Ազգային էության մասին. Իշխանության ճգնաժամ

Nation-state հասկացությունը, որի հիման վրա առաջացել և աստիճանաբար կառուցվել է ժամանակակից պետությունների մեծ մասը, չի պարունակում այն իմաստը, որը մենք հասկանում ենք «ազգային պետություն» ասելով: Նույնիսկ հակառակը՝ nation-state հասկացությունը ենթադրում է, որ պետության հանդեպ հանդուրժողականությունը պետք է շատ ավելի բարձր լինի, քան հանդուրժողականությունը մյուս խմբավորումների հանդեպ՝ էթնիկական, կրոնական, դասակարգային, կլանային, ընտանեկան և այլն: Ստացվում է, որ պետության և ազգի նույնացումը կարող է կատարվել երկու ուղղությամբ:

1. Քո պետական պատկանելությունը, այլ կերպ ասած՝ քաղաքացիությունն էլ հենց քո ազգային պատկանելությունն է: Քո էթնիկական ծագումը կարևոր չէ. քո նախնիները կարող են ալժիրցի արաբներ լինել, ֆրանկների սերունդներ, Մալիից եկած սևամորթներ, ցեղասպանությունից մազապուրծ փրկված և Մարսել տեղափոխված հայեր, հռոմեական լեգեոներների ժառանգներ կամ երկու հազարամյակ Բրետանում ապրած կելտեր, միևնույն է՝ բոլորդ էլ ֆրանսիացիներ եք, քանի որ ֆրանսիական քաղաքացիություն ունեք: Դա էլ հենց nation-state հասկացությունն է:

2. Կա նաև ուրիշ մոտեցում. քո պետական պատկանելությունը թելադրվում է քո էթնիկական պատկանելությամբ: Դու գերմանացի ես, և քո պետությունը Գերմանիան է, ավելին՝ Գերմանիան գերմանացիների պետությունն է: Որքան էլ ինձ դուր գա այս վերջին մոտեցումը՝ ես չեմ մոռանում, որ այն կարող է գրավիչ և արդյունավետ լինել միայն ժողովրդավարական պետություններում, այդ պատճառով էլ Գերմանիայի օրինակն եմ բերում: Այն պետություններում, որոնք հեռու են ժողովրդավարական չափորոշիչներից, նման մոտեցումը, եթե բարձրացվում է բացարձակ ճշմարտության մակարդակի, դռներ է բացում ազգային փոքրամասնությունների հանդեպ դաժան խտրականությունների համար՝ ընդհուպ մինչև դրանց գոյության իրավունքի ժխտումը: Օրինակ՝ Թուրքիան, որն իր բոլոր քաղաքացիներին ստիպում է լինել թուրքեր՝ անկախ նրանից, թե ինչ ծագում ունեն: Կամ Ադրբեջանը, որտեղ թալիշ կամ լեզգի լինելը շատ անհարմարություններ է պատճառում: Իսկ հայ լինելն առհասարակ քրեորեն պատժելի է:

Այսօր Եվրամիությունը փորձում է քաղաքացիների հանդուրժողականությունը նոր՝ «Եվրոպա» վերպետական միավորման մակարդակի բարձրացնել: Նման միտումներ են նկատվում նաև Լատինական Ամերիկայում, որտեղ կառուցվում է «Մերկոսուրը» (հարավամերիկյան երկրների ընդհանուր շուկա, որը հիմնվել է 1991 թ., տնտեսական և քաղաքական համաձայնություն` Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Պարագվայի և Վենեսուելայի միջև խմբ.): Բայց պետություն հասկացության հանդեպ զանազան մոտեցումների բոլոր օրինակների հիմքում մեկ ընդհանուր կանոն է՝ իր հանդեպ հանդուրժողականության պատշաճ մակարդակ ապահովելու և իր գործառույթները հաջող իրականացնելու համար պետական իշխանությունը պետք է գոնե նվազագույն հեղինակություն ունենա:

Ըստ այս աքսիոմայի՝ ո՞րն է այսօրվա հայկական հասարակության հիմնական ներքին խնդիրը: Մի կողմ թողնենք ակնհայտ պատասխանները՝ ինքնամաքրումը, ընտրազանգվածը՝ ազգի, բնակչությունը՝ հասարակության վերածելը և այլն: Այդ ամենի մասին մենք արդեն խոսել ենք նախորդ հոդվածներում և դրանք իհարկե անհրաժեշտ են: Բայց ինչպե՞ս հասնել այդ ամենին: Ինձ թվում է՝ նախևառաջ պետք է փոխել իշխանության մեր ընկալումը, մեր վերաբերմունքն իշխանության հանդեպ: Մեր հայկական իշխանության: Խոսքը ոչ որոշակի թիմի, ոչ էլ որոշակի անհատների մասին է: Խոսքն իշխանությունը սիրելու կամ ատելու մասին չէ:

Եվ սերը, և ատելությունը կարող են լինել ընդամենը հասարակության արձագանքն այն բանի հանդեպ, թե հատկապես ինչպես է իշխանությունն իրականացնում այդ հասարակությանը ղեկավարելու՝ նույն հասարակության կողմից տրամադրված իրավունքը: Խնդիրը ոչ թե վարչական-կառավարչական է, այլ ավելի շատ՝ փիլիսոփայական: Քանի որ այն դեպքերում, երբ կառավարելու իրավունքը տրամադրված չէ հասարակության կողմից՝ իշխանությունների և դրանց վերաբերող ամեն ինչի հանդեպ վերաբերմունքն այլևս չի հիմնվում քաղաքացիական կամ հայրենասիրական զգացմունքների վրա և անցնում է լավագույն դեպքում կենցաղային մակարդակի, իսկ երբեմն էլ՝ պարզապես լիակատար ապատիայի և քամահրական անտարբերության ոլորտ:

Կա սոլժենիցյան մի հին բանաձև՝ հայրենասերը, ով սիրում է իր հայրենիքը, պարտավոր չէ սիրել նաև նրա ցանկացած կառավարություններին: Դա ճիշտ է, բայց այս հարցում էլ, ուշադրություն դարձրեք, խոսքը հայրենիքի կամ կառավարության հանդեպ զգացմունքային վերաբերմունքի մասին է: Իսկ երբ կառավարության հանդեպ վերաբերմունքը տարիներ շարունակ հիմնվում է լիակատար անտարբերության վրա, երբ իշխանությունների գործունեությունը դադարում է որևէ հետաքրքրություն ներկայացնել, ապա զգացմունքների բացակայությունը տխուր անխուսափելիությամբ սկսում է տարածվել նաև հայրենիքի վրա:

Իշխանությունները պետք է վերադարձնեն իրենց հեղինակությունը: Նրանք հենց հեղինակության պակաս ունեն, և հենց դա է մեր տխուր ժառանգությունը, որն սկիզբ է առնում դարերի խորքից: Չկա այն սյունը, որի շուրջ հնարավոր կլիներ կառուցել Ավանդույթը: Մենք՝ համաքաղաքացիներս համ հայրենակիցներս (որ տարբերակը կամենաք՝ ընտրեք), չենք կարող պարզապես վերցնել և իշխանություններին հեղինակություն նվիրել. իշխանություններն իրենք պետք է նվաճեն այն: Դրա համար անհրաժեշտ են երեք հատկանիշներ:

Մեկի մասին արդեն գիտեք՝ քննարկել ենք էլիտայի մասին հոդվածներում՝ դա իշխանությունների՝ իշխանությունից կամավոր հրաժարվելու ունակությունն է: Այս հարցում մեր երկրում լրիվ փակուղի է: Իշխանության ճգնաժամն այն է, երբ նա չի կարողանում հեռանալ:

Բայց կա նաև ուրիշ հատկանիշ՝ ոչ պակաս կարևոր: Դա կոմպետենտությունն է:

Եվ երրորդ հատկանիշը՝ պատասխանատվության զգացումը:

Դրանց մասին մենք կխոսենք հաջորդ համարում:

Վ. ՄԱՐԻՆՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ

Տպել Տպել