Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ այլ ծրագրեր կատարվեն

Հայաստանն օրենսդրության պահանջով մինչեւ 2022 թվականը պարտավոր է անցում կատարել համատարած ներառական կրթության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, 2017 թվականին 4 հատուկ դպրոցներ վերակազմակերպվել են որպես մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների եւ հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա:

«2017-ին սկսեց աշխատել ուսուցչի օգնական հաստիքը, թվով 8300 հատուկ կարիքներով երեխաներին աջակցելու նպատակով աշխատանքի է անցել 520 ուսուցչի օգնական: Ներկայումս ներառական կրթությունն անցկացվում է Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: 2018-ին անցում կկատարենք Արմավիրի մարզ, ապա նաեւ Երեւանի համալիր փոփոխությունն ենք սկսելու»,-ընդգծեց նախարարը:

Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ այս ոլորտում համալիր խնդիրներ կան. «Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակ հետապնդող ծրագրեր: Այստեղ ռիսկը բարձրանում է, քանի որ ըստ աշակերտի ֆինանսավորումը բավականին բարձր է: Հաճախ հատուկ կրթության հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ կամ սոցիալապես այլ հատվածի երեխաների ներգրավում»,-ընդգծեց նախարարը:

Հայաստանի դպրոցներում օտար լեզուների զարգացման ծրագրի հետ կապված լուրջ խնդիրներ կան, նշել է Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, օտար լեզուների առումով կա երկու տիպաբանական ուղղություն՝ ընդհանուր լեզվաբանական կրթության տարածում եւ խորացված կրթություն:. «Ամենահաջող պիլոտը եղավ ֆրանսերենի հարցում. Այժմ 10 դպրոցում խորացված ուսուցում է իրականացվում: Բացի այդ, Բրիտանական խորհրդի աջակցությամբ դպրոցներում բացվում են անգլերենի ակումբներ, որոնք դառնում են մեր լաբորատորիաները: Այդպիսի դպրոցներից 5-ը մարզերում են, մեկը՝ Երեւանում: Դրանցից 4-ում ներդրվել են այդ լաբորատորիաները: Ծրագիրը շարունակական է: Ունենք պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր մարզում նման 2 դպրոցներ լինեն:

Փորձը ցույց է տալիս, որ երբ բոլորին բերում ես Երեւան, չի ստացվում»,-ընդգծեց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով, գերմաներենով նույնպես բավականին խորացված ծրագիր ունենք, մասնավորապես Գերմանիայից ուսուցիչներ են աշխատում Հայաստանում:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին, այժմ կա ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման խնդիր, մասնավորապես, մոտ 1500 ուսուցիչ վերապատրաստման կարիք ունի:

Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ դպրոցներում երրորդ օտար լեզու մտցնելու գործընթացը սկզբուն շատ հեշտ է ստացվում, բայց հետո խնդիրներ են ծագում որակի հետ կապված, հատկապես մարզերում:

Թումոն շատ արագ զարգանում է Հայաստանում. այն արդեն միջազգային բրենդ է դարձել, նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, այսօր բացի Երեւանից «Թումո» կենտրոններ են գործում Գյումրիում, Վանաձորում եւ Ստեփանակերտում. «Տարեկան մոտ 14 հազար երեխա սովորում է այդ կենտրոններում՝ սովորելով արվեստ, հաղորդակցություն եւ այլն: Շատ երկրներ հետաքրքրված են մեր «Թումո»-ով, 2018-ին ԵՄ ծրագրով լրացուցիչ 10 հազար եվրոյի օժանդակություն կհատկացվի: Մենք մտադիր ենք «Թումո» աշակերտից անցնել «Թումո» բարձրագույն կրթություն եւ գիտության հատված: Կստեղծենք այդ նորարարական հզոր կենտրոնը, որը սկզբում կլինի բնագիտական ուղղությամբ»,-ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ շուտով «Թումո» կենտրոններ կբացվեն Կողբում եւ Վանաձորում, աստիճանաբար ցանկություն կա գնալու դեպի գյուղական դպրոցներ:

Հայաստանում դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը չի արդարացնում իրեն, խորհուրդները չեն կատարում այն դերը, որը պետք է կատարեին, դպրոցների տնօրենների ընտրության ձեւաչափը փոփոխության կարիք ունի, նշել է նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, դրա հետ կապված ԿԳ նախարարությունը դրսից դրամաշնորհային աջակցություն է ուզել. «Աշխատել ենք, ամբողջ փաթեթը պատրաստ է, առաջիկայում կմտնենք կառավարություն: Երկու ուղղությամբ ենք աշխատել. առաջինը՝ որ խորհուրդներն աշխատեն մեկից ավելի դպրոցների համար, որ ասենք գյուղապետը հնարավորություն չունենա ուղիղ նշանակել խորհրդի անդամներ: Երկրորդ՝ արմատապես պիտի մեծանա դպրոցի տնօրենների անձնական պատասխանատվությունը եւ վերահսկելիությունը: Բացի այդ, տնօրենի ընտրության եղանակը պետք է փոխվի»:

Լեւոն Մկրտչյանը որպես մեխանիզմի թերություն նշեց այն փաստը, որ Հայաստանում ուսուցիչների համար պարտադիր ատեստացիոն մեխանիզմն է աշխատում, եւ չկա դեպք, որ որեւէ մեկը այդ ատեստացիան չանցնի. «100-տոկոսանոց արդյունք է, ինչն իր հետեւանքներն ունի»,-ասաց նա:

Խոստացել եմ, որ դպրոցական ծրագրերը պետք է արմատապես բեռնաթափել, նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, դասագիրքը սպասարկում է չափորոշիչին, եւ եթե չափորոշիչի մեջ դնում ենք անսահման մեծ հարցեր, ասենք ասում ենք, որ ոսկեդարի վերաբերյալ երեխան պետք է իմանա բոլոր պատմիչներին, հետո դասագրքի հեղինակը հասկանում է, որ պետք է այդ բոլորը ներկայացնի, բայց իրեն տված է մի էջ. «Բնականաբար, դա դառնում է անունների թվարկում կամ անհասկանալի արտահայտություններ: Դրա համար շատ կարեւոր է, որ չափորոշիչները բեռնաթափենք, որը անում ենք, այս տարի դա կլինի: Կհասկանանք, թե որ տարիքի համար ինչ խնդիր ենք դնում»:

Հաջորդ խնդիրը, ըստ նախարարի, դասագրքեր գրելու որակն է. «Ցավոք, մենք չունենք մասնագիտական այն դպրոցը, որ տասնամյակներով եղել է, որովհետեւ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում դասագիրք չի գրվել: Դրա համար նախատեսում ենք ԵՄ դրամաշնորհը ուղղել դրան եւ կրթության ինստիտուտի մի ուղղությունը դարձնել դասագրքերի ստեղծումը: Բնագիտական առարկաների համար լուծումն ունենք, վերցնում ենք աշխարհում ընդունված բնագիտական դասագրքերը, ադապտացնում ենք մեր երկրին: Եթե ամբողջ աշխարհում մաթեմատիկա առարկայի համար Գերմանիայում ընդունված է այդ դասագիրքը, դա կադապտացնենք, կկիրառենք: Բայց հանրակրթության մյուս հատվածում մենք դասագիրք գրելու սովորույթը չունենք, կամ շատ ակադեմիական ու խրթին է ստացվում, կամ շատ պարզունակ»,-ընդգծեց Լեւոն Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ արդեն մտածում են, որ պետք է ունենալ մագիստրատական ուղղություն, թե ինչպես պետք է դասագիրք գրել:

Լևոն Մկրտչյանը կողմ է, որ ՀՀ նախագահի պաշտոնում Հանրապետականի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը դառնա նախագահ։ Ավելին, նրա կարծիքով, Հայաստանը կշահի։

«Եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից կշահի, որովհետև նա մարդ է, որը ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության, գիտության նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է Հայաստանում կրթության խնդիրներից և ասել, որ ոլորտում շատ անելիքներ կան, Մկրտչյանը նախ տեղեկացրեց, որ ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսել են կրթության խնդիրներից.

«Մենք եկել ենք որակական մի աստիճանի վրա, երբ պետք է ձևը ամբողջությամբ լուծվի բովանդակությամբ։ Աշխարհում կրթական համակարգը, այստեղ է, որ պարոն Սարգսյանը շատ օգտակար կարող է լինել նաև իր քեմբրիջյան փորձով, որոնումների մեջ է։ Այն մասնագիտությունները, որ մենք ուսուցանում ենք, աշխարհում առաջիկա 6-7 տարվա ընթացքում նրանց մեծ մասը կարող է գոյություն չունենալ»։

Ըստ նախարարի, գիտության ոլորտը բարելավելու համար պետք է ունենալ համապատասխան պայմաններ, վերջին կարգի սարքավորումներ։

Տպել Տպել