Խեղաթյուրումներին պետք է վերջ տրվի

ԱԺ-ն միաձայն ընդունեց «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության» նախագիծը

ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ, բնականաբար, այդ հայտարարությունը պետք է ընդունվեր:

«Մեր պաշտոնական օրացույցում այս օրը Ադրբեջանական ԽՍՀՄ-ում հայերի դեմ կատարված բռնությունների զոհերի և տեղահանած անձանց հիշատակի օրն է: Մենք ամեն տարի այս օրը հիշատակում ենք` նշելով այն բոլոր վայրագություններն ու ցեղասպանական գործողությունները, որ Ադրբեջանում իրականացվել են: Սումգայիթյան իրադարձությունների իրավական գնահատականը իսկապես տրված չէ, և սա Ադրբեջանին թույլ է տալիս անընդհատ ամեն ինչ ներկայացնել ծուռ հայելիների մեջ` գլխիվայր շուռ տալով իրականությունը, որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ Սումգայիթյան իրադարձությունը թերևս այդ ժամանակահատվածում իրենց կատարած ոճրագործությունների ամենափաստագրված հատվածն է, և անգամ այդ ժամանակվա դատարանները հաստատել են այն փաստը, որ կատարվել են ցեղասպանական գործողություններ հայերի դեմ: Սա մենք պետք է անպայման օգտագործենք` վերհանելու համար այն կեղծիքը, որ Ադրբեջանում տիրում է»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` այսօր ցինիզմն Ադրբեջանում հասել է այն աստիճանի, որ Խոջալուն են դարձրել իրենց դրոշակը` իբրև թե այնտեղ կատարվել է ցեղասպանություն: «Ավելին` շատ լավ իմանալով, որ Սումգայիթն իրենց աքիլեսյան գարշապարն է, վերջերս փորձում են ներկայացնել, որ մենք` հայերս, ենք դա մեր դեմ կատարել: Ինչ-որ մի ստահակ հայ են գտել` Էդուարդ Գրիգորյան ազգանունով, որ իբր թե այդ ստահակների ոհմակում եղել է: Իրականացնելով Սումգայիթը` փորձում են ներկայացնել, թե իբր ադրբեջանական քաղաքում հայերն իրենց դեմ կազմակերպել են ցեղասպանություն:

Այս այլանդակություններին պետք է վերջ տրվի, այս ձևով խեղաթյուրումներին պետք է վերջ տրվի»,- եզրափակեց Ռուստամյանը:

Տպել Տպել