Երրորդ հանրապետության 4-րդ նախագահը միասնության խորհրդանիշ պետք է դառնա

ԱԺ-ն այսօր քննարկում էր ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: ՀՅԴ անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, թե շատ հետաքրքիր ժողովուրդ ենք` երբ մեկին ուզում ենք գովել հասցնում ենք մինչև Աստծո դուռը, եթե ուզում ենք փնովել` խորտակում ենք մինչև անդունդի խորքերը: Ըստ պատգամավորի` երկուսն էլ ԱԺ ամբիոնից լինում է, ինչում բազմիցս համոզվել ենք:

Ռուստամյանի կարծիքով` նախագահի պաշտոնը հատուկ ընկալում ունի ժողովրդի շրջանում: «Մենք յուրօրինակ ազգերից ենք, որ մեր նախագահական ընտրությունների թվից երկու անգամ ավելի նախագահներ ունենք: Միշտ ինչ-որ մի բան կգտնենք, որ մեր հետագա անելիքները դրանով կանխորոշենք, փոխանակ մարդուն առիթ տանք, բարի երթ մաղթենք»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի` պետք է այնպես անել, որ մարդը (Արմեն Սարգսյան /խմբ./) կարողանա լավ տրամադրությամբ մտնել գործի մեջ և այս վիճակից երկիրը հանել: «Ես այս տրամաբանությամբ եմ նայում այս փոփոխություններին և ուրախ եմ, որ գնալով ընկալում է ստանում այն գաղափարը, որ Հայաստանում ընտրում ենք ոչ թե 4-րդ նախագահին, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահին: Եթե երրորդ հանրապետության չորրորդ նախագահ ենք ասում` նշանակում է, որ չորսն էլ նույն կարգավիճակն են ունեցել, նույն լիազորություններն են ունեցել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Նախորդ երեք նախագահներն օժտված են եղել առաջնային մանդատով, ունեցել են լայն լիազորություններ: Հիմա վիճակն այլ է, քանի որ առաջնային մանդատ ունեցողն ԱԺ-ն է, որն էլ ընտրելու է նախագահին: Ուստի այս նախագահը չի կարող նախորդ երեքի հետ նույն շարքում ընկալվել»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը նաև նշեց, թե որն է իրենց հիմնական ակնկալիքը Արմեն Սարգսյանից:

«Մեր ակնկալիքն այն է, որ այս անցումը խորությամբ զգալով իրականացնի` պահապնելով երրորդ հանրապետության դրական քայլերը, նվաճումներն արձանագրի նաև հստակ ասվի` ինչն ենք պահում, ինչից ենք հրաժարվում, թե չէ պրոգրես տեղի չի ունենա»,- ասաց նա: Ռուստամյանն ընդգծեց, որ պետք է հրաժարվենք նրանից ինչն այս մղձավանջն է առաջացրել մեր մեջ:

«Մեր մեջ հայերին տարբերել ենք. հայ մարդ է, եկել է իր ընդունակությունները կարողությունները ներդնի, իր ուժերին համապատասխան հզորացնի մեր երկիրը, իսկ մենք սկսում ենք թղթերի մեջ բաներ ման գալ: Դա մերը չէ, մենք այդ մեծ ճոխությունը չունենք, որտեղ մեկ հայ կա պետք է գուրգուրենք բերենք այստեղ, որ նա կարողանա մեր երկրի կառուցման այս փուլում մի աղյուս էլ իր կողմից ավելացնի»,- ասաց նա վստահություն հայտնելով, որ այդ գործը հենց, 4-րդ հանրապետության առաջին նախագահի առաքելությունը պետք է լինի: Ռուստամյանը նշեց, որ մեզ հիմա կադրային ճիշտ քաղաքականություն է հարկավոր:

«Մենք պետք է բացառումներ չդնենք, մեկին սևացնենք, որ հետո չկարողանանք նույնիսկ բարևել: Միասնության խորհրդանիշը պետք է հանիդսանա նախագահը, որը ընտրվում է կոնսենսուս մինուս մեկով: Բոլորը համաձայն են բացի «Ելք» դաշինքից, բայց դա էլ նորմալ է, միշտ կոնսենսուսը կարողանում է հաղթահարել այդ մեկին»,- նկատեց նա: Ապա դիմելով Արմեն Սարգսյանին ասաց, որ ոչինչ որ քննադատություններ կան, որ պատ են շարում:

«Պաշտոնյան պետք է ուժ, իմաստնություն և արժեք հաղորդի: Առաջինը դուք եք նստելու այդ աթոռին: Լավ սկիզբը գործի կեսն է, և սա պատմական առաքելություն է, պատմության մեջ մնալու մեծ հնարավորություն: Դուք այստեղ բան չունեք ստանալու, կայացած մարդ եք, ինքնաբավ, աչքներդ լի ու կուշտ, Ձեզ մնում է մի բան` այնպես անել, որ պատմությունը հիշի ձեզ դրական առումով, և մենք էլ գոհ լինենք, որ ընտրել ենք մի նախագահ, որը հասկացել է փոփոխությունների արժեքը և ցանկացել, որ այս Սահամանադրությունը միս ու արյուն ստանա: Պտեք է Դուք էլ, մենք էլ միասին համախմբվենք և կարողանանք մեր երկիրը հանել իրար մերժելու այս ծանր մղձավանջային իրավիճակից»,- եզրափակեց նա:

Տպել Տպել