ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հրաժեշտի ուղերձը

Սիրելի´ գործընկերներ, Արագածոտնի մարզի հարգարժա´ն բնակիչներ,

Աստծո կամոք և Հ.Յ. Դաշնակցության վստահության շնորհիվ տասը ամիս առաջ պատիվ ունեցա ստանձնելու Արագածոտնի մարզի ղեկավարի պատվաբեր, միևնույն ժամանակ պարտավորեցնող պաշտոնը:

Պաշտոնավարման այս տասը ամիսների ընթացքում ամենօրյա հետևողական և համառ աշխատանքի շնորհիվ փորձել եմ լուծել իմ` որպես մարզի ղեկավարի և մարզի զավակի առջև ծառացած խնդիրները, իմ աշխատանքով հարթել եղած կնճիռները և լինել ճիշտ օրինակ իմ գործընկերների և ժողովրդի համար: Որպես մարզի զավակ` քաջատեղյակ լինելով իմ ժողովրդի և մարզի բնակչի հոգսերին` ձգտել եմ օր առաջ վեր հանելու դրանք և գտնելու դրանց լուծման ուղիները:
Ստանձնելով մարզի ղեկավարի պարտականությունը` որդեգրեցի արդար և ազնիվ սկզբունքներիս անդավաճան աշխատաոճ` ձգտելով ամեն օր նույնը սերմանել իմ աշխատակազմում:

Այսօր լիահույս եմ, որ կարողացել եմ ցանել ազնիվ և բովանդակալից աշխատանքի սերմեր, որոնց ծիլերն արդեն իսկ շոշափվում են, և պտուղները դեռ երևալու են:

Սիրելի´ գործընկերներ, վստահ եմ, որ մեր սկսած ստեղծարար և կառուցողական աշխատանքը շարունակելու ենք պատվով ոչ միայն ի բարգավաճում Արագածոտնի մարզի, այլև ի բարօրություն մեր հայրենիքի` Հայաստանի Հանրապետության:

aragatsotn.mtad

Տպել Տպել