- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ռեյտինգային համակարգը ժողովրդավարական չէ

[1]ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ-ում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում, անդրադառնալով այն հարցին, թե ժամանակին կողմ քվեարկելով ռեյտինգային ընտրակարգ ներկայացնող օրենսգրքին, հիմա ինչու են հանդես գալիս այն փոփոխելու առաջարկով, նշել է.

«Մեզ համար շատ կարևոր էր ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու խնդիրը, և մենք հանուն կոնսենսուսի կողմ քվեարկեցինք Ընտրական օրենսգրքին»:

Ռուստամյանն ընդգծել է, որ իրենք դեմ են եղել ռեյտինգային ընտրակարգին, որովհետև դա շեղում էր դասական համամասնական ընտրակարգից:

«Մենք կողմ էինք վերապահումով»,-նշել է պատգամավորը:

Հարցին, թե արդյոք իրենք կողմ են ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանել է, որ համամասնական ընտրակարգի երկու տարբերակ կա ընդունված. իրենք կողմ են, որ որևէ տարբերակի վրա կենտրոնանան:

«Տարբերակներից մեկով՝ բաց ցանկի ռեյտինգով է որոշվում, թե ստացած մանդատներն ինչպես պետք է բաշխվեն կուսակցության անդամների միջև: Կուսակցությունը 10 մանդատ է ստացել, բայց պատգամավոր պետք է դառնան ոչ թե առաջին տասը, ինչպես գրված է ցանկով, այլ ընտրողը պետք է որոշի, թե հատկապես որ տասը: Դրա համար ընտրողը քվեարկում է նաև անձին: Երկրորդ տարբերակը դասական փակ ցանկն է, որը մենք բազմիցս կիրառել ենք: Կուսակցությունն ինչպես գրել է ցանկը, ներկայացրել է, ըստ մանդատների քանակի էլ այդ կուսակցությունից դառնում են պատգամավոր: Մեզ մոտ ռեյտինգայինն է, բայց ռեյտինգը, ըստ էության, վերաբերում է ոչ թե անձին, այլ տարածքներին»:

Արմեն Ռուստամյանը հիշեցրել է, որ ունեինք 13 տարածք, այդ 13 տարածքով էլ կատարվում էր ռեյտինգավորումը, որից հետո տվյալ տարածքում առաջադրված թեկնածուին էր հասնում մանդատը: Սա, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, անուղղակի ռեյտինգավորում է:

«Ընտրությունները ցույց տվեցին, այս մասին մենք զգուշացնում էինք, որ մանդատ է ստանում մեկը, որն ավելի քիչ ձայն է ստացել, քան մյուսը: Սա չի կարող ժողովրդավարական համարվել, քանի որ ընտրության իմաստը ձայների քանակ հաշվելն է և ըստ ձայների քանակի մանդատ ստանալը: Այսինքն՝ անուղղակի ձևով, ինչ է թե այդ տարածքում թեկնածուն շատ ձայն է ստացել, մանդատ է ստանում, իսկ մեկ այլ տեղում մեկ ուրիշը մի քանի անգամ ավելի շատ ձայն է ստացել, բայց չի կարողանում մանդատ ձեռք բերել: Այդ փաստը մենք ունենք»,- եզրափակել է Արմեն Ռուստամյանը:

Մենք հանդես ենք եկել մեր իսկ ընդունած և համաձայնեցրած քաղաքական կոալիցիայի հուշագրի կատարման ընթացքը գնահատելու նախաձեռնությամբ, որը նախատեսված է հենց նույն հուշագրով, ասել է
Արմեն Ռուստամյանը:
[2]
Նրա ձևակերպմամբ՝ հուշագրով նաև նախատեսված է, որ պետք է իշխանության բոլոր մարմինները թափանցիկ գործեն, հաշվետու լինեն:

«Մեզ անընդհատ հարցնում են՝ դուք կոալիցիա եք կազմել, ունեք հարցեր, որոնք պետք է իրականացվեն. ձեր կարծիքով՝ ի՞նչ է իրականացվել: Ընդհանրապես բավականին ժամանակ է անցել, շուտով մեկ տարին կլրանա, որ կոալիցիան արդեն ձևավորվել է: Մենք ապրիլին ունենք կարևորագույն իրադարձություն: Հենց այս կոալիցիայի ձևավորման իրական դրդապատճառն էլ հենց դա է եղել, որ անցնենք նոր համակարգի, և դա պետք է տեղի ունենա ապրիլի 9-ին:

Սա ամենալավ ժամանակն է հասկանալու համար, թե որտեղ ենք, ինչ խնդիրներ ունենք, ինչ չկատարված, չլուծված խնդիրներ ունենք և ինչ անելիքներ ենք մենք տեսնում»:

ՀՅԴ ներկայացուցչի բնորոշմամբ՝ իրենք տեսնում են մինչև հիմա ունեցած ձեռքբերումները և այն մասը, որ գոհացուցիչ չեն, կամ կուտակված խնդիրները չեն լուծվում այն արագությամբ, որ նորից վստահություն առաջանա հասարակության մեջ նույն կոալիցիայի և նրա կատարած քայլերի նկատմամբ:

«Ամենակարևոր հարցերից մեկն է սա: Տասնյակի չափ կարևոր հարցեր կան: Դաշնակցության Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստից հետո հայտարարությունում նշվել է, որ ցանկանում ենք առաջիկայում Հանրապետական կուսակցության հետ ամփոփել կոալիցիայի գործունեության մեկ տարին: Ի՞նչ է դա ենթադրում: Ամփոփել, թե ինչ է արվել, ինչ չի արվել, հնարավոր է՝ ինչ-որ վերանայումներ արվեն հուշագրում, թե ոչ: Մենք տվել ենք մեր գնահատականը, բայց ճիշտ և լիարժեք կլինի, որ այն կոալիցիան կատարի»:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ կոալիցիան բաղկացած է երկու կողմից, և ճիշտ կլինի, որ այս ընթացքը կոալիցիան իր խորհրդի նիստում գնահատի: Այդ ժամանակ ՀՀԿ-ն էլ իր ասելիքը կհայտնի. ՀՅԴ-ի գնահատականների հետ կարող է համաձայնել, կարող է չհամաձայնել, քննարկում կլինի, և կոալիցիայի կողմից լիարժեք գնահատականը կհնչի:

«Մենք պետք է թափանցիկ գործենք, որը նույն կոալիցիոն գործընթացի պահանջն է, բայց նաև հնարավոր է ժողովրդին ցույց տալ, թե այս կոալիցիան ինչ դեր ունեցավ այս ընթացքում, և ինչ խնդիրներ են լուծվել: Մենք կարծում ենք, որ որոշ հարցերում պետք է գործին թափ հաղորդել, խորքային բնույթ տալ, որպեսզի այն խնդիրները, որ մնացել են չլուծված, լուծվեն: Սա անհրաժեշտ պահանջ է ցանկացած համագործակցության մեջ»,- ընդգծել է Ռուստամյանը:

tert.am