- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հանդիպում հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների եւ լիբանանահայ պետական գործիչների հետ

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։

Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։

Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը: Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին:

Հանդիպման մասնակիցները հարցադրումներ են կատարել իրենց հուզող խնդիրների շուրջ, որոնց տրվել են պարզաբանումներ:

Հանդիպումն անցել է ջերմ գործնական մթնոլորտում` առաջիկայում համակարգված քայլերի ձեռնարկման հրամայականի շեշտադրմամբ:

[1]

Հանդիպում Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկայացուցիչներու Եւ Լիբանանահայ Պետական Գործիչներու Հետ

Կիրակի, 25 փետրուարի կէսօրին, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ տեղի ունեցաւ հանդիպում Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանի եւ հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներու, Լիբանանի կառավարութեան եւ խորհրդարանի հայ անդամներուն հետ:

Հանդիպումին բացումը կատարեց Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեան, որ ներկայացուց հանդիպումին նպատակը` խորհրդակցութիւն ունենալ նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանի հետ:

Արմէն Սարգսեան զեկուցեց գործող նախագահի առաջարկին` Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու դառնալու իր ընդառաջման հիմնաւորումներուն, հայրենիքի դիմագրաւած մարտահրաւէրներուն, զարգացման հաւանական ուղիներուն, արցախեան տագնապի խաղաղ լուծման անհրաժեշտութեան, համազգային երկխօսութեան, կրթութեան մարզին, քաղաքացիական հասարակարգին եւ համահայկական հնչեղութիւն ունեցող տարբեր խնդիրներուն մասին:

Այնուհետեւ Արմէն Սարգսեան լսեց հանդիպման մասնակիցներուն առաջարկները եւ պատասխանեց արծարծուած նիւթերուն շուրջ անոնց յղած հարցումներուն:

aztagdaily.com