Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է ՀՀ Սյունիքի մարզում

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում սոցիալական բաղադրիչով կատարված աշխատանքների առաջին փուլի արդյունքները գնահատելու և երկրորդ փուլի առաջնահերթությունների, համայնքների առաջարկների և առկա սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եռօրյա այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում։

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի նպատակն է ուժեղացնել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված 7 բնության հատուկ պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարածքների կառավարումը` միաժամանակ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը։

Պահպանվող տարածքների հարակից բոլոր 32 համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում իրականացվում են փողոցային լուսավորության ապահովում, վառելափայտի սպառումը կրճատող ջերմամեկուսիչ պատուհանների և վառարանների էներգախնայողությանն ուղղված հատուկ ծրագրեր, գյուղական տնտեսության և տուրիզմի զարգացման խթանում:

Աշխատանքային այցի առաջին օրը նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը և մարզպետարանի պատասխանատուներ։ Ողջունելով ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությանը՝ մարզպետը կարևորել է բնության պահպանությունը, քանի որ մարզում մշտապես առնչվում են ոլորտի խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ պետական համապատասխան կառույցները և տնտեսվարողները մշտապես հետևողական քայլեր են ձեռնարկում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ գերատեսչության նպատակներից է նպաստել Սյունիքի մարզին, որպես կենսաբազմազանության առումով Հայաստանի կարևորագույն տարածաշրջանի, լինել այնպիսի ծրագրերի կենտրոնում, որոնք կնպաստեն ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի համապատասխան ոլորտի զարգացմանը։ «Ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և Ձեր հետ ունենալով արդյունավետ իրականացված, ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրեր, նպատակ ունենք միջազգային մեր գործընկերների՝ մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ, KfW բանկի, GIZ կազմակերպության և մի շարք այլ կառույցների հետ ՀՀ Սյունիքի մարզում իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր։

Հանդիպման նպատակն է համատեղ նախանշել լուծման առաջնային կարիք ունեցող այն գերակա խնդիրները, որոնք վերաբերում են մարզի շուրջ 150 հազար հեկտար տարածքին՝ ներառելով բոլոր ուղղությունները՝ կենսաբազմազանությամբ և այնտեղ բնակվող բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներով։ Առանց համայնքների մասնակցության հնարավոր չէ արդյունավետ ծրագիր իրականացնել։ Շեշտը դրվում է սոցիալ- տնտեսական ծրագրերի վրա, որպեսզի թուլացվի ճնշումն անտառային տարածքների և ընդհանրապես կենսաբազմազանության վրա՝ մարդկանց մասնակից դարձնելով մեր ծրագրերին։

Ծրագրերը նպաստելու են անտառային տարածքների ընդլայնմանը, պահպանմանը և կենսաբազմազանության ապահովմանը։ Իրականացվող քաղաքականության և նմանատիպ ծրագրերի միջոցով մենք հասնելու ենք նրան, որ մեր հարստությունը և հիմնական եկամուտները ստեղծվեն բնապահպանության միջոցով»,- նշել է Ա․ Մինասյանը։

Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հատուկ պահպանվող տարածքների սահմանների ճշգրտման, հողերի կարգավիճակների փոփոխման հարցեր։

Աշխատանքային այցի երկրորդ օրը բնապահպանության նախարարության աշխատանքային խումբն այցելել է կենսոլորտային համալիրում ընդգրկված «Սոսիների պուրակ» արգելավայր, ծանոթացել պահպանման ռեժիմին, եղել տնկարանում, որտեղ մասնակցել է ամեն տարի գարնանամուտին արևելյան սոսու սերմերի ցանման աշխատանքներին։

ՀՀ բնապահպանության նախարարը Ներքին Հանդ գյուղում հետևել է ծրագրի շրջանակներում գյուղի բոլոր տների նոր ջերմամեկուսիչ պատուհանների տեղադրման աշխատանքներին։
Սրաշեն և Ծավ համայնքներում Արծվիկ Մինասյանը մասնակցել է ֆինանսական մասնակցային մոտեցման շրջանակներում կազմակերպված գյուղմթերքների արտադրության ցուցադրության մրցույթի և մրցանակների հանձնման արարողությանը։ Նախարարը եղել է նաև «Շիկահող» պետական արգելոցի վարչական շենքում՝ ծանոթացել այնտեղ տեղակայված այցելուների կենտրոնի պայմաններին։

mnp.am

Տպել Տպել