ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ

Փետրվարի 27-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մինասյանը հակիրճ անդրադարձել է երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Իր հերթին ԻԻՀ էնեգետիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել կառուցողական երկխոսությանը միտված հանդիպման հնարավորության համար: Հանդիպման առանցքում ջրային ռեսուրսների կառավարման հարցերն են եղել: Մասնավորապես, քննարկվել է Արաքս գետի ջրի որակին, գետի աղտոտման կանխարգելման, մոնիթորինգի իրականացման խնդիրներին վերաբերող հարցերի շրջանակ:

Հատկանշվել է խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային աշխատանքների իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԻԻՀ և ՀՀ ընդհանուր սահմանում «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ «Դիզմար» պահպանվող տարածքի և ՀՀ «Արևիք» ազգային պարկի սահմանային գոտում մշտադիտարկման աշխատանքներին, էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությանը:

Նախարար Մինասյանը կարևորել է նաև Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ Գերմանիայի գրասենյակի կողմից ֆինանսավորվող Հայաստանում ազնվացեղ եղջերուի վերականգնման ծրագիրը, որի շրջանակներում պայմանավորվածություն կա ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության հետ՝ ազնվացեղ եղջերուի 4 առանձնյակի ձեռք բերման վերաբերյալ: Նախարարը նշել է, որ ի պատասխան՝ WWF-Գերմանիայի գրասենյակն իրանական կողմին կտրամադրի տեխնիկական աջակցություն՝ անհրաժեշտ սարքավորումներ ԲՀՊՏ-ներում խոշոր կաթնասունների մոնիտորինգի իրականացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը կրկին ընդգծել են առարկայական և կոնկրետ, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ հավաստելով համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

mnp.am

Տպել Տպել