Պատնեշի վրա նորից Դաշնակցությունն է

Նախընտրական այս շրջանը եւս հարմար առիթ էր որոշ հակադաշնակցականների կամ նրանց կողմից պատվիրած քաղաքագետ-վերլուծաբանների հերթական ՙառաքելություն՚ կատարելու համար: Սա եւս առիթ է ամեն գնով քարկոծելու Դաշնակցությանը:

Ինչպես հայտնի է, ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում եւս ՀՅԴ Արցախի կազմակերպությունը սատարում է գործող նախագահ Բակո Սահակյանին: Իսկույն հայտնվեցին ՀՅԴ պահուստային հակառակորդները եւ մարդիկ, ովքեր ՙսրտացավորեն՚ գնահատելով ներկա իրավիճակը, փորձում են առիթն օգտագործել եւ ՙհարված՚ հասցնել կուսակցությանը: Զարմանալի է , թե ինչու այս մեթոդը, չնայած այն բանին, որ բազմիցս անգամ կիրառվում է, արդեն հիասթափեցնում է ՙանարդյունավետության՚ պատճառով:

Վերջին շրջանում, հիմնականում հայաստանյան լրատվամիջոցները` մեկը մյուսի հետեւից, վարակի նման, հիմք ընդունելով այն, որ , իբր, Դաշնակցությունն իր շարքերի կամքին հակառակ, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին չի սատարում եւ պաշտպանում է Բակո Սահակյանի թեկնածությունը, անհիմն լուրեր են տարածում, թե իբր կուսակցականները լքում են կուսակցության շարքերը: Այս ամենը սադրիչ եւ պառակտիչ քայլեր են Դաշնակցության նկատմամբ, ինչը նույն մարտավարությամբ եւ ճիշտ նույն մեթոդներով տարիներ շարունակ փորձել ու փորձում են, սակայն`անարդյունք: Դաշնակցության պառակտմանը միտված քայլերն այլ բան չեն կարող լինել, բացի մեր թշնամիների ջրաղացին ջուր լցնելը: Քայքայել Դաշնակցությունը` նշանակում է խաչ քաշել մեր 100-ամյա ազատագրական պայքարի վրա եւ կտրել ՙազգի ձեռքը՚:

Այստեղից հետեւություն, թե որտեղից է սկիզբ առնում այդ միտումն ունեցողների ՙսնուցող աղբյուրը՚: Սա մի կողմ: Իրականում չկա մեկ կուսակցական , ով Դաշնակցության որոշման դեմ գործողություն է ծավալում:

Որեւէ կուսակցական նույնիսկ այլ տեսակետ կամ դիրքորոշում, քան հայտարարել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, հրապարակավ չի հայտարարել: Իհարկե, կարծիքների բախում եւ լայնընդգրկուն քննարկումներ կուսակցության անդամների շրջանում եղել են, ե սա միանգամայն նորմալ եւ նույնիսկ դրական երեւույթ է: Սա շատ բնական է, որովհետեւ ՀՅ Դաշնակցությունը հայ իրականության մեջ գոյություն ունեցող այն եզակի ուժն է, ուր տիրում են ժողովրդավարական կարգեր, եւ յուրաքանչյուր կուսակցականի կարծիք հարգվում է, եւ ենթակա է քննարկման ու քվեարկման:

Սակայն, կուսակցության որոշում դարձած յուրաքանչյուր դիրքորոշում իրագործելի ծրագիր է դառնում կուսակցականների համար. դա բխում է ՀՅԴ Կանոնագրից ու ավանդույթներից: Մեզ հայտնի իրականության մեջ քիչ չեն միանձնյա կառավարվող կուսակցությունները, ավելին` դա արդեն դարձել է հայկական իրականությանը հատուկ երեւույթ: Եվ այս ֆոնի վրա, ՙտեսնել ցանկացողների՚ համար դժվար չէ նկատել ՀՅ Դաշնակցության ներքին ժողովրդավարական դրսեւորումները, հատկապես` համազգային նշանակության հարցերի քննարկման շուրջ:

Հիշեցնենք, որ Դաշնակցության Ընդհանուր Ժողովը տեւում է առնվազն մեկ շաբաթ: Սա եղել եւ մնում է ՀՅԴ առանցքային դրույթը, ինչի շնորհիվ կուսակցությունը միշտ կարողացել է դիմակայել ու պայքարել թե ներքին, թե արտաքին հակառակորդների դեմ: Այս ամենը, կարծում եմ, նորություն չէր լինի որեւէ տեղեկացված հայի համար: Սակայն անհրաժեշտություն էր այս ամենի մասին հիշեցնել այս ՙեռուն շրջանում՚:

Այնպես որ ` Դաշնակցությանը հարվածելու այս փորձը, վստահ ենք` այս անգամ եւս կտապալվի:

Սեւակ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՊԱՌԱԺ

Տպել Տպել