Համագործակցության հարցը կորոշեն երկու կուսակցությունների ղեկավարները

Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «բացարձակ չունի պատկերացում» ապագա կառավարության կազմի վերաբերյալ, բայց նրա համար կարեւոր է վարչապետի ով լինելը, որովհետեւ դա «օրինաչափ հարց է, բնական է»։

«Գիտեք ի՞նչ, ժամանակը գա, բոլորը մեզ հայտնի կդառնա, մի բան հստակ է, որ մեծամասնություն ունեցող կուսակցությունից պետք է լինի վարչապետը։ Ինչպես կորոշեն էդ կուսակցությունը՝ իր ղեկավարով, դա կլինի մեր երկրի առաջին վարչապետը՝ խորհրդարանական կառավարմամբ»։

– Պարոն Լոքյան, վերջերս տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ եւ Բյուրոյի նիստում, ամփոփելով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մեկ տարին, դրականից բացի, մատնանշվեց նաեւ բացասականը, որ փոփոխությունների տեմպերը չեն գոհացնում ձեզ։

– Ես ասեմ, որ դա բացասական չէ, դա ավելի շատ էսօրվա խթանող, խրախուսող հայտարարություններից մեկն է, որ ավելի ինտենսիվացնեն երկրում իրականացվող բարեփոխումները։ Վերջին հաշվով, էս ամբողջ պրոցեսը բարեփոխումների բերած պրոցես է, որը պիտի իր արդյունքները տա, եւ բնակչությունը, հասարակությունն էդ բարեփոխումներին սպասում է եւ արդյունքներին է սպասում։ Սա է, որ Գերագույն մարմնի եւ Բյուրոյի հայտարարության մեջ ֆիքսված էր։ Նշված էր այն ամենը, ինչ այս ժամանակահատվածում դրական է։ Վերջին հաշվով, ամեն օր չէ, որ երկրում կարող է 7.7 տոկոս տնտեսական աճ է լինում, ամեն օր չէ, որ երկիրը կարող է քառասունքանի տոկոսով արտահանման ավելացում ունենալ։ Ուրեմն մեր ամբողջ նպատակը՝ հայտարարության խորքում, դա սոցիալական ոլորտին ուղղել ստացված արդյունքների որոշակի մաս։

– Դրա պատասխանատվության ու նաեւ շնորհակալության «դափնիներն» ավելի շատ ո՞ւմ են ուղղված՝ Հանրապետականի՞ն՝ որպես կոալիցիայի մեծ ուժ, թե՞ Դաշնակցությանը։

-Եթե Դուք ուշադիր հետեւեիք հայտարարության տրամաբանությանը, բացարձակապես Դաշնակցությունը չի բաժանվել Հանրապետականից, այսպես ասած՝ բեռ կրելու տեսակետից, եւ կարծում եմ՝ դափնիները բաժանելու խնդիր չկա։ Ավելի շատ մենք հավասարաչափ, հավասարազոր ուզում ենք ՀՀԿ-ի հետ այս երկրի պրոբլեմների կրողը, տանողը լինենք։

– Ասացիք՝ ՀՀԿ-ից չի բաժանվել ՀՅԴ-ն, բայց կարծես թե որոշ հարցերում նույնիսկ սերտաճել է ՀՀԿ-ի հետ։

-Չեմ կարծում։ Կուսակցությունները շատ դժվար են սերտաճում, եթե կուսակցություն են իրենց սկզբունքներով, իրենց կանոնադրությամբ եւ այլն։ Ինչ կասեք՝ ասեք, բայց Դաշնակցության սերտաճման մասին
չեք կարող ասել։

– ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ապրիլից հետո կշարունակվի՞, թե՞ ոչ։

– Դա նույնպես որոշելիք խնդիր է, որը կորոշեն երկու կուսակցությունների ղեկավարությունը։

– Ինքներդ հակվա՞ծ եք շարունակելու եւ աշխատելու, օրինակ, Սերժ Սարգսյանի կառավարությունում։

– Սիրով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

«Հրապարակ» օրաթերթ

Տպել Տպել