Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2018 թվականի առաջին համարը

ԱԶԴ

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2018 թվականի առաջին համարը՝ մոտ 300 էջ ծավալով։

Խմբագրականում մանրամասն անդրադարձ է կատարվում մեզանում Հայոց պետականության վերականգնման յուրահատուկ խորհրդանիշը դարձած Մայիս 28-ի տոնակատարությունների նախապատրաստման ընթացքին, վեր են հանվում նրանում տեղ գտած թերությունները, ներկայացվում են վիճակը շտկելուն ուղղված կոնկրետ առաջարկներ։

Շարունակելով «Վէմ»-ի նախորդ Խմբագրականում տեղ գտած եւ ընթերցողների շահագրգիռ արձագանքին արժանացած՝ հայոց ինքնության շուրջ քննարկումները, ներկա համարում նույն թեմայի վերաբերյալ հրապարակվել են սոցիալական փիլիսոփայության ոլորտի մասնագետներ Էդվարդ Ա. Հարությունյանի եւ Մովսես Հ. Դեմիրճյանի ծավալուն հոդվածները։

«Վէմ»-ի 2018 թվականի առաջին համարում իրենց հիմնարար գիտական հարցադրումներով աչքի են ընկնում հատկապես գրականագետ Աշխեն Էդ. Ջրբաշանի՝ մինչաբեղյանական շրջանի հայ տաղագիտությանը նվիրված ուսումնասիրությունը եւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Մ. Հասրաթյանի հրապարակումը՝ միջնադարյան Հայաստանի բերդ-եկեղեցիների մասին։

Հայաստանի Հանրապետության 100-ամյակի հետ կապված՝ «Պետականության մարտահրավերը» խորագրի տակ լույս տեսնող թվով 4-րդ հրապարակումը ՀՀ 1918-1920 թթ. տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ուսումնասիրությանը նվիրված Աննա Է. Ասատրյանի հոդվածն է։

Ներկա համարից սկսվել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի առիթով գրված՝ Սարգիս Ռ. Մելքոնյանի ծավալուն ուսումնասիրության հրապարակումը, որի առաջին մասն ընդգրկում է երանաշնորհ հայրապետի ուսումնառության տարիները (1877-1897 թթ.)։ Նրանում առաջին անգամ հանգամանալից գիտական քննության է ենթարկվում 1897 թ. Գերմանիայում Գարեգին Հովսեփյանի պաշտպանած դոկտորական ատենախոսությունը։

2018 թվականի առաջին համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրավ հոդվածներ։ Ներկայացնում ենք «Վէմ» -ի 20118 թվականի թիւ 1-ի Բովանդակությունն ու Խմբագրականը։

Տպել Տպել