ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը ԸԵՄՄ համաշխարհային համագումարին

2018 թվականի փետրվարի 15-18-ը, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, Մոնտենեգրոյի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցության երիտասարդական կազմակերպության հյուրընկալմամբ, կայացավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International union of socialist youth, IUSY) Համաշխարհային համագումարը։

Բացմանը ողջունի խոսքով հանդես եկան ԸԵՄՄ գլխավոր քարտուղար Ալեսանդրո Պիրիսին, Մոնտենեգրոյի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցության նախագահ Միլո Դյուկանովիչը, ԸԵՄՄ տարածաշրջանային փոխնախագահները և այլք։

Համագումարին մասնակցեցին ավելի քան 230 ներկայացուցիչներ ԸԵՄՄ անդամ 115 կազմակերություններից։ ՀՅԴ Երիտասարդականը համագումարին մասնակցեց հինգ ներկայացուցչով՝ Կարապետ Շատոյան (Ավստրիա), Սարինե Աբրահամյան (Նիդեռլանդներ), Արշակ Մեսրոպյան (Հայաստան), Անուշ Հովհաննիսյան (Հայաստան), Ցոլեր Աղճյան (Լիբանան)։

Ժողովի առաջին օրվա օրակարգի համաձայն ԸԵՄՄ տարածարջանային նախագահները ներկայացրեցին իրենց երկամյա գործունեությունը։ ԸԵՄՄ Սևծովյան տարածաշրջանի փոխնախագահ Կարապետ Շատոյանը խոսեց տարածաշրջանում իրականացված աշխատանքների, մասնավորապես Ուկրաինայի Հանրապետություն, ապա Արցախի Հանրապետություն իրականացված ճանաչողական այցերի, Վրաստանում խորհրդարանական ընտրություններին որպես դիրտորդ մասնակցության մասին և այլն։ Օրվա ավարտին իրականացվեցին աշխատանոցներ, կանանց իրավունքների, հարկային արդարության հաստատման և այլ թեմաների վերաբերյալ։

Համագումարի երկրորդ օրը, օրակարգի համաձայն, ներկայացվեցին բանաձևումներ և առաջարկներ և, քվերկության արդյունքում ընդունվեցին միջուկային զենքերի դեմ պայքարի, իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև կանոնագրային կետերի փոփոխության վերաբերյալ բանաձևեր, հաստատվեցին միությանը անդամագրվելու մի շարք երկրների դիմումներ, որոշ միություններ քվեարկության արդյունքում դարձան ԸԵՄՄ լիիրավ անդամներ, ներկայացվեց ԸԵՄՄ 2018 թվականի գործունեության նախնական ծրագիրը և այլն։

Համագումարի վերջին օրակարգով տեղի ունեցան ԸԵՄՄ նախագահի, գլխավոր քարտուղարի և փոխնախագահների ընտրությունները։ Միության նախագահ ընտրվեց Յոհաննա Օրտեգան։
Ընկերվարական երիտասարդների միջազգային միության Համաշխարհային համագումարը՝ նույն միության հիմնական որոշում կայացնող ժողովն է, որը գումարվում է երկու տարին մեկ անգամ։ Վերջին անգամ այն հյուրընկարվել էր 2016 թվականին՝ Ալբանիայում:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպությունն է, որին անդամակցում են ավելի քան 143 կազմակերպություններ աշխարհի շուրջ 100 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրավ անդամ է։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
Երևան, 21 փետրվար, 2018 թ.

Տպել Տպել