Մինչև ապրիլի 9-ը կիմանանք վարչապետի թեկնածուի անունը, բայց չենք հայտարարի

Դա հանկարծակի բան չէ, Սահմանադրությամբ է նախատեսված. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ մայիսի 2-ի նիստում պետք է առաջադրվեր վարչապետը, ինչո՞ւ են հանկարծակի այն տեղափոխել ապրիլի 16-ին:

«Վարչապետի թեկնածուն պետք է առաջադրվի Սահմանադրության ժամկետներին համապատասխան: Վարչապետի ընտրության համար խորհրդարանական ուժերը պետք է ձևավորեն կայուն մեծամասնություն, ինչի համար ժամանակ է հատկացվում: Դրա հետ կապված` պետք է նախապես տեղի ունենան քննարկումներ»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` վարչապետի ընտրությունն ԱԺ-ում ֆորմալ բնույթ է կրում, քանի որ եթե չլինի համաձայնություն վարչապետի անձի շուրջ, կայուն մեծամասնություն չլինի, վարչապետի թեկնածուն չի համարվի առաջադրված:

Անդրադառնալով կոալիցիայում վարչապետի անձի շուրջ քննարկումներին` Արմեն Ռուստամյանն ասաց, որ ապրիլի 9-ին մոտ առաջին քննարկումները տեղի կունենան: «Հանրապետականը պետք է առաջադրի վարչապետի թեկնածուին: 9-ից շուտ տեղի կունենա այդ քննարկումը, բայց դրանից շուտ չենք հայտարարի: Մինչև ապրիլի 9-ը ներքին կարգով կիմանանք վարչապետի թեկնածուի անունը, բայց ապրիլի 9-ից շուտ չենք հայտարարի»,- ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է հարցին` Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի համար նախընտրելի թեկնածո՞ւ է, նա ասաց, որ ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել ցանկացած անուն, որ կառաջադրի ՀՀԿ-ն: «Վարչապետի առաջադրման հարցը գտնվում է հանրապետականների դաշտում: Նրանք պետք է խնդիրը որոշեն, նրանք ունեն այդ իրավունքը նաև մեր կոալիցիոն հուշագրով: Նրանք կքննարկեն, կառաջադրեն, ինչից հետո ՀՅԴ-ն իր խոսքը կասի: Մենք չենք պատրաստվում շեղվել կոալիցիոն հուշագրի դրույթներից»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը` Սերժ Սարգյանը հայտարարել է, որ չի հավակնի երկրի առաջնորդի պաշտոնին, Ռուստամյանը պառտասխանեց, որ Սերժ Սարգսյանի խոսքերն ավելի լավ, քան ինքը, որևէ մեկը չի կարող մեկնաբանել: «Ի տարբերություն բոլոր մնացած ուժերի, ՀՅԴ-ն երբ գնում էր փոփոխությունների, դա չի պայմանավորել անձերով: Մենք չենք էլ բացառել, որ նույն Սերժ Սարգսյանը կհավակնի վարչապետի պաշտոնին, սակայն հենց նույն Սերժ Սարգսյանը չի ունենալու այն լայն լիազորությունները, որ ուներ մինչ այդ: Մենք երաշխավորում ենք, որ ամեն մեկն ունի իր առանձին դաշտը, քաղաքական համակարգում կատարվել են լրջագույն փոփոխություններ, սա է կարևորը»,- ասաց նա` շեշտելով, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

Դիտարկմանը` խորհրդարանում վերջին շաբաթների ընթացքում քննարկված օրինագծերում առաջարկվող փոփոխությունները մեծ մասամբ ուղղված էին վարչապետի դերի բարձրացմանն ու, ըստ էության, հանրապետության համար կարևոր հարցերի մասին որոշում կայացնելու է ՀՀ վարչապետը, և հարցին` արդյո՞ք այս պայմաններում կարելի է խոսել ոչ միապետական կառավարման համակարգի մասին, Ռուստամյանը պատասխանեց. «Այո, վարչապետը պետք է ունենա լիազորություններ, բայց ասել, որ միայն վարչապետն ունի այդպիսի լիազորություններ, ճիշտ չէ: Լիազորությունները բաշխվել են, ապակենտրոնացում է տեղի ունեցել, լիազորությունների մի զգալի մասն անցել է խորհրդարանին, մի մասը` կառավարությանը, որի ղեկավարը վարչապետն է, և մի զգալի մասն անցել է անկախ դատական համակարգին: Մենք ունենալու ենք իշխանության ճյուղերի տարանջատումն ապահովող համակարգ, որում դերակատարություն ունի նաև նախագահը»:

Իսկապես, հայ ժողովրդի տարբեր հատվածներ ոտքի ելան և այդ «ոչ»-ի ամբողջ շարժումն արժևորվեց, հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ իրենք հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը սա համարում են կարևորագույն ձեռքբերումներից մեկը:

«Սա օրինակ է քաղաքական բոլոր ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցույց տալ Դաշնակցությանը, թե ինչպես պետք է գործել, ինչ պետք է անել: Արագ, անհապաղ անմիջապես ինչ-որ հարցերի լուծման ծրագրեր են մշակում, բայց փորձը ցույց է տալիս, որ ժամանակին այդ ճիշտն արդարանում է, ու դու ապացուցում ես` իրավացի ես: Սա այդ դեպքերից մեկն էր, երբ մենք, պահելով մեր «Ոչ»-ի շարժումը խիստ կառուցողական ընթացքի մեջ ու թույլ չտալով, որ դա մտնի ծայրահեղույթունների դաշտ, որի ուղղությամբ նույնպես մեզ աջից ու ձախից մղում էին, կարողացանք պահել այդ շարժման վերահսկողությունը: Այպես ասած` շարժումը կարողացնաք տանել կառուցողական դաշտում»,- ասաց Ռուստամյանը:

Նա ըդնգծեց, որ իրենց վարած այս քաղաքականության արդյունքները ուշ, բայց ոչ ուշացած արձանագրվեցին, ինչն իրենք վերջին ժամանակաշրջանի ամենագլխավոր ձեռքբերումն են համարում: Ըստ նրա` կարելի է նաև սխալվել, բայց պետք է խիզախություն ունենալ այդ սխալն շտկելու:

«Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք օգուտներ քաղել այս ամենից: Այդ օգուտներն ակնհայտ են, որովհետև ակնհայտ դարձավ Թուրքիայի իրական դեմքը: Պարզ դարձավ, որ այդ երկիրն այս վարչակազմով շատ հեռու է քաղաքակիրթ աշխարհի վարչակազմից: Սխալ է կազմել, թե նա փոխվել է ու նախկին Թուրքիան չէ ու չի շարունակում Օսմանյան Թուրքիայի տխուր ավանդույթները: Դա ինքնախաբեություն է»,- ընդգծեց պատգամվորը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ Թուրքիայի հետ հարևաններ ենք, ու պետք է, ի վերջո, մեր հարաբերությունները կարգավորենք:

«Եթե մենք ասում ենք, որ պետք է այդ հարաբերություններն արժեհամակարգին համապատասխան լինեն, ապա, կարծում եմ, շատ պարզ երկու նախադասություն պետք է գրվի այդ կարգավորումների մեջ: Այն է` մենք հաստատում ենք դիվանագիտական հարաբերույթւոններ ու այդ հարաբրեությունների միջոցով ձեռնամուխ ենք լինում առկա բոլոր խնդիրների լուծմանը մեր երկու երկների միջև: Այդ խնդիրները բազմաթիվ են ու պետք է լուծել հարաբերություններ հաստատելով»,- մանրամասնեց նա:

Նրա խոսքով` հարցերը պետք է տեղափոխվեն միջպետական հարբերությունենրի դաշտ, ու բոլոր խնդիրները, միջազգային փորձին, արժեհամակարգին, պրակտիակային համապատասխան, իրենց լուծումը ստանան: Նա ընդգծեց, որ իրենք հարաբերությունների հաստատմանը միշտ էլ կողմ են, չեն մերժում հարաբերությունների հաստատումը:

«Մենք ասում ենք, որ եթե Հայաստանը զոհն է Ցեղասպանության, դրա կրողն է մինչև հիմա, ու եթե չի դնում հարց, որ «եթե չես ճանաչում, այլևս ոչ մի հարաբերություն», ապա սա ամենամեծ զիջումն է, որ Հայաստանը կարող է անել ի շահ հարաբերությունների հաստատման: Դրանից ավելի բան ոչ ոք իրավունք չունի Հայաստանից ու հայ ժողովրդի պահանջել»,- ամփոփեց Ռուստամյանը:

yerkir.am

Տպել Տպել