- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Անհրաժեշտ է զինվորականի նկատմամբ վերաբերմունքի արմատական փոփոխություն

Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

Թեմա՝ Ապրիլյան պատերազմի դասերը

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ եթե ժամանակին լսվեր առողջ քննադատությունը` շատ ու շատ խնդիրներ այլ կերպ կլուծվեին

Մտածել, որ մենք հիմա ավելի շատ ենք պատրաստ պատերազմի, քան երկու տարի առաջ, կամ հասարակությունը որակապես շատ է փոխվել, կարծում եմ, որ այդ պաթետիկ խոսքերից ու արտահայտություններից պետք է մի քիչ զերծ մնալ և իրական պատկերացնել վիճակը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը` անդրադառնալով Ապրիլյան պատերազմից քաղած դասերին:

«Դասերը, որ քաղեցինք 2 տարի առաջ ու դեռ քաղում ենք, ցույց տվեցին, որ շատ ուղղություններով շատ անելիքներ ունենք դեռ: Բանակաշինությունն անընդհատ պրոցես է, և մենք չենք կարող ասել, որ այս պահին ունենք շատ լավ վիճակ: Ցանկացած լավ վիճակ հաջորդ օրը կարող է փոխվել: Դա նշանակում է, որ բոլոր ուղղություններով այն բարեփոխումները` լայն մասշտաբով, որ իրականացվում են բանակաշինության մեջ, մեր խնդիրների միայն մի հատվածն են»,-ասել է Սպարտակ Սեյրանյանը:

[1]

Նա մեջբերել է պաշտպանության նախարարի այն դիտարկումը, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է, բանակը միայն խրամատում կանգնած զինվորը չէ կամ դիրքապահը: Սպարտակ Սեյրանյանի ձևակերպմամբ` բանակի հզորությունը կախված է այդ զինվորի համար շոր ու կոշիկ կարողից, կախված է նրա համար սնունդ բերողից, հայրենիքի թիկունքի տրամադրություններից և այն մտքերից ու մոտեցումներից, որ այդ զինվորը պետք է ապրի ամեն օր և հասկանա, որ իր թիկունքին ամբողջ հասարակությունն է կանգնած, և հայրենիքի պաշտպանությունը միայն այդ առաջնագծի զինվորների աշխատանքը չէ:

«Այս իմաստով, կարծում եմ, որ շատ բան արված է, բայց դեռ շատ-շատ բաներ կան անելու, և այդ գործընթացը երբևէ ավարտ չի ունենա, որովհետև մենք պատերազմական վիճակում ենք: Որևէ մեկը ապահովագրված չէ նման ռազմական բախումներից, կամ դրանց ուժգնացման որևէ ապահովագրություն չկա: Միակ ապահովագրությունը, թերևս, այն է, որ մենք ունենանք այնպիսի տնտեսություն, այնպիսի հասարակություն, հետևաբար այնպիսի բանակ, որը մեր հակառակորդի մոտ կվերացնի Հայաստանի դեմ հերթական ռազմական ավանտյուրա իրականացնելու գայթակղությունը»,-ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե մենք ըստ արժանվույն գնահատո՞ւմ ենք մեր հերոսներին, Սպարտակ Սեյրանյանն ասել է. «Պարտադիր չէ զինվորը զոհվի, որ մենք նրան գնահատենք, և պարտադիր չէ ռազմական գործողություններ լինեն, որ այդ տղաները հերոսություն ցույց տան, որ մենք գնահատենք: Եվ այսօր` այս պահին` հարաբերական խաղաղության պայմաններում, խրամատում կանգնած զինվորն արդեն հերոս է, և հասարակության համապատասխան վերաբերմունքն այդպիսին պետք է լինի»:

ՀՅԴ Բյուրոյի անդամը վստահ չէ, որ հասարակության բոլոր շերտերը, բոլոր խավերը 100 տոկոսով նման տրամադրություն, նման վերաբերմունք ունեն, չի էլ ակնկալում, որ այդպիսի իրավիճակ պետք է լինի:

Սպարտակ Սեյրանյանի համար կարևոր է, թե հայ քաղաքական էլիտան ինչ վերաբերմունք ունի իր ընդդիմադիրների նկատմամբ, հայ մտավորականությունն ինչ վերաբերմունք ունի այդ առումով, լրատվական դաշտն ինչ վերաբերմունք ունի այդ առումով: Պատերազմ ասելով` միայն այդ շփման գծի պատերազմը չենք հասկանում:

«Կա լրատվական պատերազմ, կա լրագրողական պատերազմ, հիբրիդային պատերազմ: Ի պատիվ Հայաստանի լրագրողների` երկու տարի առաջ, երբ նստած տարբեր լեզուներով, ընկերներին մոբիլիզացրած թարգմանում էին, նրանք էլ տեղեկատվական պատերազմի մեջ էին: Այսինքն` այդ երեխաները, այդ աղջիկներն իրենք էլ էին չէ՞ զինվոր այդ պահին: Հետևաբար` հասարակության վերաբերմունքի մեջ ամենակարևորը, կարծում եմ, զինվորի նկատմամբ, ընդհանրապես, անկախ նրանից այդ զինվորը ռազմական գործողություններին մասնակցել է, տանկ է խփել, թե չէ, ուղղակի զինվորի, զինվորականի նկատմամբ պետք է վերաբերմունքի արմատական փոփոխություն լինի: Ես կողմնակից չեմ պետական միջոցառումների ձևով դա իրականացնելուն, դրանք իրենց տեղն ու դերն անշուշտ ունեն, բայց բանակի ու զինվորականի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է մանկապարտեզից, ընտանիքից, միջավայրից, հասարակական այն միջավայրից, որ բանակից խուսափելը համարվում է ոչ թե ճարպկություն, այլ անարգանք»,-ասել է Սպարտակ Սեյրանյանը:

Նրա գնահատմամբ`հասարակությունում պետք է լինի անհանդուրժողականություն բանակի ու զինվորականի դեմ ուղղված ամեն ինչին: Նա չի կարծում, որ քննադատել պետք չէ, ընդհակառակը, նրա կարծիքով, երկու տարի առաջվա տեղի ունեցածն էլ ցույց տվեց, որ առողջ քննադատությունը, եթե ժամանակին լսվեր` շատ ու շատ խնդիրներ այլ կերպ կլուծվեին:

tert.am