- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2018 թվականի առաջին համարը

ԱԶԴ

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի [1] 2018 թվականի առաջին համարը՝ մոտ 300 էջ ծավալով։

Խմբագրականում մանրամասն անդրադարձ է կատարվում մեզանում Հայոց պետականության վերականգնման յուրահատուկ խորհրդանիշը դարձած Մայիս 28-ի տոնակատարությունների նախապատրաստման ընթացքին, վեր են հանվում նրանում տեղ գտած թերությունները, ներկայացվում են վիճակը շտկելուն ուղղված կոնկրետ առաջարկներ։

Շարունակելով «Վէմ»-ի նախորդ Խմբագրականում տեղ գտած եւ ընթերցողների շահագրգիռ արձագանքին արժանացած՝ հայոց ինքնության շուրջ քննարկումները, ներկա համարում նույն թեմայի վերաբերյալ հրապարակվել են սոցիալական փիլիսոփայության ոլորտի մասնագետներ Էդվարդ Ա. Հարությունյանի [2] եւ Մովսես Հ. Դեմիրճյանի [3] ծավալուն հոդվածները։

«Վէմ»-ի 2018 թվականի առաջին համարում իրենց հիմնարար գիտական հարցադրումներով աչքի են ընկնում հատկապես գրականագետ Աշխեն Էդ. Ջրբաշանի՝ [4] մինչաբեղյանական շրջանի հայ տաղագիտությանը նվիրված ուսումնասիրությունը եւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Մ. Հասրաթյանի հրապարակումը՝ միջնադարյան Հայաստանի բերդ-եկեղեցիների մասին [5]։

Հայաստանի Հանրապետության 100-ամյակի հետ կապված՝ «Պետականության մարտահրավերը» խորագրի տակ լույս տեսնող թվով 4-րդ հրապարակումը ՀՀ 1918-1920 թթ. տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ուսումնասիրությանը նվիրված Աննա Է. Ասատրյանի հոդվածն է [6]։

Ներկա համարից սկսվել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի առիթով գրված՝ Սարգիս Ռ. Մելքոնյանի ծավալուն ուսումնասիրության հրապարակումը [7], որի առաջին մասն ընդգրկում է երանաշնորհ հայրապետի ուսումնառության տարիները (1877-1897 թթ.)։ Նրանում առաջին անգամ հանգամանալից գիտական քննության է ենթարկվում 1897 թ. Գերմանիայում Գարեգին Հովսեփյանի պաշտպանած դոկտորական ատենախոսությունը։

2018 թվականի առաջին համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրավ հոդվածներ։ Ներկայացնում ենք «Վէմ» -ի 20118 թվականի թիւ 1-ի Բովանդակությունն [8] ու Խմբագրականը [9]։