…Հուլիսի 19-ին ընդառաջ

2012 թվականի ամառը Արցախի համար թեժ է քաղաքական անցուդարձերով: Առաջիկա նախագահական ընտրություններն էությամբ ու արցախյան առանձնահատկություններով հանդերձ, թերևս, չեն տարբերվի նախորդից, սակայն չի բացառվում նաև անակնկալ զարգացումներ: Այս ընտրությունները նախորդներից չեն տարբերվի նրանով, որ ինչպես միշտ, այս անգամ ևս թեկնածուների ցանկը համալրվեց ՙպահուստային ցուցակից՚:

Բոլորիս համար պարզ է, որ նախագահի աթոռի համար իրականում կպայքարեն գործող նախագահ Բ. Սահակյանը և ԱԺ պատգամավոր Վ. Բալասանյանը: Մինչ քարոզարշավի մեկնարկը` թեկնածուներին սատարելու հայտարարությամբ հանդես են եկել ԼՂՀ քաղաքական ուժերը: Որևէ քաղաքական և հասարակական քննարկում չի եղել մինչ այն պահը, երբ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարեց գործող նախագահին սատարելու որոշման մասին` չնայած ՀՅԴ-ն քաղաքական կուսակցություններից վերջինն էր հայտարարել այդ մասին: Երևույթը կարել է բացատրել նրանով, որ հասարակությունը, ինչպես նաեւ դերակատար ուժեր որևէ փոփոխություն կամ նախաձեռնություն սպասում է հենց ՀՅ Դաշնակցությունից: Հետաքրքրիր, նույնիսկ առաջին հայացքից անհասկանալի իրադրություն է ստեղծվել նախորդ նախագահական ընտրություններից, որը շարունակվում է մինչև օրս: Բանն այն է, որ գործող նախագահի` նախորդ շրջանում առաջադրվելու պահից նրան սատարում էին իշխանամետ և ընդդիմադիր ուժերը:

Ինչպես ասում են` ամեն մեկն իր ակնկալիքներն ու ծրագրերն ուներ: ՀՅԴ-ն, որպես քաղաքական կուսակցություն, այս ՙմիասնական ճակատ՚ մտավ իր հստակ ծրագրային դրույթներով, որոնցով առաջնորդվեց ու հանուն որի շարունակեց մնալ այդ միասնական ճակատում: ՀՅԴ-ն այս նախագահական ընտրություններում նույնպես սատարում է գործող նախագահ Բ.Սահակյանին: Հասարակության մեջ լայն քննակման թեմա դարձած այն հարցին, թե ինչու է ՀՅԴ-ն սատարում հենց գործող նախագահին, այլ ոչ թե Վիտալի Բալասանյանին, ով ՀՅԴ համամասնական ցուցակով 2010-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: ՀՅԴ-ն ամեն ինչից վեր` մեկ կարեւոր սկզբունք է պաշտպանում: Կուսակցությունը կայացրել է հստակ քաղաքական որոշում: Այն է` չանհատականացված մոտեցում ցուցաբերել այս` Արցախի համար կարեւորագույն հարցում:

Իսկ այլ դիրքորոշում, քան այն, ինչ հայտարարել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, կնշանակեր անհատականացված քայլ: ՀՅԴ-ն, որպես համահայկական քաղաքական կառույց, հետեւողական աշխատանքներ է կատարում Հայ Դատի լայնընդգրկուն խնդիրների շրջանակներում: Իսկ Արցախի հիմնախնդիրը կազմում է Հայ Դատի առանցքային խնդիրներից մեկը, եւ այս հարցում ՀՅԴ-ն ցուցաբերում է համահայկական մոտեցում: Եվ, վերջապես, ՀՅԴ-ն այն եզակի ուժն է, որ առիթ է ունեցել իրական ընտրություն կատարելու:

Սատարել գործող նախագահին` ՀՅ Դաշնակցության համար նշանակում է` Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման եւ արցախահայության իրավունքների պաշտպանության համար հետեւողական աշխատանքի շարունակականություն: Այսու, հասկանալի է, որ ՀՅԴ-ն ինքնանպատակ չի դիմել այս քայլին: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին երկրում առաջացել են այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր է շտկել բարեփոխումների միջոցով: ՀՅ Դաշնակցությունը պայքարում է երկրում առկա արատավոր երեւույթների դեմ եւ շարունակելու է մնալ այն ուժը, որը չի ծառայել որեւէ իշխանության կամ անձի: Մեր աչքի առաջ ունենալով այս հիմնախնդիրներն ու կրելով քայլի պատասխանատվությունը` ՀՅԴ-ն, ինչպես միշտ, եւ ի տարբերություն այլ կառույցների, երբեք երկակի դեր չստանձնելով` կատարել է հստակ որոշում հանուն Արցախի զարգացման ու արժանապատիվ ապագայի:
«ԱՊԱՌԱԺ»-ի խմբագրական

Տպել Տպել