Երեւանի բժշկական համալսարանը ձեռք է բերում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերի 90,5 տոկոսը

«Երեւանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերի 90,5 տոկոսը: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության փետրվարի 15-ի նիստում: Որոշման նախագիծը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Բժշկական համալսարանի սեփականությանը կանցնի յուրաքանչյուրը 1000 դրամ արժեքով 152808 սովորական բաժնետոմս: Գործարքի գումարը կկազմի 2,5 մլրդ դրամ: Գործարքի արդյունքում Բժշկական համալսարանին կփոխանցվեն ինստիտուտի 32 հազար քառ.մետր ընդհանուր մակերեսով շենքերը:

«Ինստիտուտի հիմքի վրա կստեղծվի հզոր կլինիկական կենտրոն: Լրացուցիչ մակերեսները հնարավորություն կտան ընդլայնել Բժշկական համալսարանի արտադրական, կրթական, բժշկական գործունեությունը, ինչպես նաեւ կմեծացնեն ուսանողական հանրակացարանների տարածքը»,- նշեց նախարարը:

Նա հայտնեց, որ այս շենքերի վերանորոգման եւ տեխնիկական վերազինման համար 1940 մլրդ դրամ կպահանջվի, որը համալսարանը մտադիր է ներգրավել արտոնյալ պայմաններով վարկով, մասնավորապես՝ մարման 10 տարի ժամկետի դեպքում տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով:

Այս որոշումը համապատասխանում է Բժշկական համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրին: Նախարարի խոսքով՝ սա հնարավորություն կտա մինչեւ 2022 թվականը 5 անգամ մեծացնել կրթական ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտները, ուսանողների եւ կլինիկական օրդինատորների թիվը 1607-ից մինչեւ 6900 մեծացնել՝ գրեթե 3 անգամ, բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի ամսական միջին աշխատավարձը (հիմա այն կազմում է 216 հազար դրամ), գիտական գործունեությունից ստացվող եկամուտները մեծացնել տարեկան մինչեւ 730 մլն դոլար: «Ներկա պահին Բժշկական համալսարանի յուրաքանչյուր 4-րդ ուսանողն արտասահմանցի է, նրանք ժամանում են մոտ 30 երկրից»,- հավելեց նախարարը:

news.am

Տպել Տպել