ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստի հայտարարությունը

2018թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր՝ առկա ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, նաև առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, դրանք հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարևորումը:

Ներկայացված զեկույցների և քննարկման արդյունքում կատարվեցին հետևյալ հաստատումները.

1. Անցումը խորհրդարանական կառավարման նոր սկզբի, երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու մեր ազգային-պետական ռազմավարական շահերը: Համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված:
2. Կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դաշնակցության պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով:
3. Սահմանադրական օրենքների ընդունմամբ, օրենսդրական նոր կարգավորումներով ձևավորվել են խորհրդարանական կառավարման անհրաժեշտ հիմքերը:
4. ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կնքմամբ ստեղծված է խորհրդարանական համակարգի առաջադեմ փորձը տեղայնացնելու անհրաժեշտ միջավայր:
5. Արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձևավորման գործընթաց է սկսվել:
6. Օրենսդրորեն հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգ է ձևավորվում, որի գործունեությունը, ակնկալում ենք, վստահություն կներշնչի ոչ միայն հանրությանը, այլև տնտեսավարողներին ու ներդրողներին:
7. Պաշտպանության ոլորտում ընթացքի մեջ են «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի կայացմանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված՝ իրենց ծավալով և խորությամբ աննախադեպ բարեփոխումները:
8. ԵՄ և ԵԱՏՄ հետ միաժամանակյա և փոխշահավետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ՝ ստեղծվել է երկրի միջազգային հեղինակության բարձրացման և բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտ միջավայր:
9. Վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017թ. բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան:

Անշուշտ, աննախադեպ ծավալ և խորություն ունեցող փոփոխությունները միանգամից չեն կարող արդյունավորվել: Առաջնահերթ խնդիր է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը լիարժեքորեն համապատասխանեցնել նոր սահմանադրական կարգին՝ ազատվելով նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից և հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ: Հանրային վստահությունը սկիզբ առած բարեփոխումների նկատմամբ օրեցօր ավելացնելու համար չպետք է տպավորություն թողնել, որ Սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական և սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել առարկայական ու ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս անհրաժեշտ թափը հաղորդել երկրի զարգացմանը և սոցիալական արդարության միջավայր ստեղծել: Հարկ է արձանագրել, որ բարեփոխումների հանդեպ դեռևս հանրային անվստահությունը հաղթահարված չէ, և երկրի զարգացման տեմպերը մեզ չեն բավարարում:

Այս առումով անհրաժեշտ է՝

1. Հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահություն ու լավատեսություն ձևավորելու նպատակով՝ գործադրել շահերի բախման դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:
2. Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն:
3. Կառավարության կառուցվածքի և գործունեության, պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքներով ապահովել կառավարության, վարչապետի և նախարարների սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների և պարտականությունների տարանջատումն ու պատշաճ կարգավորումը: Հետագայում անդրադառնալ կառավարության կառուցվածքն էականորեն օպտիմալացնելու խնդրին:
4. Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը և ավագանիների ձևավորման համամասնական ընտրակարգ:
5. Հստակեցնել Հայաստանի տնտեսական կարգի սահմանադրական հիմք հանդիսացող սոցիալական-շուկայական տնտեսության մոդելը՝ նպատակ ունենալով մեղմել սոցիալական բևեռացումը, խթանել աշխատատեղերի ստեղծումը, ձևավորել բազմակենտրոն տնտեսական զարգացման օջախներ:
6. Անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք կառավարության ծրագրում ամրագրված նպատակների կենսագործման ուղղությամբ՝ աղքատության 12 տոկոսով նվազեցում, անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ, ժողովրդագրական իրավիճակի արմատական բարելավում, սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորում, պարենային ինքնաբավության մինչև 75 տոկոսի ապահովում:
7. Անհրաժեշտ է գործնական քայլերով թույլ չտալ, որ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցողները հակամրցակցային համաձայնություններով միասնական գնային քաղաքականություն թելադրեն:
8. Վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը՝ նպատակ ունենալով քաղաքացիների կենսաապահովման նվազագույն պայմանների ապահովումը և գնաճի ազդեցության մեղմումը:
9. Ձևավորել պետական ռազմավարական անհրաժեշտ պաշարներ քաղաքացիներին աղետներից և սոցիալ-տնտեսական ռիսկերից ապահովագրելու համար:
10. Հասնել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի, որպես մեկ միասնական հայության ամբողջացման՝ հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծմանը:

Նիստի վերջում առաջարկվեց, որ կառավարման նոր համակարգի ներդրումից հետո ճիշտ կլինի, եթե քաղաքական կոալիցիան համատեղ ամփոփի գործունեության մեկ տարվա արդյունքները և դրանք ներկայացնի Հայաստանի քաղաքացիներին:

01, փետրվար, 2018թ.

Տպել Տպել