Հայաստանի Հանրապետության հռչակումը


Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Հայաստանի Հանրապետության հռչակումը

հատված

1918 թ. գարնանը, թուրքական զորքերի Անդրկովկաս ներխուժման պայմաններում, սուր հակասություններ էին առաջացել իրեն անկախ հռչակած Անդրկովկասյան դաշնային դեմոկրատական հանրապետության թե´ կառավարության և թե´ խորհրդարանի (Սեյմի) ներսում: Քաղաքական կողմնորոշման առումով, եթե հայերը կողմնորոշված էին դեպի Ռուսաստանը, Կովկասի մուսուլմանները` միանշանակ դեպի Թուրքիան, ապա վրացիները իրենց շահերի թելադրանքով հակվեցին դեպի Գերմանիան: Ստացվել էր այնպես, որ թուրք-անդրկովկասյան պատերազմը, ըստ էության, վերածվել էր թուրք-հայկական պատերազմի: Եվ որքան թուրքերը խորանում էին Անդրկովկաս, այնքան սրվում ու բացահայտ էին դառնում անդրկովկասյան երեք ազգային միավորների ներքին հակասությունները:

Սրված տարաձայնությունների պատճառով 1918 թ. մայիսի երկրորդ կեսին Անդրկովկասյան դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի: Վրացիները, գաղտնի բանակցելով ստացան Գերմանիայի հովանավորությունը, ադրբեջանցիները հասկանալիորեն բռնել էին թուրքերի փեշից ու քաշում էին դեպի Բաքու, որը այդ օրերին Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունայի ձեռքում էր: Առանց հովանավորի էին մնացել միայն հայերը, որովհետև Ռուսաստանի զորքը դուրս էր բերվել Անդրկովկասից: Հայկական զինուժը շարունակում էր օրհասական կռիվներ մղել երկրամասի խորքերը շարժվող թուրքական զորքերի դեմ:

Ստեղծված պայմաններում առաջինը վրացիները քայլեր ձեռնարկեցին Անդրկովկասյան դաշնության քայքայման և իրենց անկախության հռչակման ուղղությամբ: Գերմանիան ստանձնեց Վրաստանի հովանավորությունը, որովհետև վերջինս ուներ տնտեսական և հաղորդակցական գրավչություն (երկաթուղի, նավահանգիստ, ենթակառուցվածքներ, հանքահումքային ռեսուրսներ և այլն), մի բան, որ պակասում էր Հայաստանին: Բացի այդ, պետք էր հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Գերմանիայի դաշնակից թուրքերը առանձնապես մեծ թշնամանք չէին տածում վրացիների հանդեպ: Այս պարագան ևս իր դերն ունեցավ Գերմանիայի հովանավորությունը ստանալու գործում:

Մայիսի 21-25-ի օրերին վրաց մենշևիկների առաջնորդներ Նոյ Ժորդանիան, Ակակի Չխենկելին, Նոյ Ռամիշվիլին և մյուսները Բաթումում և Թիֆլիսում անդրկուլիսյան բանակցություններ վարեցին գերմանացի ներկայացուցիչներ գեներալ ֆոն Լոսովի, կոմս Շուլենբուրգի, ֆոն Կրեսի հետ և համապատասխան համաձայնագրերով ստացան սկզբունքային երաշխիքներ Վրաստանի անկախության ու տարածքային ամբողջության վերաբերյալ: Վրաց ղեկավարները ծրագրեցին, որ մայիսի 26-ին պետք է լուծարել Անդրկովկասյան սեյմը և նույն օրը պաշտոնապես հռչակել Վրաստանի անկախությունը:
Պարզվում է, որ մայիսի 25-ին Սեյմի սոց.-դեմ. (մենշևիկների) խմբակցության խոսնակ Իրակլի Ծերեթելին մահմեդական (ադրբեջանական) խմբակցության ղեկավարներին արդեն տեղեկացրել էր Վրաստանի անկախանալու մտադրության մասին:

Դրանից հետո մահմեդականները ևս ձեռնամուխ եղան Ադրբեջանի անկախացման գործընթացին` բնականաբար, ստանալով Թուրքիայի հովանավորությունը: Մինչդեռ այդ ամենը կարծես գաղտնի էր պահվում հայերից, որպեսզի վերջին պահին նրանց կանգնեցնեն կատարված փաստի առաջ: Իհարկե, հայ պատվիրակությունը Բաթումում և գործիչները՝ Թիֆլիսում կռահում էին վրացիների մտադրությունների մասին: Բաթումում հայ պատվիրակները անգամ փորձել են վրացիների օրինակով ֆոն Լոսովից ստանալ գերմանացիների հովանավորությունը: Հայոց Ազգային խորհրդի որոշմամբ մայիսի 19-21-ին Բեռլին գործուղվեց Հ. Օհանջանյանի գլխավորած հայկական պատվիրակությունը` Գերմանիայի հովանավորությունը ստանալու ակնկալիքով, սակայն արդյունքի չհասավ:

Պատմաքաղաքական դեպքերն ու իրադարձությունները զարգացան այնպես, որ Անդրկովկասի անկախությանը հաջորդեց նրա միասնության խարխլումը և ինքնուրույն ազգային պետությունների առաջացումը: Թուրքական հարձակման պայմաններում քաղաքական իրարամերժ կողմնորոշումների, ազգային հակոտնյա շահերի և միջկուսակցական հակասությունների հետևանքով Անդրկովկասյան դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի:

1918 թ. մայիսի 26-ը (կիրակի) քաղաքական առումով դառնում է ճակատագրական օր Անդրկովկասի համար: Այդ օրը նախապատրաստվել էր Վրաստանի անկախության հռչակումը: Ինքնին հասկանալի է, որ Վրաստանի անկախությունը նշանակում էր Անդրկովկասյան դաշնային դեմոկրատական հանրապետության (ԱԴԴՀ) քայքայում: Մանավանդ որ, մայիսի 26-ին Թուրքիան վերջնագիր էր ներկայացրել Անդրկովկասյան պատվիրակությանը` տալով 3 օր (72 ժամ) ժամանակ:

Այդ նույն օրը` կեսօրին, գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը: Սոցիալ-դեմոկրատ (մենշևիկների) խմբակցությունը (ղեկ. Ա. Ծերեթելի) առաջարկ մտցրեց Սեյմի արձակման և Անդրկովկասյան դաշնային հանրապետության լուծարման մասին: Սեյմը ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց Անդրկովկասի Հանրապետության լուծարման և իր լիազորությունները վայր դնելու վերաբերյալ: Եվ ցերեկվա ժամը 3-ին Սեյմը լուծարվեց: Նույն օրը` մոտ ժամը 5-ին, նույն դահլիճում Վրաց Ազգային խորհուրդը` Նոյ Ժորդանիայի նախագահությամբ, Վրաստանը հռչակեց անկախ հանրապետություն:

Վրաստանի անկախության հռչակումից մի տեսակ անակնկալի գալով` պատմական այդ նույն օրը` մայիսի 26-ի երեկոյան, գումարվեց նաև Հայոց Ազգային խորհրդի նիստը, որում, գնահատելով ստեղծված իրավիճակը, Վրաստանի անկախությունն ընդունվեց որպես կատարված փաստ: Միաժամանակ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական գավառների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառույթները:

Հաջորդ օրը` մայիսի 27-ին, ՀՅԴ Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի և թաղային կոմիտեների անդամների համատեղ արտակարգ նիստում, լսելով ստեղծված իրավիճակի, Սեյմի ցրման, Վրաստանի անկախության և Անդրկովկասյան կառավարության լուծարման հարցերը, ներկայացուցչական ժողովն առաջարկում է Հայոց Ազգային խորհրդին, ուժեղացնելով իր կազմը, դիկտատորական իրավունքներով ստանձնել կառավարության գործառույթներ հայ կյանքի բոլոր ոլորտներում: Դա նշանակում էր, որ ՀՅԴ-ն, որը մինչ այդ թե´ իր ծրագրերով և թե´ իր գործելակերպով արտահայտվում էր ռուսական համապետականության օգտին, բավարարվելով միայն Ռուսաստանի կազմում ինքնավարության պահանջով, այժմ Ռուսաստանում և Անդրկովկասում ծավալվող պատմաքաղաքական դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությամբ ինքնաբերաբար կանգնում էր անկախ պետականության գաղափարի նյութականացման փաստի առաջ:

Այն բանից հետո, երբ մայիսի 27-ին մուսուլմանների Ազգային խորհուրդը, հիմք ունենալով Անդրկովկաս ներխուժած իրենց ցեղակից Թուրքիայի անվերապահ աջակցությունն ու հովանավորությունը, հայտարարեց Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության (ԱԿՄՀ) անկախության մասին, Հայոց Ազգային խորհրդին չէր մնում այլ բան, քան դիմել Հայաստանի անկախության հռչակմանը: Չնայած թուրքական զորքերի մահաբեր սպառնալիքներին` նման որոշումը արդարացված էր ու այլընտրանք չուներ այն իմաստով, որ, ինչպես նշում էր Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ճակատագրական այդ օրերին, եթե տեր չդառնայինք մեր հայրենիքին, չդիմեինք անկախության քայլին, ապա հայկական գավառները բաժին կդառնային հարևաններին` թուրքերին, վրացիներին, ադրբեջանցիներին:

Հայոց Ազգային խորհրդի մայիսի 27-ի երեկոյան նիստում ստեղծված կացության մասին հանգամանալի զեկուցում տվեցին Բաթումից նոր վերադարձած հայ պատվիրակներ Հ. Քաջազնունին և Ալ. Խատիսյանը: Նրանք նույնպես ելքը տեսնում էին Հայաստանի անկախության հռչակման մեջ:

Անկախության խնդիրը քննարկվեց Ազգային խորհրդի մայիսի 28-ի նիստերում (առավոտյան և երեկոյան): Այդ օրը պետք է պատասխան տրվեր նաև Բաթումում մայիսի 26-ին թուրքերի կողմից ներկայացված երեքօրյա վերջնագրին, քանի որ հաջորդ օրը` մայիսի 29-ին երեկոյան ժամը 8-ին, լրանում էր դրա ժամկետը: Անհրաժեշտ էր շուտափույթ պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտության պայմանագիր կնքել` լուծել պատերազմի և խաղաղության խնդիրը: Բուռն քննարկումներից հետո Հայոց Ազգային խորհուրդը որոշեց ընդունել թուրքերի վերջնագիրը` Բաթում գործուղել նոր պատվիրակություն ` Ալ. Խատիսյան, Հ. Քաջազնունի, Մ. Պապաջանյան կազմով` տալով նրան անսահմանափակ լիազորություն` բանակցելու և Անկախ Հայաստանի անունից կնքելու հաշտություն: Սակայն անկախության պաշտոնական հայտարարության հարցը առայժմ հետաձգվեց, չնայած այդ օրը անկախության կողմնակիցները խորհրդում արդեն ունեին մեծամասնություն: Հարկ է փաստել, որ ՀՅ Դաշնակցության ղեկավար կազմում ևս եղել են անկախության խնդրում մտավախություն արտահայտողներ, այդ թվում՝ Ա. Ահարոնյանը, Ս. Վրացյանը,, Ռ. Տեր-Մինասյանը, Ա. Բաբալյանը և ուրիշներ: Նրանց մտավախությունը բացատրվում էր 1918 թ. գարնանը թուրքական արշավանքի պայմաններում, հայ ժողովրդի համար ստեղծված չափազանց բարդ ռազմաքաղաքական վիճակով:

Հայ ժողովրդի հիշողության դաշտում էր 1,5 միլիոն արևմտահայերի կորուստը, թշնամու զորքը գտնվում էր Երևանի մոտերքում, Հայաստանին ներկայացվել էր վերջնագիր և մտավախություն կար, որ թույլ ու անօգնական երկրի անկախության հռչակումը, առանց քաղաքական ծանրակշիռ փաստարկների ու երաշխիքների, կարող էր լուրջ սպառնալիքի տակ դնել նաև արևելահայության գոյությունը: Սակայն դրա կողքին պետք է փաստել այն իրողությունը, որ Մայիսյան հերոսամարտերը լիցք ու վստահություն հաղորդեցին և ծանրակշիռ հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար:

Հաջորդ օրը` մայիսի 29-ին, գումարվեց ՀՅԴ Արևելյան և Հայաստանի բյուրոների, ՀՅԴ Թիֆլիսի ԿԿ-ի և Սեյմի ու Հայոց Ազգային խորհրդի դաշնակցական ներկայացուցիչների միացյալ նիստը: Այստեղ մեկ անգամ ևս քննության առնվեց քաղաքական կացությունը և որոշվեց Հայաստանը հայտարարել անկախ հանրապետություն: Այդ հիման վրա հանձնարարվեց Ա. Ահարոնյանին, Ն. Աղբալյանին, Հ. Քաջազնունուն և Ալ. Խատիսյանին մշակել Հայաստանի անկախության պաշտոնական հայտարարագիրը (հռչակագիրը): Հայտարարագրի տեքստը, որը ձևակերպել է Նիկոլ Աղբալյանը, ընդունվեց Հայոց Ազգային խորհրդում, իսկ մայիսի 31-ին այն լույս տեսավ մամուլում: Նրանում ասվում էր. ՙԱնդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:

Միաժամանակ որոշվեց կառավարությունը կազմել միջկուսակցական (կոալիցիոն) սկզբունքով, ինչպես նաև Ազգային խորհուրդն ու նորակազմ կառավարությունը տեղափոխել Երևան, որը պետք է դառնար Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը: Երևանի` մայրաքաղաք ճանաչվելու վերաբերյալ չկա կոնկրետ ընդունված որոշում, սակայն հաշվի առնելով, որ հնամենի Էրեբունի-Երևանը սկսած 15-րդ դարից համարվել է Արևելյան Հայաստանի, 1828 թ.` Հայկական մարզի, իսկ 1849 թ. Էրիվանի նահանգի վարչական կենտրոնը, բնականաբար, առանց որևէ տարակուսանքի այն ընդունվել ու ճանաչվել էր որպես նորընծա հանրապետության մայրաքաղաք:

Նույն` մայիսի 29-ի միացյալ նիստում, Հ. Քաջազնունին առաջադրվեց կառավարության նախագահի (վարչապետի) թեկնածու: Սակայն ամբողջական կառավարություն կազմելու գործը հետաձգվեց: Խնդիրն այն էր, որ կառավարությունը պետք է լիներ կոալիցիոն, իսկ դրա համար պահանջվում էր միջկուսակցական խորհրդատվությունների միջոցով գալ փոխադարձ համաձայնության: Միաժամանակ, հարկավոր էր խորհրդակցել և կառավարության մեջ ներգրավել երևանյան այն կարող ուժերը, որոնք պետական կառույցների ձևավորման ուղղությամբ արդեն հսկայական աշխատանք էին կատարել` Հայոց Ազգային խորհրդի լիազոր և Երևանի դիկտատոր Արամի գլխավորությամբ: Բայց պետք է ասել, որ վարչապետի պաշտոնակատար Հ. Քաջազնունին Թիֆլիսում մեկ ամսից ավելի բանակցեց ՀԺԿ, Հայ սոց.-դեմ. և Սոցիալիստ-հեղափոխական (Էսէռ) կուսակցությունների ներկայացուցիչների հետ անդրանիկ կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ, սակայն տարբեր պատճառներով ու առարկություններով նրանք համաձայնության չեկան, և կառավարության ձևավորումը կատարվեց անհատական սկզբունքով: Կառավարության կազմը ավարտուն տեսք ստացավ արդեն մայրաքաղաք Երևանում:

Անդրադառնալով Հայաստանի անկախության օրվա հստակեցմանը և մի քանի օր ուշ հրապարակված հռչակագրի տեքստի բովանդակությանը` կարելի փաստել հետևյալը: Անկախության ստույգ օրվա կապակցությամբ երբեմն հարց է ծագում. ինչո՞ւ է մեզանում ընդունված մայիսի 28-ը որպես Հայաստանի անկախության (նաև պետականության) օր: Դա բացատրվում է նրանով, որ մայիսի 28-ին (երեքշաբթի) Հայոց Ազգային խորհուրդը, ինչպես արդեն ասվեց, վճիռ կայացրեց լայն լիազորություններով Բաթում ուղարկել նոր պատվիրակություն և Անկախ Հայաստանի անունից բանակցել ու հաշտություն կնքել Թուրքիայի հետ. այդ իսկ պատճառով ՙՄայիսի 28-ը՚ հայոց պատմության մեջ մտավ որպես Հայաստանի անկախության օր: Իսկ երկու օր անց` մայիսի 30-ին, ընդունված և 31-ին հրապարակված հայտարարագիրը եկավ պաշտոնապես ձևակերպում տալու այդ ակտին:

Հռչակագրում քաղաքական և հոգեբանական որոշակի գործոնների թելադրանքով թեև կոնկրետ չէր խոսվում անկախության մասին, սակայն դիվանագիտական մոտեցմամբ ձևակերպված էր այն միտքը, որ Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը, ինչն ինքնըստինքյան նշանակում էր Հայաստանի անկախության հռչակում: Բացի այդ, փաստաթղթում հեռատեսորեն մատնանշվում է ՙհայկական գավառներ՚ հասկացությունը, որի տակ հասկացվում են Անդրկովկասի նահանգներում գտնվող հայաբնակ բոլոր գավառները, այդ թվում` Նախիջևանը, Զանգեզուրը, Ղարաբաղը, Գանձակի հայկական շրջանները, Լոռին, Ջավախքը, թուրքական զորքերի կողմից ռազմակալած Երևանի նահանգի մի շարք գավառները, Սուրմալուն և Կարսի մարզը: ՙՀայկական գավառներ՚ անվան տակ տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ անգամ նկատի էին առնվում արևմտահայ գավառները:

Հարկ է նշել, որ մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Արամյանցի տանը Հայաստանի անկախության մասին վճիռը կայացվել է խորհրդի անդամների բուռն քննարկումների և խռովահույզ տրամադրությունների պայմաններում: Սակայն ինչպես վկայում է Ալ. Խատիսյանը, Ազգային խորհուրդը ներկայացնող գրեթե բոլոր կուսակցությունների խմբակցությունները ի վերջո հանգեցին անկախության տեսլականին (գաղափարին) և անկախության բանաձևը ընդունվեց Ազգային խորհրդի բոլոր կուսակցությունների համաձայնությամբ: Մայիսյան այդ ծանր օրերին Հայոց Ազգային խորհուրդը ներկայացնող քաղաքական բոլոր ուժերը հանդես եկան գրեթե միասնական, ինչը պայմանավորված էր արտաքին վտանգով ու առաջին հերթին թուրքական մահաբեր ներխուժմամբ: Արդարև, պատմական տվյալ պահին այլընտրանք չկար: Կնշանակի` 1918 թ. մայիսի ճակատագրական իրադարձությունների ժամանակ, Ազգային խորհուրդը ներկայացնող կուսակցությունները և անկուսակցական ներկայացուցիչները ցուցաբերել են ազգային միասնության վառ օրինակ:

Հայոց Ազգային խորհրդի ընդունած պատմական հայտարարության մեջ որոշակիորեն չէր շեշտվում անկախության հանգամանքը: Այս իրողությունն արձանագրելով հանդերձ` բնավ չի կարելի կիսել այն հեղինակների տեսակետը, ովքեր Հայաստանի անկախությունը դիտում են իբրև զուտ արտաքին ուժերի, տվյալ դեպքում Թուրքիայի թելադրանքը և նույնիսկ ՙնվերը՚: Հայ-թուրքական հարաբերությունների նախընթաց պատմությունը, պատմության դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությունը հուշում են, որ եթե չլինեին Մայիսյան հերոսամարտերը, Բաքվի ինքնապաշտպանությունը և խնդիրը թողնվեր Թուրքիային, ապա նա ոչ միայն Հայաստանը չէր ՙանկախացնի՚, այլև պանթուրքական ծրագրերի համատեքստում, Անդրկովկասում ևս հայ չէր թողնի ու արևելահայոց հարցը ՙկլուծեր՚ արևմտահայոց հարցի նման:

Հայաստանի անկախության հռչակումից հետո ժողովուրդն իր մեծամասնությամբ` (հատկապես գաղութահայությունը, գաղթականությունը, անկախությունը կերտած Արարատյան դաշտի բնակչությունը և այլն) անկախությունն ընդունեց անվարան, և պատրաստ էր ենթարկվել նոր զրկանքների ու զոհաբերությունների: Բայց դրա հետ մեկտեղ` եղել են նաև հայ քաղաքական առանձին ուժեր ու հատվածներ, ովքեր դեմ են եղել Հայաստանի անկախությանը, Ռուսաստանից անջատվելուն: Այսպես, օրինակ, ՍԴ Հնչակյան կուսակցության անդկովկասյան հատվածը Հայաստանի անկախությանը կտրականապես դեմ արտահայտվեց: Մենք էլ չենք խոսում հայ կոմունիստ-բոլշևիկների մասին: Վերջիններս առհասարակ չէին պատկերացնում Հայաստանի անջատումը և գոյությունը առանց Խորհրդային Ռուսաստանի: Այնինչ, Հայաստանի ու հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության միակ հուսալի երաշխավորը կարող է լինել միայն ինքը` հայ ժողովուրդը, նրա հոգևոր ներուժը, ազգային բանակը, պետական ու հանրային մյուս կառույցները և այլն:

Չնայած անկախությունը եկավ արագ և անսպասելի, սակայն այն ուներ իր ներքին տրամաբանությունը: Պատմական ճշմարտությունն այն է, որ եթե Հայոց Ազգային խորհուրդը տվյալ պահին իրեն չհայտարարեր հայկական գավառների գերագույն իշխանություն, ապա, ինչպես վերը նշվեց, հայապատկան գավառները բաժին կդառնային հարևան թուրքերին, ադրբեջանցի թաթարներին և վրացիներին: Հարկ է նկատել, որ նախապես այդպես էին վճռել նաև երկրամասի այն ժամանակվա փաստացի տերերը` Գերմանիան և Թուրքիան:

Հայաստանի անկախության պահպանման և արևելահայության ֆիզիկական գոյության պաշտպանության գործում, Մայիսյան հաղթական հերոսամարտերի կողքին, անշուշտ, պետք է արձանագրել նաև Բաքվի հերոսամարտի խաղացած դրական դերը: Բանն այն է Բաքվի կոմունան, որի հետ համագործակցում էին ՀՅԴ Բաքվի ԿԿ-ը և նրա ազդեցության տակ գտնվող Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը, միացյալ ուժերով կարողացավ մի քանի ամիս շարունակ իրենց վրա գրավել թուրքական գլխավոր հարվածային ուժերը և դրանով իսկ օբյեկտիվորեն նպաստել Հայաստանի Հանրապետության ամրակայմանը: Նորահայտ փաստաթղթերը լույս են սփռում այն իրողության վրա, որ հիմնականում հայ զինվորներից ու սպաներից բաղկացած Կոմունայի ուժերը դիմագրավել են թուրքական հարձակումներին և պաշտպանել քաղաքը: ՀՅԴ-ի կողմից այդ պայքարը ղեկավարել են Բյուրոյի անդամներ` Ռոստոմը (Ստ. Զորյան) և Աբրահամ Գյուլխանդանյանը:

Ըստ արժանվույն պետք է գնահատել Բաքվի հերոսամարտի դերը առաջին մի քանի ամիսների ՀՀ ֆիզիկական գոյության պահպանության գործում: Ստեղծված իրավիճակում անկախ Հայաստանի գոյությունը կարող էր և ժամանակավոր լինել, որովհետև պանթուրքական պլաններով 1918 թ. ամռանը դեպի Բաքու շտապող թուրքական զորքը դրանից հետո մտադիր էր, վերացնել հայկական պետությունը, չէր բացառվում նաև՝ հայ ազգաբնակչությանը: Եվ պատահականություն չպետք է համարել թուրքական զորքերի կողմից 1918 թ. սեպտեմբերի 15-ին, Բաքվի գրավումից անմիջապես հետո, Ստամբուլում լույս տեսնող կառավարական (իթթիհատական) ՙԵնի գյուն՚ (ՙՆոր օր՚) պաշտոնաթերթում զետեղված Անդրկովկասի այն քարտեզը, որում Հայաստանը իսպառ բացակայում էր ոչ միայն որպես պետություն, այլև իբրև աշխարհագրական հասկացություն: Այդ քարտեզում հայ ազգաբնակչության տեղաբաշխումն Անդրկովկաում ներկայացված էր ընդամենը մի քանի առանձին կղզյակների տեսքով: Դրա փոխարեն ամբողջ Արևելյան Հայաստանը պատկերված էր ՙՄեծ Ադրբեջանի՚ կազմում:

Նույն կերպ հայկական պետության ստեղծման մտադրություն չուներ նաև Գերմանիան, որը, ինչպես հայտնի է, որոշակի պատասխանատվություն էր կրում հայ ժողովրդի ճակատագի հարցում: Նա էլ խնդրի լուծումը տեսնում էր հայկական տարածքները (գավառները) Վրաստանի և Ադրբեջանի միջև տարրալուծելու մեջ: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի անկախության ակտը կյանքի կոչելը անբեկանելի պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում չուներ այլընտրանք:

Այդ օրերին հայ ժողովուրդն ունեցավ իր երկրորդ Ավարայրը: Մայիսվերջյան հաղթական շաբաթը, փաստորեն, ծնեց Հայաստանի անկախությունը: Կարելի է վստահ ասել, որ անկախությունը ձեռք բերվեց ոչ թե Թիֆլիսում` Հայոց Ազգային խորհրդի հոգեմաշ նիստերում, այլ այդ իրավունքը արժանիորեն նվաճվեց Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում: Մայիսյան հերոսամարտերում հայ ժողովուրդը գերմարդկային ճիգերով կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու և տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքական ծրագիրը: «Մայիս 28-ի» պատմական որոշումից երկու շաբաթ անց` հունիսի 13-ին, նորընտիր վարչապետ Հ. Քաջազնունին «դաշնակիցների» և ընդհանրապես ողջ աշխարհի համար պաշտոնական հայտարարություն արեց Հայաստանի անկախության մասին:

Այսպիսով, հարյուրամյակների ընդմիջումից հետո կրկին վերականգվեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության հռչակումը, իրավամբ, շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում:

Տպել Տպել