Ազատ չէ այն մարդը, որ ենթակա է իշխող խավի կողմից ստեղծված օրենքներին

Խաժակ Տեր-Գրիգորյանի խոսքը` Մայիս 28-ին նվիրված տոնակատարության օրվա առիթով

Այսօր հանդիսավորապես ամբողջ հայ ժողովուրդը ազգովին, իսկ Հայաստանի մեր ժողովուրդը՝ պետականորեն, նշում է մեր նորագույն պատմության մեծագույն իրադարձության տարեդարձը:
1918 Մայիսի 28. Մի թվական, որ անկյունադարձ հադիսացավ հայ ժողովրդի կյանքում և արժանի պսակումը դարձավ նրա մղած կենաց ու մահու ամեհի պայքարի՝ ստրկությունից նրան առաջնորդելով ազատության ու անկախության:

Պատմական իրադարձությունները, որքան էլ անկյունադարձային լինեն նրանք, չեն կարող առաջնորդող լուսաստղ հանդիսանալ սերունդների համար, չեն կարող շարունակական ներկայություն լինել ժողովուրդների կյանքում, եթե նրանք հագեցած չեն անժամանցելի, բոլոր ժամանակների համար հավասարարժեք գաղափարներով:

Մայիսի 28-ը ոչ միայն քաղաքական իմաստով անկյունադարձ հանդիսացավ մեր կյանքում, այլև իր մեջ խտացնելով բոլոր ժամանակների ամենավեհ գաղափարները՝ ազատությունն ու անկախությունը, որպես պայծառ աստղ շողաց հայոց երկնակամարում և պիտի շարունակի շողալ այսուհետև ևս մինչև հավիտյան, քանի-որ մարդ անհատի եւ ժողովուրդների ազատության գաղափարը, երկրների անկախության գաղափարը, պատկանում են հավերժության և նրանցից ավելի բացարձակ արժեքներ չկան մարդկային իրականության մեջ:

Մայիսի 28-ը փաստորեն այն պարունակն է, որ իր մեջ պարունակում է Հայ ժողովրդի դարավոր իղձերի հանգանակը: Մեր պատմությունը վկա, թե ո՜րքան արյուն է հոսել, ո՜րքան կյանքեր են զոհաբերվել մեր հայրենի հողի վրա՝ նվաճելու մարդկային իրավունքներից նվազագույնը և ամենավեհը՝ ազատությունը: Ո՜րքան ճիգ ու ջանք է թափվել ձեռք բերելու ազգային ու պետական անկախություն, և ո՜րքան արյուն-քրտինք է հոսել պահպանելու ձեռքբերվածը:

Մեր ժողովրդի պատմությունը, կարծես, օրինաչափ հերթագայությունն է կյանքի, ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարների: Այդ բոլոր գաղափարների, ձգտումների ու նրանց համար մղված մաքառումների ամբողջական հանգանակն է Մայիսի 28-ը:

Այդ հանգանակը յոթանասուն տարիներ շարունակ ապրեց աքսորում, տարագրության մեջ: ՀՅ Դաշնակցությունը որպես ավանդապահը այդ գաղափարական հանգանակի աչքի լույսի պես փայփայեց ու պահպանեց՝ պատնեշ կանգնելով այն բոլոր նկրտումների դեմ, որոնք աջից ու ձախից փորձում էին ջախջախել ու ոչնչացնել այն՝ նրանում նկատելով այն ամենավտանգավորը, որ կարող էր ի վերջո փշրել բռնության շղթաները: Եւ իրավամբ, ո՞վ կարող է թշնամանք ունենալ ազատության ձգտումի դեմ, եթե ոչ բռնությունն ու բռնակալը:

Դաշնակցությունը այսօր սրտի անհուն գոհունակությամբ հրճվում է ի տես այն իրողության, որ ի կատար է ածել իր արթուն պահակի պարտականությունը և այդ գաղափարները այսօր վերադարձվել ու հանձնվել են սեփական ժողովրդի խնամքին: Սակայն Դաշնակցությունը չի կարող այսուհետև ևս արթուն կերպով չհսկել այդ հանգանակի անշեղ իրագործման վրա և պահանջատեր չհանդիսանալ Մայիսի 28-ով մարմնավորվող ամբողջական ու Միացյալ Հայաստանի գաղափարի նկատմամբ:

Դաշնակցությունը հրճվում է, երբ ուժեղին ու տիրակալին քծնող, հլու կերպով նրա կամքը կատարող ուժերը, այսօր դարձի են գալիս և ոչ միայն ընդունում են Մայիսի 28-ով մարմնավորվող՝ ազատ ու անկախ Հայաստանի գաղափարը, հայոց ազգային եռագույն դրոշը, արծվառյուծ զինանշանն ու «Մեր Հայրենիք» օրհներգը, այլև նախաձեռնում են իրենց իսկ ձեռքով Հայաստանի իշխանություններին հանձնել այն եռագույն դրոշը, որի դեմ յոթանասուն տարի շարունակ անհաշտ պայքար էին մղել հենց իրենք՝ պղտորելով հայ ժողովրդի արյունը:

Ճշմարտությունը միշտ և ամենուրեք հաղթանակ է: Հաղթանակը Դաշնակցության գաղափարներն են: Ճշմարիտ գաղափարներն են, որ նվաճում են հաղթանակը:

Հասկանում ենք նաև, որ կգա ժամանակը, և այն շատ չի ուշանա, երբ Հայաստանը իր բոլոր խաւերով, իր մեծով ու փոքրով տեր կկանգնի Միացյալ Հայաստանի Գաղափարին: Կգա օրը, երբ Հայապատկան Հողերի պահանջատիրությունը կդառնա հայ ժողովրդի անզիճելի մտասևեռումը և քանի դեռ գաղափարն ևս չի դարձել պաշտոնական պահանջ, Դաշնակցությունը պիտի շարունակի մնալ առաջամարտիկը ու պահակը Միացյալ Հայաստանի գաղափարի և պահանջատերը Հայապատկան հողերի միացման:

Ի վերջո, պիտի հաղթանակի գերագույն իդեալը և պիտի ստեղծվի Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան:

Մինչ այդ սակայն, հայ ժողովրդի առջև ծառանում են բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են շուտափույթ լուծում, աչալրջություն ու զգոնություն:

Այսօր առաջնահերթը Արցախի հարցն է, քանի դեռ լուծված չէ այն – իր վրա սևեռված պիտի պահի համայն հայության, և Հայաստանի իշխանությունների ուշադրությունը: Արցախը որպես հայկական հող իր զուտ հայ բնակչությամբ ամեն իրավունք ունի իր սեփական ճակատագիրը տնօրինելու յուրովի, ազատ ու անկաշկանդ վարելու իր կյանքը, ճշտելու իր տեղը ազգերի ընտանիքում:

Դժբախտաբար հայ ժողովրդի շահերը Արցախյան հարցում համընթաց չեն Անդրկովկասի նկատմամբ քաղաքական նկրտումներ ունեցող մեծ ու փոքր բազմաթիվ պետությունների հետ: Հայ ժողովրդի շահերը բախվում են նրանց շահերին և բոլորը միահամուռ փորձում են ճնշել մեր «փոքրիկ ածու»-ն, որպեսզի կորզեն զիջում մեզնից, որպեսզի անձնատվության մղեն մեզ ազգովին:

Այն վայնասունը, որ ամբողջ աշխարհով մեկ բարձրացվեց հայ ժողովրդի դեմ՝ Խոջալուի կամ Լաչինի ազատագրման կապակցությամբ, այն աղմուկը, որ հարուցեց ընդդեմ հայության, քանի որ նա համարձակություն էր ունեցել Սադարակի բարձունքներում լռեցնելու նախահարձակ ադրբեջանցիների ռազմական կրակակետերը, պարզ ապացույց է այն բանի, որ Անդրկովկասով շահագրգռված մեծ ու փոքր պետություններ, Թուրքիան, Ամերիկան, Իսրայելը և նրանց շահակից պետությունները հայության մեջ նշմարում են մի ինչ-որ ներուժ, վտանգ, որով եւ փորձում են Հայաստանը պահել այնպիսի պայմաններում, որը թույլ կտա նրանց ցանկացած պահի ճնշել, պաշարել ու կամք պարտադրել:

Դժբախտաբար հայ ժողովրդի մեջ կան անձնավորություններ, նույնիսկ պետական շրջանակներում, որ պարտվողական տրամադրությամբ տուրք են տալիս կոնֆորմիզմին ու հաշտվողական վարքագծով պատրաստ են զիջելու ամեն բան, հրաժարվելու վերջին նվաճումներից, վերադառնալու 1988-ի փետրվարից առաջ գոյություն ունեցող վիճակին՝ Արցախն ու արցախահայությունը թողնելով Ադրբեջանի ճիրաններում: Իրատեսության պատրվակով այս գաղափարի առաջ քաշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ջուր լցնել թշնամու ջրաղացը:

Արյուն քրտինքով, հազար զոհաբերությամբ նվաճված Շուշին թշնամուն յանձնելու մտածումն իսկ պիտի նկատվի դավաճանություն:

Այս զանազան ու խայտաբղետ պետությունների խաչաձևող շահերի բավիղներում զիջումներ չկատարելու համար:

Հայաստանը պարտավոր է լինել հզոր: Հզոր մարտի դաշտում, հզոր՝ դիվանագիտության ասպարեզում, հզոր՝ առևտրի մեջ, հզոր՝ տնտեսապես և քաղաքականապես:

Հզորանքը, սակայն երկնատուր պարգև չէ: Հզորանալ կարելի է հետևողական, անդուլ աշխատանքով, ծրագրավորումով ու նախատեսումներով: Հզորանքի կերտման մասնակից պիտի լինի անպայմանորեն ժողովուրդը: Սակայն հզորանք իրականում պիտի ստեղծի պետությունը՝ օգտագործելով ժողովրդական ամեն կարգի ներդրումները: Կառավարությունները պատասխանատու են ժողովրդի առջև իրենց այն բոլոր քայլերի համար, որոնք այսպես կամ այնպես խոտոր են համեմատվում հզորանքի տանող քայլերին:

Մեր իշխանությունները բնականաբար պատասխանատու են ստեղծել ազգային բանակ, որպեսզի հայ մարդը կարողանա գլուխն ապահով բարձին դնել, որպեսզի հայ գյուղացին առանց վարանումի իր հողը հերկի, որպեսզի արցախցին ստիպված չլինի շարունակ զենքը ուսին անցնել Ստեփանակերտի փողոցներով:

Հայաստանի իշխանությունները պատասխանատու պիտի լինեն ապագա սերունդների առջև, եթե հզորանք ստեղծելու գործում թերացում արձանագրեն և պատճառ դառնան տարածքային, նյութական եւ մարդկային կորուստների: Այն բոլոր անհաստատ քայլերը, որ այսօր կատարում են մեր իշխանությունները հայկական բանակի ստեղծման ուղղությամբ իրենց կշռույթով ու կազմակերպության որակով միայն կարող են հուսախաբություն պատճառել մեր ժողովրդին:

Հայրենի երկրի ու ժողովրդի պաշտպանությունը սրբազան գործ է, որի մեջ թերացողը չի կարող զերծ մնալ ժողովրդի անողոք դատաստանից:

Հզորանքը, սակայն, բռնություն չէ: Ազգային հզորանքը հավաքական երևույթ է: Իշխանությունները հզոր են, եթե ժողովուրդը կանգնած է իշխանության թիկունքին, իսկ դրան կարելի է հասնել միայն ժողովրդին ծառայելով համոզիչ կերպով ցույց տալով նրան, որ իշխանությունները առավել մտահոգված են ժողովրդի ու երկրի բարեկեցությամբ ու ապահովությամբ, քան սեփական մորթով ու փառքով:

Այն իշխանությունները, որոնք հզորանքի պատրանք ստեղծելու համար կբռնանան ժողովրդի դեմոկրատական իրավունքների վրա, կապանք կդնեն մարդկանց շուրթերին անհանդուրժողություն կցուցաբերեն քննադատության նկատմամբ, բրտության կդիմեն լռեցնելու ամեն խոսք ու միտք, որ տարակարծիք է պաշտոնական մտածողության, կստեղծեն ահաբեկումի մթնոլորտ ու մարդկանց կմղեն ինքնագրաքննության, պետության մենաշնորհը կհաստատեն զանգվածային հաղորդակցական միջոցների վրա, կկաշկանդեն մարդկային ազատությունները, չեն կարող ստեղծել իրական հզորանք սեփական երկրի, սեփական ժողովրդի համար:

Եթե մեր իշխանությունները հետևում են Մայիսի 28-ի գաղափարական հանգանակին, ապա պարտավոր են հարգել մարդկային տարրական իրավունքների ու ազատությունների սկզբունքը, որով կհզորանան առավել, որով իրենց թիկունքին կունենան ժողովրդին: Պետք չէ մոռանալ, որ առավել կայուն են այն միասնությունները, որոնք ունեն ներքին հակասություններ:

Ազատ մարդու իրավունքները շատ ավելի ընդարձակ են, քան կարելի է պատկերացնել: Կարելի է պատկերացնել անշուշտ կապանքներում փակված մարդու, որ մտածում է ազատորեն, խոսում է ազատորեն, գրում է ազատորեն՝ առանց ի նկատի ունենալու հետևանքները:
Բայց դա ազատություն չէ:

Ազատ չէ այն մարդը, որ կաշկանդված է նյութական, տնտեսական ու ֆիզիկական կապանքներով: Ազատ չէ այն մարդը, որ ենթակա է իշխող խավի կողմից ստեղծված օրենքներին: Ազատ չէ նա, ով շահագործվում է ուրիշ մարդկանց կողմից:

Ինչ խոսք, որ ամեն մարդ իրավունք ունի օգտվելու հասարակության ընձեռած հնարավորություններից: Պետությունը պարտավոր է կազմակերպել հասարակական կյանքը այնպես, որ սոցիալական արդարությունը տարածվի յուրաքանչյուր քաղաքացու վրա, որ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի լինի իր կարողությունները ամբողջապես, անմնացորդ կերպով տրամադրել հասարակության, ժողովրդի ու ազգի վերելքին:

Սխալ ըմբռնված «շուկայական ազատ հարաբերություններ»-ը եւ այդ թյուրըմբռնման հետևանք սխալ գործարքները, նոր քաղքենի դասակարգի գոյացման պրոցեսը, սեփականաշնորհման գծով կիրառված ոչ իրատես քաղաքականությունը ի վերջո պիտի հանգեցնի, գերակշիռ մեծամասնության տնտեսական ազատազրկության:

Միանգամայն ճիշտ է, որ նախորդ վարչակարգի ժամանակ, բացի նոմենկլատուրայի փոքրաթիվ խավից, ամբողջ ժողովուրդը գտնվում էր տնտեսական ազատազրկության ճիրաններում: Բայց, եթե ճիշտ չկազմակերպվի Հայաստանի տնտեսական կյանքը, բան չի փոխվի և վաղը մենք ականատես պիտի լինենք միևնույն երևույթին այն տարբերությամբ, որ կուսակցական նոմենկլատուրային կփոխարինի մաֆիական նոմենկլատուրան:

Իսկ ժողովո՞ւրդը:

Ժողովուրդը պիտի մնա տնտեսական միևնույն վիճակում, տնտեսական կախվածության ճիրաններում, թերևս տնտեսապես ավելի ծանր պայմաններում, քանի որ շուկայական անիշխանության մամլիչ անիվը առաջին հերթին իր ծանրությունը պիտի զգացնի տնտեսապես տնանկ խավին:

Ով հավատում է մարդկային ու դեմոկրատական ազատությունների արդարությանը, չի կարող անտարբեր գտվել մարդու տնտեսական ազատությունների նկատմամբ: Առավել ևս՝ պետությունները:

Հայաստանի կառավարության սեպուհ պարտականությունն է ստեղծել տնտեսական այնպիսի մեքենա, որ ի վիճակի լինի կերտել տնտեսապես ազատ մարդ՝ բարեկեցիկ ու ապահով պայմաններ, որպեսզի չգտնվի Հայաստանում թեկուզ մի մարդ, որ զուրկ լինի աշխատելու հնարավորությունից:

Մայիսի 28-ը ամեն բանից առաջ Հայաստանի անկախության տոնն է: Հայ ժողովրդի համար անկախության ձգտումը գալիս է դեռևս վաղնջական դարերից և խտանում Հայկ Նահապետի կերպարում:
Անկախության համար հայ ժողովուրդը անհավասար մարտեր է մղել իր պատմության բոլոր շրջաններում:
Այսօր ևս հայ ժողովուրդը մղում է իր ազգային-ազատագրական պայքարը՝ հասնելու համար պետական անկախության: Արցախյան ազատամարտը այդ պայքարի թեժ ճակատն է:

Զենքով նվաճված անկախությունը անհրաժեշտ է պահել, պահպանել ու ամրապնդել: Միշտ էլ, բոլոր ժամանակներում, ավելի դյուրին է եղել նվաճել հաղթանակը ճակատամարտում, քան պահպանել այն քաղաքականության բեմահարթակում:

Նվաճված է մեր անկախությունը, Հայաստանի կառավարությունը պարտավոր է աչալուրջ լինել, որպեսզի տանուլ չտա այն ինչ որ ձեռք է բերվել: Անկախ լինելու համար արտաքին քաղաքականության մեջ բավական չէ դեսպանատներ բացել, պայմանագրեր կնքել օտար պետությունների հետ: Կարևոր է պայմանագրերի բովանդակությունը, կարևոր են պայմանագրերում տեղ գտած կետերը, նրանցից յուրաքանչյուրում թաքնված հետին մտքերը:

Անկախ լինելու համար բավական չէ խորհրդարան ունենալ, դրոշ ունենալ, սեփական դրամանիշ ու նամակադրոշմ ունենալ: Շատ երկրներ ունեն այդ բոլորը, սակայն անկախ չեն: Անկախ չեն, որովհետև սխալ քաղաքականության հետևանքով կապիտուլացիայի են ենթարկվել, որովհետև տնտեսական գետնի վրա կայսերապաշտությունը գաղութացումի է ենթարկել նրանց: Մեր իշխանությունները պիտի գիտակցեն այս վտանգը և արթուն ու սթափ հսկեն այն դռների ու լուսամուտների մոտ, որից կարող են ներս խուժել մեր անկախությունը շղթայող ուժերի շոշափուկները:

ՀՅ Դաշնակցությունը միշտ պահանջատեր պիտի մնա Հայաստանի կառավարությունից,- միևնույն է, թե ովքեր կլինեն նրա աթոռներին բազմած,- պաշտպան կանգնելու Հայաստանի ու հայ ժողովրդի մարդկային իրավունքներին, անկախության և հայապատկան հողերի պահանջատիրության նկատմամբ:

Այսօր Մայիսի 28-ն է: Հանդիսավորապես նշում ենք այդ օրը այն համոզումով, որ ի վերջո պիտի հաղթանակեն նրանով մարմնավորող գաղափարները և շատ չի ուշանա այն օրը, երբ Հայաստանը կլինի իրավամբ Ազատ, իրավամբ Անկախ և Միացյալ:

Մայիսի 28-ին նվիրված տոնակատարության օրվա խոսքը,

1993թ. Երևան

Խաժակ Տեր-Գրիգորյան

aparaj.am

Տպել Տպել