[1]Հայաստանում լրատվամիջոցներ կան, ( էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թեեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անվանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակությունները կրկին աշխուժացել են Դաշնակցության հասցեին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնհայտ է, առաջիկա ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխություն, որին էլ կհետեւի նոր կառավարության ձեւավորումը՝ արդեն առկա կամ փոփոխված կամ նոր ձեւաչափով: Ուրեմն այս դեղին մամուլը կամ նրա տերերն ու պատվեր իջեցնողները «մեծ իրադարձությունների» նախօրյակին «լուրջ» խնդիր են դրել իրենց առջեւ՝ ցույց տալ Դաշնակցությանն իր տեղը, սեպ խրել գործող կոալիցիոն գործընկերության արանքում, Դաշնակցությանը ներկայացնել որպես անհուսալի, թիկունքից հարվածելու ընդունակ ուժի:
Նպատա՞կը՝ գուցե հաջողվի փչացնել կոալիցիա կազմած ուժերի հարաբերությունները, հասնել նրան, որ կառավարման ոլորտում Դաշնակցության մասնակցությունը սահմանափակվի կամ ընդհանրապես բացառվի բարձրագույն իշխանության մեջ ներկայությունը եւ… եւ երջանկանալ դրանով: Ով գիտե, գուցե հաջողվի նաեւ նրանց տեղը գրավել՝ հայտնի ճշմարտություն է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում:
Մարդիկ, ինչպես տեսնում ենք, «վեհ» նպատակ են դրել իրենց առջեւ եւ հանուն դրա պատրաստ են ամեն ինչի: Միայն լավ կլիներ մի փոքր թարմացնեին իրենց մտքի ու ասելիքի զինանոցը:
Չէ որ նրանք, ովքեր քիչ թե շատ հետեւում են լրատվամիջոցների եւ, որոշակի տեսանկյունից, մեծ լվացքատուն հիշեցնող սոցցանցերի ընթացքին, վաղուց գիտեն, որ Դաշնակցությունը, անկախ նրանից, թե որ դաշտում է գործում, միշտ ընդգծել է, որպես քաղաքական առանձին ուժի իր ինքնուրույնությունը: Ամենակոշտ ընդդիմություն եղած ժամանակ անգամ Դաշնակցությունն այնպես չի «խփել» իշխանություններին, որ հարվածը դիպչի պետությանը եւ իշխանություն եղած ժամանակ չի խուսափել ասելուց, որ այս կամ այն հարցում իր կարծիքը տարբեր է, կամ թե դժգոհ է այս կամ այն քայլից ու նախաձեռնությունից, եթե անգամ դրա հեղինակը իշխանությունն է կամ իր այլ գործընկերը: Ընդ որում ինչ որ ասել ու արել է դրսեւորել է միայն բաց ձեւով, ոչ մեկին անակնկալի չի բերել եւ մանավանդ թիկունքից չի հարվածել: Այս գործելաձեւի շնորհիվ էլ շատերի պես յոթ կաշի չի փոխել, անկախության գրեթե երեք տասնամյակի ընթացքում աջից-ձախ, գլխիվայր եւ այլ ցատկեր չի կատարել: Այդ իսկ պատճառով նա եղել է միշտ կանխատեսելի եւ նույն այդ պատճառով հարգանք է վայելել, թե՛ գործընկերների, թե՛ նույնիսկ օտար հակառակորդների ու անգամ թշնամիների մոտ:
Հիմա, հին սազն առած, մեր «դեղնամորթները» նորից սկսել են.«Արմեն Ռուստամյանն ասաց թե ռեյտինգայինին դեմ ենք, Երեւանի քաղաքային կոմիտեն դատապարտեց, բա իրենց ներքի՞ն հարցերը…ուրեմն, սա վերջնագիր է, սա պահանջագիր է, ամեն ինչ վերջացած է…»:
Առաջարկում եմ նայել ոչ թե մեկ-երկու, այլ երեք-չորս ամիս առաջվա Դաշնակցության դիրքորոշումներն ու արտահայտությունները տարբեր հարցերի վերաբերյալ, ավելի հետ գնալ՝ ամիսներ եւ տարիներ, մի՞թե նույն բանը չենք տեսնի: Այդ ե՞րբ Դաշնակցությունը ինքնուրույն կարծիքներ չի ասել, որոնք կարող էին տարբեր լինել, կամ ե՞րբ չի քննադատել ու անգամ իշխանությունների առջեւ պահանջներ չի ներկայացրել, երբ երկրում ոչ արդյունավետ, արտառոց, հակահասարակական ու հակաօրինական գործընթացներ ու դեպքեր են տեղի ունեցել:
Իսկ ընդհանրապես համախոհությունը չի նշանակում միագույնություն, կամ միաձայնություն, ինչը ի դեպ, հետեւում է Դաշնակցությանը տարբերվող խոսքի վրա «բռնեցնողների» աղմուկից, որն անկասկած արվում է ժողովրդավարության անունից, իրականում աղճատելով ժողովրդավարության եւ բազմակարծության ըմբռնումն ու տառը:
Վերջում հայտնեմ ափսոսանքս նրա համար, որ մեր «դեղնամորթները» դարձյալ ոչնչի չեն հասնելու եւ ավելի շատ նրա համար, որ «մեր» դեղնամորթները», ծանոթ ուրիշ «դեղնամորթների» համեմատ, այսքան «կարճահասակ» էլ մնացին:
Արտաշես Շահբազյան