- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արծվիկ Մինասյանը՝ «Քարերի սիմֆոնիայի» մոտ կատարվող շինարարության մասին

[1]«Երեկվանից քայլեր են ձեռնարկվում, այնտեղ կասեցված է որեւէ գործողություն շինարարության տեսքով` մինչեւ հստակ պարզվեն բոլոր հիմքերը»,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով հարցին, թե նախարարությունն ինչ է անում բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքները կանխելու ուղղությամբ, ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, «Քարերի սիմֆոնիան» համարվում է բնության հուշարձան, եւ մի քանի ամիս առաջ հաստատվել է այս հուշարձանի սահմանները եւ անձնագիրը: Այս պահին, նախարարի խոսքով, նշյալ վայրում ուսումնասիրություն է կատարվում` պարզելու համար՝ արդյոք այդ շինաշխատանքները կատարվում են սահմանների մեջ, քանի որ այնտեղ որոշ տարածք մասնավոր սեփականություն է: Բացի այդ, տարածքն ամբողջությամբ գտնվում է համայնքի վարչական սահմաններում:

Արծվիկ Մինասյանը նաեւ վստահեցրեց, որ եթե պարզվի, որ բնության հատուկ պահպանվող տարածքին կարող է վտանգ սպառնալ, ապա լիազորված մարմինը իրավասու է կատարել կանխարգելիչ գործողություններ:

Նախարարն ասաց, որ դեռեւս մեկ տարի առաջ քննարկում էին «Քարերի սիմֆոնիան»՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք, հանձնենք կառավարման Խոսրովի անտառ արգելոցին, որպեսզի պահպանության ռեժիմն ուժեղացվեր:

Բնապահպանության նախարարությունը կպարզի ո՞ւր են գնում Ախթալայի կոմբինատի թունավոր նյութերը

Այսօր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից դուրս եկող հոսքաջրերի դեմն առնելու, քանի որ դրանք լցվում են Դեբեդ գետը: Այս մասին ահազանգել էին բնապահպանները:

Ըստ նախարարի, Ախթալայի կոմբինատի թունավոր նյութերը գետը լցվելու վերաբերյալ բնապահպանների հրապարակած տեսանյութն ուսումնասիրվում է. «Եթե կա այդպիսի դեպք, որն ուսումնասիրությունների ընթացքում դեռ արձանագրված չէ, դա նշանակում է, որ պատասխանատուները պատասխանատվության պետք է ենթարկվեն: Իսկ, եթե չկա նման դեպք, պետք է ուսումնասիրվի, թե այդ տեսանյութը երբ եւ ինչ պայմաններում է արվել»:

Արծվիկ Մինասյանի խոսքով, ստուգումներից հետո տեսչական մարմինը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Ստուգումների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց արդեն հայտնաբերվել են որոշակի խախտումներ, որոնց համար հետագայում պատասխանատվություն կկիրառվի: