
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ապրիլի 27-ին հյուրընկալվել է «Երկիրն այսօրի» տաղավարում:
Ներկայացնում ենք հարցազրույցի սղագրությունը:
Այսօր ներքաղաքական հարցերի շուրջ կզրուցենք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: Ես կցանկանայի ընթերցել այն հայտարարությունը [1], որը տարածվեց ժամեր առաջ, որից հետո կզրուցենք եւ պարզաբանումներ կմտցնենք, քանի որ բազմիցս արդեն խոսվել էր հայտարարության մասին, որը պետք է լիներ. եղավ հայտարարությունը եւ բացեր մնացին: Լրատվամիջոցները սկսեցին քննարկել եւ խոսել թե ինչ է նշանակում այս հայտարարությունը:
– Պարոն Համբարձումյան, եկեք պարզաբանենք , ինչ է սա նշանակում ՝ համախմբվում եք Նիկոլի շուրջ, թե՞ … ինչպես մենք սա հասկանանք:
– Գիտեք մայիս 1-ին նախատեսված է Ազգային ժողովի նիստ, որի ժամանակ պետք է առաջադրվի կամ առաջադրվեն վարչապետի թեկնածուներ եւ տեղի ունենա ընտրություն: Գործող օրենսդրությամբ, բոլոր չորս խմբակցություններն անխտիր իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածու՝ անկախ նրանց ունեցած թվակազմից: Մեր մտահոգությունը եւ մտավախությունը կայանում է նրանում, որ մինչեւ ազգային ժողովի նիստը եթե Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, որոնք ներկայացնում են խմբակցությունները, չձեւավորեն համախոհություն, ակնկալել, թե քվեարկության ճանապարհով մենք ստեղծված իրավիճակից հանգուցալուծում կունենանք, մեղմ ասած միամտություն է:
Օրեր առաջ, նույն Ազգային ժողովում, ձայների բավականին մեծ թվով ընտրվել էր վարչապետ՝ 77 քվեով: Բայց պետք է արձանագրենք, որ ստեղծված իրավիճակում, քվեարկելու ճանապարհով, առանց համախոհության, քաղաքական ճգնաժամը, այն ֆորսմաժորային իրավիճակը, որ այսօր Հայաստանում կա հանգուցալուժում չի կարող ունենալ, հետեւաբար, միակ ճանապարհը մեր համոզմամբ, այն է, որ քաղաքական բոլոր ուժերը կարողանան ձեւավորել ընդհանուր հայտարար, մինչեւ Ազգային ժողովի նիստը եւ այդ համախոհությամբ փորձեն հանգուցածումը գտնել՝ ոչ թե հիմնվելով քվեարկության վրա, այլ համախոհության վրա: Եվ այդ հանգուցածումը չի կարող հանգել միայն վարչապետի ընտրությանը: Հանգուցածումը պիտի լինի ամբողջական:
Ամբողջական հանգուցալուծումը ենթադրում է հստակ գործողությունների ծրագիր, թե ընտրվող վարչապետը եւ ձեւավորվող կառավարությունը ինչ քայլերով եւ ինչ գործողություններով պիտի երկիրը դրական ընթացքի մեջ բերի եւ ինչ քայլերի հաջորդականությամբ մենք կարող ենք գնալ առաջ: Եթե այս բոլոր հարցերի համախումբը ճիշտ լուծումներ չստանա նախապես ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում եւ համախոհությամբ , այսինքն կոնսենսուսով, չեմ կարծում, որ մենք մայիսի 1-ին կունենանք հանգուցալուծում: Ընթացակարգը հետեւյալն է. Եթե մայիսի 1-ին ինչ-ինչ հանգամանքների բերումով, չգոյանան, չձեւավորվի այդ համախոհությունը եւ չընտրվի վարչապետ, 7 օր հետո, արդեն ձայների մեկ երրորդով Ազգային ժողովի պատգամավորները կարող են առաջադրել վարչապետի նոր թեկնածուներ: Այսինքն, եթե մայիսի 1-ին հանգուցածում չի լինում, այդ պարագայում, այս դիմակայությունը շարունակվելու է եւս մի քանի օր, եւ դժվար է ասել այդ զարգացումների պարագայում մենք ինչ անկանխատեսելի զարգացումներ կարող ենք ունենալ, ինչ մարտահրավերներ կարող ենք դիմագրավել:
Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի, որ առանց սպասելու երկրորդ փուլի եւ հետագա զարգացումների, առկա իրողությունները հաշվի առնելով, քաղաքական ուժերը սթափ դատողությամբ, իրավիճակը ռեալ գնահատելով, եւ համախոհությամբ փորձեն լուծումները գտնել: Մենք համոզված ենք, որ պայմանականությունները, ձեւականությունները, հարցերի ձեւական կողմերը եթե մի կողմ թողնենք քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով, սեղանի շուրջ քննարկումների ճանապարհով, հնարավոր է լուծումները գտնել: Գոնե մենք մեր նախընթաց հարաբերությունների ընթացքում, տարբեր քաղաքական ուժերի, տարբեր կուսակցությունների հետ որեւէ դժվարություն չենք ունեցել հարցերի շրջանակ քննարկելու մեջ:
Այդ փորձառությունից ելենելով մենք վստահ ենք, որ կարելի է լուծումները գտնել: Հավանաբար գիտեք, երեկ նաեւ հանդիպում ենք ունեցել պրն Փաշինյանի հետ: Քննարկել ենք մեզ հետաքրքրող հարցերի շրջանակը: Կարծում եմ բավականին օգտակար հանդիպում էր, եւ այն մյուս բոլոր հանդիպումների հետ, որ այս ընթացքում մեք ունեցել ենք, մեզ հույս է ներշնչում, որ կարելի է լուծումները գտնել: Պարզապես պետք է ռեալ գնահատել իրավիճակը, հաշվի առնել այն պահանջը, որ այսօր կա, փոփոխություններ կատարել երկրում՝ լուրջ, արմատական, տեսանելի եւ այդ գիտակցումով գնալ կոնկրետ լուծումների, որովհետեւ վարչապետ ընտրելը ինքնանպատակ չէ:
Խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորվեն: Անխուսափելի է, նորընտիր վարչապետը պետք է ձեւավորի կառավարություն, անգամ եթե ժամանակավոր կառավարություն: Անգամ եթե արտահերթ ընտրությունների օրակարգն է, այդ պարագայում հստակ պետք է հասկանալ այն ժամանակացույցը, այն գործողությունները, այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն նախապատրաստելու եւ անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար, որպեսզի այդ ընտրությունները լինեն ազատ, արդար եւ թափանցիկ: Իսկ դրա համար, ամենատարբեր առումներով, հստակ քայլերի անհրաժեշտություն կա՝ թե օրենսդրաիրավական դաշտի, թե ընտրական մեխանիզմների, թե ընտրությունների հետ կապված՝ տեխնիկական խնդիրների լուծմամբ: Այս բոլոր հարցերը ենթադրում են ժամանակ, ենթադրում են քայլեր գործողություններ եւ հստակ այս բոլորը հասկանալով, գիտակցելով գնանք ընդառաջ եւ լուծումները գտնենք:
Բոլորս ապրում ենք այս երկրում, բոլորս վաղն ապրելու ենք այս երկրում, երկրի եւ ժողովրդի շահը ամեն ինչից վեր է, եւ այս գիտակցումով պետք է փորձենք լուծումներ գտնել: Մենք այս համաժողովրդական շարժման արդյունքում ամենակարեւոր ձեռքբերումը, որ ունենք քաղաքացին է՝ պահանջատեր եւ պատասխանատու քաղաքացին: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մենք ունենք, ոչ թե անտարբեր եւ համակերպվող բնակիչներ, մենք ունենք պահանջատեր եւ պատասխանատու քաղաքացիներ: Սա ամենագնահատելի արժեքն է, որ պետք է ամեն գնով պահպանել, որովհետեւ քաղաքացին է, որ երկիր է պահում, քաղաքացին է, որ պետություն է կերտում եւ այս արժեքը որեւէ պարագայում չպետք է կորցնել: Մեր մտահոգությունը եւ մեր քայլերի տրամաբանությունը բխում է հենց այս կարեւոր հանգամանքից:
-Պրն Համբարձումյան, նաեւ այս թեման շոշափենք, մենք խոսում ենք մեկ թեկնածուի մասին, այսինքն հիմա ժողովուրդը կանգնել է Նիկոլի կողքը ասում է, մեր թեկնածուն ինքն է: Կոչերով՝ Նիկոլը վարչապետ է լինելու: Եթե ընդունենք այսպես՝ ՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ծառուկյան դաշինքը եւ մնացած բոլորը համախմբվում են եւ եւս մեկ թեկնածու են ներկայացնում: Նիկոլն ասում է, թե ինքը չի ուզում վարչապետ լինել, իր սկզբունքը դա չէ, ուզում է կոռուպցիային վերջ դնել: Այս դեպքում , ինչ եք կարծում, ինչպիսին կլինի բախումը ժողովրդի հետ, այս դեպքում արդեն ժողովրդի հետ բախում կլինի, որովհետեւ իրենք ներկայացնում են Նիկոլին, ցանկանում են տեսնել Նիկոլին որպես վարչապետի եւ մենք կներկայացնենք ենք մեկ մարդու, ում ժողովուրդը չի ընդունի: Այս դեպքում կարող ենք այդպես համարել:
– Տեսեք, քվեարկությամբ, նորից եմ կրկնում, սոսկ քվեարկությամբ, հնարավոր չէ ակնկալել, որ մենք Ազգային ժողովում կարող ենք ընտրել վարչապետ եւ ունենալ իրավիճակի հանգուցալուծում, որովհետեւ ունենք նախընթաց փորձառություն: Այս իրողությունը պետք է հաշվի առնել. Ինչ վիճակ ունենք Ազգային ժողովում: Ազգային ժողովում ներկայացված են չորս քաղաքական ուժեր՝ Հնարապետական կուսակցությունը, Ծառուկյան դաշինքը, Ելք դաշինքը եւ ՀՅԴ-ն: Հանարապետական կուսակցությունն ունի 58 ձայն, Ծառուկյան դաշինքը ունի 31 ձայն, Ելք դաշինքը ունի 9-ը ձայն, ՀՅԴ-ն՝ 7 ձայն:
Վարչապետ ընտրելու համար, անհրաժեշտ է 53 ձայն: Այսինքն, այսօրվա ուժերի հարաբերակցության պայմաններում, միակ քաղաքական ուժը, որը միայնյակ, առանց այլ քաղաքական ուժերի կարծիքը հաշվի առնելու, վարչապետ կարող է ընտրել, Հանրապետական կուսակցությունն է: Բայց եկեք համաձայնեք, որ անգամ եթե Հանրապետական կուսակցության 58 պատգամավորները քվեարկեն եւ ընտրեն վարչապետ, իրավիճակը մենք չենք հանգուցալուծելու: Անգամ եթե այլ խմբակցություններ եւս միանան եւ քվեարկեն այն թեկնածուի օգտին, որը չի արժանացել համընդհանուր հավանության, մենք հանգուցալուծում չենք ունենալու:
Հետեւաբար անհրաժեշտ է, որ այդ հանգուցալուծման համար, մենք ունենանք միասնական դիրքորոշում, որը կլինի բոլորի համար ընդունելի: Բայց որպեսզի բոլորի համար ընդունելի լինի, մենք պետք է հասկանանք, թե տվյալ թեկնածուն ինչ քաղաքական օրակարգով է գալիս, ինչ ճանապարհային քարտեզով է գալիս, ինչ թիմով է գալիս խնդիրները լուծելու համար, որովհետեւ մարդիկ ուզում են խնդիրների լուծում: Անձերի փոփոխությունը դեռ որեւէ բան չի կարող նշանակել, եթե մարդկանց համար հստակ չէ , թե ինչ պետք է արվի, ինչ քայլերի հաջորդականությամբ եւ ինչ ժամկետներում: Գոնե այս խնդիրների մասին պետք է մարդկանց հստակ պատկերացում տալ:
– Քանի որ ժամանակը սուղ է, շատ կցանկանայի որ խոսեք կոալիցիայից դուրս գալու մասին, քանի որ մինչ կոալիցիայից դուրս գալը քննադատություններ կային, թե ինչու էիք այնտեղ եւ կոալիցիայից դուրս գալուց հետո էլ քննադատում են, թե ինչու այդպես ստացվեց: Խնդրում եմ մի փոքր ներկայացրեք այդ իրավիճակը, քանի-որ շատ քննադատություններ կան այս առնչությամբ:
– 128 տարի է Դաշնակցությունը քննադատվում է ամենատարբեր կողմերց, բայց մենք շարունակում ենք այն ճանապարհը, որը բխում է մեր համոզումներից: Մենք ռեալ, սթափ գնահատում ենք ստեղծված իրավիճակը: Չենք կարող չտեսնելու տալ այն պահանջը, որ կա այսօր: Կոալիցիայի մեջ լինելով հանդերձ, մենք փորձել ենք, այն չափով, ինչ չափով որ կոալիցիոն պայմանավորվածությունները թույլ են տալիս, մեր ինքնուրույն քաղաքական գիծը տանել, որպեսզի երկխոսության հարթակ ձեւավորվի եւ հարցը ունենա քաղաքական հանգուցալուծում: Որոշակի հաջողություններ, պետք է ասեմ, արձանագրել ենք: Բայց, այնուամենայնիվ կոալիցիայի մեջ լինելը շատ դեպքերում կաշկանդում էր մեր գործողությունները:
Շատ պարզ տրամաբանությամբ, որովհետեւ եթե դու կոալիցիոն գործընկերության շրջանակներում ես գործում առաջանում է որոշակի վստահության խնդիր, գործողությունները համադրելու, համաձայնեցնելու հարց, որը միշտ չէ, որ օգտակար է լինում քայլեր ձեռնարկելու իմաստով: Այսինքն առաջին հերթին փորձել ենք, որ այս կաշկանդումը չունենանք եւ կոալիցիոն պայմանավորվածությունները չխանգարեն մեզ , որպեսզի մեր պատկերացրած հանգուցալուծման ճանապարհները կարողանանք առաջարկել եւ տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում լուծումներ ի հայտ բերենք: Կոալիցիայից դուրս գալուն, գիտեմ, շատերը ամենատարբեր մեկնաբանություններ են տալիս, բայց պետք չի այդ մոտեցումներով դատել քաղաքական ուժերի գործողությունների մասին, այլ պետք է սթափ դատել, եւ նայել թե տվյալ քաղաքական ուժը ինչ մոտեցումներից, մղումներից ելնելով է այդ գործողությունները կատարում եւ կարծում եմ ժամանակը կգա եւ ժամանակը իր գնահատականը կտա: Հիմա կան որոշակի հանագամանքներ, կարծում եմ դրա ժամանակը չի փակագծեր բացելու, բայց կոալիցիայից դուրս գալու մեր քայլի տրամաբանությունը կարծում եմ հետագայում այս հանգուցալուծումից հետ, ավելի պարզ, հստակ կներկայացնենք, մարդկանց համար ավելի հասկանալի կլինի:
– Շնորհակալություն պրն Համբարձումյան
arfd.am