«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության արտագնա միջոցառումը Գյումրիում

Մարտի 23-ին Գյումրիում տեղի ունեցավ «Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության արտագնա միջոցառումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար, ՀԿ նախագահ Մանուկ Մկրտչյանը, Շիրակի մարզից և բոլոր մարզերից ժամանած մանկավարժներ:

Պլենար նիստի ժամանակ միջոցառման կազմակերպիչներին ողջունելով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Մենք երբ խոսում ենք լավ դպրոցի մասին ես հասկանում եմ ոչ միայն վայր, որտեղ մեր երեխաները լավ կրթություն են ստանալու, այլև դաստիարակվելու են որպես մարդ ու քաղաքացի: Ցավոք կրթության բնագավառում մենք դեռևս չլուծված խնդիրներ ունենք և շատ կարևոր է, որ կրթության և գիտության նախարարությունը, մարզպետարանները, կրթական հաստատությունները, կրթության բնագավառի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները միավորեն ջանքերը և կարողանանք վերականգնել կրթական լավագույն ավանդույթները: Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանի մասին խոսեն որպես ամենաորակյալ, ամենակրթված, ամենաուսյալ երիտասարդ աշխատուժ ունեցող երկրի»:

Նիստի ժամանակ ելույթներով հանդես եկան «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգերում տարբեր տարիների մրցանակ շահած մանկավարժները:
«Լավագույն մանկավարժ»հասարակական կազմակերպությանը անդամակցում են 2003-2017 թվականներին «Տարվա լավագույն ուսուցիչ, դաստիարակ, տնօրեն» մրցույթի հաղթողները:

Կազմակերպության նպատակն է նպաստել կրթական համակարգի բարեփոխումներին և զարգացմանը, ուսուցչի դերի և հեղինակության բարձրացմանը:

shirak.mtad.am

Տպել Տպել