ՀՀ ԿԳ նախարարն այցելել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիա

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության բնագավառում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացնելով Հայաստանում ընթացող գիտության ոլորտի բարեփոխումները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անդամակցում է Եվրոպական միության գիտության և նորարարությունների «Հորիզոն 2020» ծրագրին, որը ԵՄ գիտական դրամաշնորհներից օգտվելու լայն հնարավորություններ է բացում: Որպես արդյունավետ մոդել նախատեսվում է ստեղծել գիտական կլաստերներ, որտեղ համալսարանները, գիտական ինստիտուտները և գործարար ոլորտն աշխատելու են համատեղ՝ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հարթակ: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է հատկապես ուսանողների շարժունության ապահովման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի ուսանողները կարողանան կրեդիտներ ձեռք բերել նաև գիտահետազոտական ինստիտուտներում:

Գիտության ոլորտի առաջիկա բարեփոխումների շրջանակում Լևոն Մկրտչյանն առանձնացրել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի զարագացումը` հատկապես միջուկային և փոքր մասնիկների ֆիզիկայի ուղղությամբ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել համատեղ գիտատեխնիկական նախագծեր, այդ համատեքստում դիտարկելով ՌԴ կառավարությանն առընթեր Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը շեշտել է, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն ու համագործակցության ամրապմդումը ռուսական կողմի հետաքրքրության շրջանակում է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թեկնածուական և դոկտորական ատենախոսության պաշտպանության, մասնագիտական կուրսեր և դասախոսություններ վարելու համար կազմակերպել անվանի գիտնականների փոխադարձ այցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության ոլորտում նորարարության և տեխնոլոգիաների համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

edu.am

Տպել Տպել