ԼՂՀ ԱԺ պատգամավորների հարցերին պատասխանում է կառավարությունը

Նոյեմբերի 29-ին կայացավ ԼՂՀ ԱԺ լիագումար նիստը: Օրակարգային հարցերից էր «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը Խորհրդարանում ներկայացրեց ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կ. Պետրոսյանը, (Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հիմնավորմամբ) նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից: «Սկսած 2004 թվականից` հանրապետությունում, ԼՂՀ հողային օրենսգրքի համաձայն, իրականացվում են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման եւ նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի կադաստրային քարտեզների հիման վրա ճշգրտվել են Մարտունու եւ Մարտակերտի շրջանների վարչական սահմանները, եւ դրանց հանգուցային ու բնորոշ կետերը սահմանանիշերով ամրացվել են տեղանքում` կապակցելով այն պետական գեոդեզիական ցանցին,- նշեց Կ. Պետրոսյանը: Մինչեւ տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Հադրութի շրջանի նկարագրությունը, իսկ 2013 եւ 2014 թվականին կավարտվեն Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում տարվող աշխատանքերը: Ինչ վերաբերում է կարգավորման նպատակին ու բնույթին,- նշեց պետական կոմիտեի նախագահը,- ապա նախագծի ընդունումը թույլ կտա համայնքներին ունենալ պատշաճ ձեւակերպված եւ տեղանքում ամրացված վարչական սահմաններ ու խուսափել սահմանային վեճերից»։

Օրինագծի վերաբերյալ պատգամավորները հնչեցրեցին իրենց տեսակետները: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը բարձրացրեց համայնքներին լրացուցիչ հողատարածք տրամադրելու հարցը: Վ. Բալայանը գտնում էր, որ մեր որոշ համայնքներ ունեն այդ հողերի կարիքը, եւ այդ հարցը կարելի է լուծել նաեւ պետական պահուստի հաշվին:

Քննարկումներից հետո կայացավ քվեարկություն: Նիստին ներկա էին 25 պատգամավորներ, եւ ձայների` 20 կողմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց: «Դաշնակցություն» խմբակցությունը օրենքի նախագծի քվեարկությանը ձեռնպահ եղավ:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր «ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի նոր խմբագրությամբ նախագծին, որը «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ ՙԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրենքների նախագծերի հետ միասին խորհրդարանում շրջանառության մեջ էր դրված օրենսդրական փաթեթի տեսքով] Աշոտ Ղուլյանի, Վարդգես Բաղրյանի եւ Կամո Մարտիրոսյանի համատեղ պատգամավորական նախաձեռնությամբ:

Խորհրդարանը կողմ քվեարկեց առաջարկությանը. օրինագծերի փաթեթն ընդունելով առաջին ընթերցմամբ:

Օրակարգային հարցերից էր ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2013թ տարեկան գործունեության ծրագիրը. այն ներկայացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը: Խորհրդարանը հաստատեց ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2013թ. գործունեության տարեկան ծրագիրը:

Խորհրդարանն ի գիտություն ընդունեց ԼՂՀ 2012թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը եւ հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2013թ. տարեկան գործունեության ծրագիրը:

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր, ում թեկնածությունն առաջարկել էր ԼՂՀ Նախագահը: Քվեարկության արդյունքում ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր ընտրվեց Վլադիմիր Խորենի Հովսեփյանը:

Օրակարգի համաձայն` պատգամավորներն իրենց հարցերն ուղղեցին ԼՂՀ կառավարությանը:
«ՙԴաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը կառավարությանն ուղղեց երկու հարց: Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Ա. Սարգսյանը նշեց, որ շրջաններում ընտրողների հետ հանդիպման ժամանակ բնակչության կողմից պարբերաբար բարձրացվում է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար տրվող վարկավորման ծրագիրը: Խնդիրը կայանում է նրանում, որ բանկերը վարկ տրամադրում են ԱՄՆ դոլարով եւ արտարժույթի տատանումները բացասական ազդեցություն են ունենում ձեռնարկատերերի գործունեության վրա: Պատգամավորին հետաքրքրում էր այդ հարցի առնչությամբ կառավարության դիրքորոշումը, ինչպես նաեւ` այն հանգամանքը, թե հնարավոր է արդյոք, որ վարկերը այսուհետ տրամադրվեն ՀՀ դրամով` ազգային արժույթով:

Պատգամավորի հարցին պատասխանեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը.

– Իհարկե, հարցն այսօր արդիական է եւ որոշման անհրաժեշտություն կա: Ինչ վերաբերում է կառավարության հնարավոր քայլերին` նշեմ, որ նախ վարկերը տրամադրում են բանկերը, իսկ կառավարությունը հիմնադրամի միջոցով սուբսիդավորում է տոկոսների մի մասը, իսկ բանկերն էլ տրամադրում են այն ռեսուրսով, ինչ ռեսուրսով ունեն: Հարցը քննարկման փուլում է եւ 2013թ առաջին եռամսյակում կառավարությունը կներկայացնի որոշման վերաբերյալ իր տեսակետը:

Արմեն Սարգսյանի երկրորդ հարցը վերաբերում էր ԼՂՀ բուժհիմնարկներում սերնդափոխության գործընթացին: Խնդիրը հատկապես արդիական է Մարտունի քաղաքի հիվանդանոցում, որտեղ այսօր աշխատում են վաստակաշատ ու փորձառու բժիշկներ, որոնք ցանկանում են իրենց փորձը փոխանցել նոր սերնդին եւ որից հետո միայն գնալ վաստակաշատ հանգստի: Խնդիրը կայանում է նրանում, որ նշված բնակավայրում չկան երիտասարդ մասնագետներ, ինչը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:

Պատգամավորի հարցին պատասխանեց առողջապահության նախարար Զոյա Լազարյանը.

-Առողջապահության համակարգում բժիշկ մասնագետների սերնդափոխությունը առաջնահերթ խնդիրներից մեկն է: Կարելի է արձանագրել, որ այդ ուղղությամբ բավական աշխատանք է տարվել. իհարկե, այն լինելու է շարունակական: Հարցադրումը տեղին է: Այդ հարցը վերաբերում է ոչ միայն Մարտունու շրջանին, այլ ընդհանրապես ամբողջ համակարգին: Մարտունու եւ մյուս շրջանների, ինչպես նաեւ մայրաքաղաքի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ ունենք պայմանավորվածություն, որ բացի մեր մասնագետներից, որոնք վերադառնալուց հետո հիմնականում ուղարկում ենք շրջաններ, ներկայացված է համապատասխան մասնագետների պահանջագիրը, եւ կաշխատենք համալրման հարցը համատեղ իրականացնել հնարավորության սահմաններում:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Կամո Բարսեղյանը երկու հարց ուղղեց կառավարությանը, որոնք վերաբերում էր գյուղատնտեսության համակարգին: Պատգամավորը, մինչ հարցը հնչեցնելը, նշեց, որ ողջունելի է ապահովագրական գործընթացի կիրառումը ԼՂՀ-ում, սակայն ներկայումս պարտադիր կերպով ապահովագրում են ավտոտրանսպորտային միջոցները: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջաններում ՙԴաշնակցություն՚ խմբակցության կայացած հանդիպումների ժամանակ բնակիչները հնչեցրել են գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության հարցը:

Պատգամավորի հարցին պատասխանեց գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը.

-Այսօր արդիական է գյուղատնտեսության համակարգի ապահովագրությունը եւ, ի տարբերություն մյուս ճյուղերի, գյուղատնտեսության ապահովագրության ռիսկայնությունը մեծ է: Բոլորովին վերջերս մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն Հայաստանի Հանրապետության համապատասխան ընկերությունների հետ, եւ ստորագրել ենք մի պիլոտային փաստաթուղթ, որով առաջիկայում ապահովագրելու ենք տոհմային կայանի անասունները: Այդ գործընթացը սկսում ենք անասնապահական ոլորտից: Բանակցություններ է տարվում, որպեսզի 2013թ. աշնանացանի ապահովագրությանն անցնենք:

Պատգամավոր Կամո Բարսեղյանի երկրորդ հարցը մեքենատրանսպորտային կայանների եւ աշնանացանի վարկավորման վերաբերյալ էր: Ըստ պատգամավորի` մեքենատրակտորային կայաններն այսօր ոչ արդյունավետ գործունեություն են ծավալում, իսկ աշնանացանի համար տրամադրվող վարկերն ուշացվում են: Պատգամավորին հետաքրքրում էր, թե կառավարությունն ի±նչ քայլեր է ձեռնարկում վերոնշյալ ոլորտում աշխատանքները ճիշտ կազմակերպելու եւ բնակչության դժգոհություններին լուծում տալու ուղղությամբ:

Գյուղատնտեսության նախարարը պատգամավորի հարցին տվեց հետեւյալ պատասխանը.

-Մենք միշտ խնդիրներ ենք ունենում այս ուղղությամբ: Մեր կողմից սահմանվել է հստակ կանոնակարգ` աշնանացան վարկերը տրամադրվում են ժամանակին: Մենք արդեն համապատասխան որոշում ենք կայացրել` տրամադրում ենք վարկերը դիզվառելիքի, պարարտանյութի եւ կանխիկ գումարի ձեւով: Այն բոլոր քաղաքացիների համար, ովքեր հիմնադրամին այս պահի դրությամբ մինչեւ հոկտեմբերի 15-ը ժամկետանց պարտավորություններ չունեն, համայնքի ղեկավարները ներկայացրել են համապատասխան հայտ եւ վարկավորումը համապատասխան կարգով ընթանում է: Իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն նախորդ տարիներից կուտակված ժամկետանց պարտավորություններ աշնանացանի վերաբերյալ, ապա այդ առումով դժգոհություններ առաջանում են եւ պայմանագրի համապատասխան` մենք չենք կարող նրանց կրկին գումարներ տրամադրել:

Մեքենատրակտորային կայանների հարցով` նախարարը նշեց, որ մեքենատրակտորային կայանները ստեղծվել են աջակցություն ցուցաբերելու համար, իսկ այդ կայաններում առկա է սահմանակ քանակությամբ գյուղտեխնիկա: Եւ ամբողջությամբ բավարարել բոլորի հայտերը` հնարավոր չէ:

Նախարարը նշեց նաեւ, որ գործում է մեկ այլ ծրագիր` լիզինգային եւ արտոնյալ լիզինգի միջոցով տեխնիկա ձեռք բերելու: Կառավարությունը տարբերակներ է առաջարկում` արժեքի մի մասի սուբսիդավորում, կամ տոկոսներն է ամբողջությամբ սուբսիդավորում նոր գյուղտեխնիկա ձեռք բերելու համար, որպեսզի այդ խնդիրը օրակարգից հանվի:

«Դաշնակցության» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի հարցը վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաներին: Պատգամավորը գտնում էր, որ տեղեկատվական տեխնոլոգիանները թափանցել են մեր կյանքի բոլոր ոլորտները, սակայն այսօր Արցախյան գյուղը դրանից չի օգտվում: Պատգամավորին հետաքրքրում էր, թե կառավարությունն ընդհանուր առմամբ ինչպիսի՞ ծրագրեր ունի այս ոլորտում եւ հնարավո՞ր է արդյոք մոտակա ժամանակահատվածում լուծել այս խնդիրը, որովհետեւ գյուղական երիտասարդության համար դա անչափ կարեւոր է:

Պատգամավորի հարցին պատասխանեց արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Մնացականյանը.

-Ինչ վերաբերում է Արցախի գյուղերում տեղեկատվական տեխնոլոգիանեի հասանելի դարձնելուն, ապա կարող եմ նշել, որ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության հետ աշխատանքներ եւ բանակցություններ են տարվում: Մյուս տարի նոր օպտիկա մանրաթելային մալուխներ են նախատեսվում անցկացնել ԼՂՀ մի քանի շրջաններում: Մյուս եւ հաջորդ տարիների ընթացքում այդ ստեղծված ցանցը միանշանակ կընդլայնվի: Դրանում շահագռգռված է ոչ միայն կառավարությունը այլեւ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը:

Ազգային ժողովի օրակարգում առկա էր նաեւ պատգամավորների հայտարարության հարցը, սակայն որեւէ հայտարարություն չհնչեց:

Անի ԱԶԱՏՅԱՆ
«ԱՊԱՌԱԺ»

Տպել Տպել