- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Եթե Ծառուկյանն ընդունի ՀՅԴ յոթ կետերը…

[1] «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարում է, թե ՀՅԴ-ն կսատարի այն թեկնածուին, ով կհամաձայնի իրագործել իրենց ներկայացրած 7 կետերը: Ըստ որում` թեկնածուն կարող է լինել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ թե թերևս` այլընտրանքից, այսինքն` Գագիկ Ծառուկյանը: Իսկ ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը ՀՅԴ-ն չի միանում, քանի որ համարում է, որ այն թերի է:

– Պարոն Ռուստամյան, արդեն իսկ տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջադրվել: Ինչպիսի՞ն կլինի ՀՅԴ վերաբերմունքը դրան: Վերջերս ՀՅԴ-ն հանդիպել է ԲՀԿ-ականների հետ` քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում: Հնարավո՞ր է ՀՅԴ-ն սատարի Ծառուկյանին:

– Դաշնակցությունն ընդհանրապես այս խնդրում կկողմնորոշվի միայն այն բանից հետո, երբ որ առաջին անհրաժեշտ պայմանը կբավարարվի. որն է` համաձայնել յոթ կետերի շուրջ ձևավորված օրակարգի հետ:

– ԲՀԿ-ն անհամաձայնություն ունի՞ ձեր ներկայացրած կետերի հետ:

– Համաձայնություն նշանակում է ստանձնել այդ յոթ կետերի իրականացումը, հրապարակայնորեն հայտարարել, որ մենք գնում ենք ընտրությունների այս օրակարգով: Այդպիսի քայլ դեռ չի կատարվել: Երբ այդ քայլը չի կատարվել, մյուս բաների մասին խոսելն անիմաստ է:

– Որևէ հակասող բան կա՞ ԲՀԿ-ի առաջարկների և ձեր ներկայացրած յոթ կետերի միջև:

– Հակասողն ու չհակասողը ենթադրաբար չպիտի լինի: Դա պիտի ֆիքսվի հայտարարության ձևով, որ այո՛, էս է մեր համաձայնեցված օրակարգը: Այդպիսի քայլ դեռ չի կատարվել: Մենք հանդիպել ենք, ասել ենք մեր մոտեցումները, ասել ենք, որ նախ գաղափարը պետք է հստակեցվի, հետո խոսենք թեկնածուների մասին: Վերջնական ամփոփում տեղի չի ունեցել:

– Եթե ԲՀԿ-ն համաձայնի այդ օրակարգը ներառել իր կետերում, հնարավո՞ր է սատարեք:

– Ներառելու բան չի: Խնդիրն այն է, որ այս օրակարգն ամբողջական օրակարգ է, և բնականաբար այդ օրակարգին հակասող դրույթներ չեն կարող ներառվել դրանում: Այս օրակարգը հստակ ճանապարհ է ենթադրում` ինչպես երեք ուղղություններով երկրում կտրուկ փոփոխություններ իրականացնել` ազգային, ընկերավարական և ժողովրդավարական: Եվ էս օրակարգը եթե չի ընդունվում, մենք որևէ տարբերություն չենք տեսնում որևէ այլ թեկնածուի պարագայում հարաբերությունների մասով: Որովհետև էս իշխանություններն էլ չեն ընդունում այդ օրակարգը: Ինչ տարբերություն, թե որ դաշտից օրակարգը չի ընդունվում:

– Տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ում դեմ են Ծառուկյանի թեկնածությանը, չնայած որ և՛ ՀՅԴ-ն, և՛ ԲՀԿ-ն համարվում են պրոքոչարյանական ուժեր:

– Դաշնակցությունում այդպիսի խնդիր չի քննարկվել և չի քննարկվի այնքան ժամանակ, քանի պարզ չի, թե օրակարգի հետ կապված ինչպիսի համաձայնություն է առաջանում: Անձերի հարց չի քննարկվել Դաշնակցությունում: Բոլոր հարցերի պատասխանը կտա Գերագույն ժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի մեջ, և համաձայնեցումի ընթացքի ամփոփումից հետո մենք կներկայացնենք այնտեղ այն, ինչ որ կունենանք: Դրա հիման վրա որոշում կկայացվի:

– Ճի՞շտ է, որ ընտրություններին ընդառաջ ՀՅԴ-ն բանակցում է ինչպես ընդդիմության հետ, այնպես էլ իշխանության` մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ:

– Ոչ թե բանակցում է, այլ շատ հստակ հայտարարել ենք, որ մենք այս օրակարգը համաձայնեցնելու և ընդունելու կոչով դիմել ենք բոլորին անխտիր, այդ թվում նաև` իշխանության մաս կազմող կուսակցություններին և ՕԵԿ-ի հետ էլ հանդիպել ենք: ՀՀԿ-ի հետ էլ ենք պատրաստ հանդիպել, որովհետև մեր ցանկությունը իսկապես այս խնդիրները որքան հնարավոր է արագ լուծելն է: Եվ որքան լայն լինի համաձայնությունը, այնքան ավելի շուտ այդ խնդիրները կլուծվեն, և մեր նպատակին մենք կհասնենք: Եթե դրան կհամաձայնեն նաև ՀՀԿ-ականները և իրենց նախագահը և երաշխիքներ կտան, որ սրանք կիրականացվեն շատ հստակ ժամկետներում, մենք խնդիր չունենք: Անձերն էստեղ կարևոր չեն:

– Այսինքն` հնարավոր է սատարե՞ք Սերժ Սարգսյանին:

– Այո՛, եթե համաձայնի, որ սա պիտի իրականացնի, և դա արվի հստակ ժամկետներում, երաշխիքներ տրվեն դրա համար, մենք հարց չունենք:

– Իսկ առաջարկե՞լ եք Սերժ Սարգսյանին ստանձնել այդ կետերի իրականացումը` սատարման դիմաց:

– Սատարման դիմաց չի սա: Սա քայլերը կատարելու հանձնառություն է: Եթե մեր յոթ կետերը նայեք, կտեսնեք, որ թեկնածուն, որը կիրականացնի դրանք, չի գալու վայելելու նախագահի պաշտոնը, գալու է հրաժարվելու նախագահական համակարգից և այդ պաշտոնի բերած անսահմանափակ իշխանությունից: Մենք նախատեսել ենք մինչև 2015 թիվն անցնել խորհրդարանական կառավարման համակարգի: Նոր որակի քաղաքական համակարգի ձևավորման մասին է խոսքը:

– Կարծում եք` Սերժ Սարգսյանին այսօր պետք չի՞ ՀՅԴ սատարումը, որ չի շտապում արձագանքել:

– Չէ՛, այս օրակարգն իրականացնելը շատ լուրջ փոփոխություններ է ենթադրում իշխանական համակարգում: Էապես փոխել է նշանակում բնույթը իշխանությունների ձևավորման և գործունեության: Կգնա՞ն այդ համարձակ քայլին, թե՞ ոչ` այստեղ է խնդիրը: Իսկ եթե չեն գնա, դեմ են օրակարգին, մեր համար բոլորն էլ դառնում են նույնը` ուզում է իշխանության ճամբարից լինի կամ ընդդիմության: Դրա համար ինչո՞ւ սատարեմ: Ես իշխանություններին հակադրվում եմ այս խնդիրները չլուծելու համար, հիմա սատարեմ մեկին, ով չի՞ ընդունում այս հարցերի լրջությունը:

– Փաստորեն միայն ՀՅԴ-ն է՞, որ ընդունում է այդ հարցերի կարևորությունը:

– Այո՛, մենք համոզված ենք, որ այս հարցերը ամենաճիշտ օրակարգն են: Դա համոզումով ենք ասում, որովհետև այս օրակարգը չի ձևավորվել ոտքի վրա: Այստեղ հարցեր կան, որ մենք քսան տարի շարունակ պահել ենք օրակարգի վրա և համոզված ասում ենք, որ սա է ճիշտ ելքը ստեղծված իրավիճակից:

– Պարոն Ռուստամյան, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ ՀՅԴ-ն չի միանում ՀԱԿ-ին` Սահմանադրական դատարան դիմելու առթիվ և բավարարվում եք Էթիկայի հանձնաժողովին դիմելով, որը միայն գնահատական է տալու: Չէ՞ որ ՀՅԴ-ն էր այդ նիստի նախաձեռնողը:

– Նախ, եթե մենք միասին մի բան ուզում ենք անել, դա ենթադրում է նաև լսել գործընկերոջ առաջարկը և նկատի ունենալ նրա դիտողությունները: Բայց եթե պետք է հրամցվի մի փաստաթուղթ, որն անփոփոխելի է, որևէ առաջարկ չի ընդունվում, մենք էդպիսի ոճով չենք պատրաստվում որևէ մեկի հետ աշխատել: Մենք շատ հստակ ասել ենք, որ հարց ունենք թե՛ ՍԴ դիմումի բովանդակության հետ, թե՛ նաև հասունացման մարտավարական գործընթացի հետ, որով կարելի է ավելի ամբողջական դարձնել և հիմնավոր մեր դիմումը ՍԴ: Մենք էլ ենք ասել, որ կա հակասահմանադրականության հարց, բայց դա կատարելը պարտադիր չի այն ձևով և բովանդակությամբ լինի, որով մեզ ներկայացնում են որպես անփոփոխելի մի առաջարկ: Հարցը, որ ձևակերպվել է, թերի է, մեր կարծիքով, ամբողջական չի:

ՙԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ՚