մշակութային կենտրոնի սրահում նա հանդես է եկել բանախոսությամբ՝ «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները» թեմայով։ Բանախոսության ընթացքում պատգամավորը, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարել նաև ԼՂՀ ներկայիս իրավիճակին, ապա պատասխանել ունկնդիրների հարցերին:

Հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, արցախցի պատգամավորը՝ հայ Դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանի աջակցությամբ, Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանում հանդիպում է ունեցել խորհրդարանի անդամ, Ավստրալիա-Հայաստան բարեկամության հանձնաժողովի նախագահ Ջոնաթան Օթեյի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին զրուցակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթող, որ տեղադրված է խորհրդարանի պալատում:

Նույն օրն Արմեն Սարգսյանը՝ ՀՅԴ Հայ Դատի գործադիր տնօրենի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար Գլադիս Պերեճիքլյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ միջազգային ճանաչման հետ կապված հարցեր, ինչպես նաև ձեռք են բերվել փոխադարձ այցելությունների վերաբերյալ պայմանավորվածություններ:

Տպել Տպել