Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Զվարթնոց օդանավակայանում նախագահի պատվիրակությանը դիմավորեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Լիբանանի նախագահի պատվիրակության կազմում են երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կաշառակերության դեմ պաշքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսված են նաև նախագահ Միշել Աունի այցելությունները Մատենադարան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ համալիր։ Աունը լիբանանյան պատվիրակության անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ:

Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդ է այցելել ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և լիբանանյան պատվիրակության անդամների ուղեկցությամբ: Միշել Աունը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Տպել Տպել