Թուրք մտավորական. «Ցեղապաշտությունը հանրապետության հիմքն է»

Այշե Գյունայսու. Մարդու իրավունքների հարցերով զբաղվող եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ պայքարող

ԱՅՇԵ ԳՅՈՒՆԱՅՍՈՒ

«Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը վերջերս ցեղապաշտության ընդդիմադիրների օրակարգում է: Էրբեյը Twitter-ի իր էջում հրապարակում է հայկական վաքըֆների հասցեները և Ներքին գործերի նախարարությանը հարց ուղղում, թե ինչու են այդ վաքըֆներն այդչափ շատ, իսկ Ազգային կրթության նախարարությանն էլ հարցնում` հայկական դպրոցները վերահսկվում են, թե ոչ: Էրբեյը, որի դեմ դատական գործ է հարուցել «Ասա` վերջ ազգայնամոլությանը և ցեղապաշտությանը» կազմակերպությունը, Twitter-ի իր էջում Անատոլիայի զանազան վայրերից մի շարք քաղաքացիների անուն-ազգանունները հայտնելով` չի բավարարվում գրելով, թե նրանք «եզդի են» կամ «հայ», այլ նաև «հրապարակում» է տվյալ անձանց ծնողների անունները:

«Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի» միության անդամները, հայկական վաքըֆների հանդեպ իրենց թշնամությունն արտահայտելով, բացահայտում են խնդրի էությունը, այն է` կողոպտված գույքը: Թեև 97 տարի է անցել, սակայն նրանք լեղաճաք են լինում այն ահից, թե թալանված հարստության գլխին մի բան կգա: Արդեն իսկ մեզ «Ազատագրական պայքարի» անվան տակ ներկայացվածն էլ, իրականում և մեծավ մասամբ, բռնագրավված հունական, հայկական, ասորական ունեցվածքը նախկին տերերին չվերադարձնելու պատերազմն էր: Այն վախից, թե իրենց կողմից զավթված հսկայական նյութական հարստությունը ձեռքից կգնա, Անատոլիայի ավագանու` նախկին իթթիհադականներին, նորաթուխ քեմալական կադրերին ցուցաբերած աջակցությունն էր, որն ապահովեց, որ արդարության վերականգնման ուղղությամբ մի քայլ եղող Սևրի դաշնագիրը պատռվի, և փոխարենը բերվի Լոզանի պայմանագիրը:

Հենց դա էր մահմեդական եղբայրության նպատակը:

Երբ նպատակն իրագործվեց, եղբայրությունն իր տեղը զիջեց Միություն և առաջադիմություն կուսակցության հիմնումից ի վեր գոյություն ունեցող, բայց հանուն Ցեղասպանության ավարի` կարճ ժամանակահատվածով մուսուլմանական եղբայրության ստվերի տակ մնացած թուրքական ռասիզմին: Եվ շատ չանցած` քրդերի դեմ սկսվեց բնաջնջման և ժխտողականության քաղաքականություն: Թուրք հասարակության մեծ մասին, եթե ոչ` ամբողջին համոզեցին (քրդերի) ժխտման և ոչնչացման անհրաժեշտության հարցում:

Քրդերի դեմ ուղղված ցեղապաշտությունը մի ամբողջի ոչ թե պատահական, այլ պարտադիր մասն է, խնդրի աքիլլեսյան գարշապարը, որովհետև եթե հիշյալ ամբողջի հիմքում չնկատենք, որ հանրապետության ստեղծումը հիմնված է ցեղը կոտորելու և կողոպտելու գործընթացի վրա, ապա արդարության համար մղվող պայքարը թերի կմնա: Քանզի ցեղապաշտությունը, թուրքական ռասիզմն առկա է հանրապետության շաղախում: Որովհետև այլ կերպ չէր էլ կարող լինել: Որովհետև բնակչության մեծ մասը կազմող, տնտեսական, մշակութային, սոցիալական հարստության մեծ մասը ստեղծած քրիստոնյաների դարավոր հայրենիքից` Անատոլիայից թուրքական հայրենիք արարելու միակ միջոցը նախ` մահմեդականների համախմբումն էր, այնուհետև` մյուս ինքնությունների նկատմամբ ատելություն տածող թուրքական ինքնության ստեղծումը: Մուսուլմանական եղբայրությունից օգտվելով` քրիստոնյաներին ոչնչացնելուց հետո հերթը հասավ քրդերի ֆիզիկական ու մշակութային գոյության ժխտմանը, և այդ ժխտումը հնարավոր դարձնելու համար` բնաջնջմանը: Այն, որ իրականում առաջնահերթ նպատակը թուրքական հայրենիքի ստեղծումն էր, մուսուլմանական եղբայրության կողմից թալանված քրստոնյաների գույքը հափշտակելը, այդ նպատակով քրդերին ուղղված ռազմավարությունը դեռ 1911 թ., այսինքն` հայկական, հունական և ասորական ցեղասպանություններից առաջ էր բացահայտ կերպով արտահայտվել Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գաղափարախոս Զիյա Գյոքալփի կողմից. «Գերմանացի փիլիսոփա Նիցշեի երազած «գերմարդիկ» թուրքերն են»: Զիյա Գյոքալփը «Թյուրքացում, իսլամացում, արդիականացում» գրքում ավելի էր հստակեցնում իր ասելիքը. «…հպատակների մեջ սերմանվող «պետություն և հայրենիք» գաղափարները դատապարտված են մնալու անսեր, անհուզմունք, անգույն և անբարոյական հասկացություններ: Ինչպես համատեղ սիրո էակ չի կարող լինել, այնպես էլ անհնար է համատեղ հայրենիքի առկայությունը» (Տե’ս Taner Akçam, İnsan Hakları ve Ermeni Sorunu, İmge Yayınları, 2002, էջ 159-160):

Երբ նպատակն իրագործվեց, և Անատոլիան քրիստոնյաներից մաքրվեց, պաշտոնական շուրթերից բազմիցս հայտարարվեց, որ այլևս քրդերի կարիքը չի զգացվում, և որ նպատակը թուրքացումն է: 1924 թ. Թյուրքական օջախների ներկայացուցիչներին ուղղված ելույթում Իսմեթ Ինոնյուն ասում էր. «Մեր պարտքը թուրքական հայրենիքում գտնվողներին անհապաղ թուրք դարձնելն է: Թուրքերին և թրքությանը ընդդիմացող հպատակներին մորթելու ենք ու մի կողմ շպրտելու» (Տե’ս Rıfat N.Bali, Cumhuriyet Döneminde Türk Yahudileri. Bir Türkleştirme Serüveni, İletişim Yayınları, İstanbul, 2000, էջ 62): Աթաթուրքը 1923 թ. Ադանայի արհեստավորներին ուղղված ելույթում բավականին քամահրական էր. «Հայերն այս բերքառատ երկրում ոչ մի իրավունք չունեն: Ձեր երկիրը ձե’րն է, թուրքերինն է: Այս երկիրը պատմականորեն թուրքական էր, ուրեմն թուրքական է և հավերժ թուրքական է մնալու: (…) Այս բերքատու վայրը զտարյուն թուրքի երկիրն է» (Նույն տեղում, էջ 234):

Մնացյալը` եղբայրությունը, հազարամյա միասնականությունը, խաբեություն է:

http://www.ozgur-gundem.com/index.php?haberID=57322&haberBaslik=Irk%C3%A7%C4%B1l%C4%B1k%20cumhuriyetin%20temelidir&action=haber_detay&module=nuce&authorName=Ay%C5%9Fe%20%20G%C3%9CNAYSU&authorID=222

Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net
2012թ. դեկտեմբերի 5

Տպել Տպել