Դաշնակցությունը հստակ իր ուղեգծի վրա է

Ժողովրդական շարժումը, դրա առաջացման պատճառներն ու հետևանքները, հնարավոր ելքերը՝ այս հարցերի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ զրուցեց ՀՅԳ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ երկրում առաջացել է նոր իրավիճակ՝ կապված ժողովրդական շարժման հետ. տարիներով կուտակված էին բազմաթիվ խնդիրներ, որը բնականորեն ժողովրդի մոտ առաջացրել էր դժգոհություն և իր հանգուցալուծումը տեղի ունեցավ ժողովրդական շարժման բռնկումով՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Այս ամենը, Եղիազարւյանի գնահատմամբ, բերեց վերջին 20 տարվա քաղաքական կուրսի որոշակի փոփոխության: «Իհարկե, Փաշինյանը հավաստիացնում է, որ կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենա՝ կապված երկրի անվտանգության հետ: Սակայն պետք է արձանագրենք, որ այս ամենով սկիզբ դրվեց նոր հիմքի և խնդիրները, որոնք տարիներով լուծում չէին ստանում կամ դանդաղ էր լուծման ընթացքը, այս շարժման միջոցով հնարավորություն տրվեց նոր հանգուցալուծման տանել և փորձել լուծել դրանք»,-ասաց նա:

Ըստ Եղիազարյանի՝ արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն սպասվում՝ Հայաստանը հավատարիմ է մնում այն քաղաքական կուրսին, որը մինչ այդ որդեգրել էր: Սակայն, Եղիազարյանի խոսքով, կփոխվի խնդիրների լուծման մարտավարությունը, մոտեցումները: Իսկ ինչ վերաբերում է երկրի ներքին խնդիրներին, ապա, նրա կարծիքով, այստեղ բավականին փոփոխություններ են սպասվում՝ հիմնականում կապված ընտրական համակարգի հետ.«Տեսեք՝ ամբողջ գործընթացը տանելու է դեպի արտահերթ ընտրությունների: Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները տեղի կունենան ողջամիտ ժամկետներում, չնայած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մինչև չլուծվեն, հնարավոր չի լինի արտահերթ ընտրություն իրականացնել: Հույս ունեմ, որ առնվազն մեկ տարի անց մենք կունենանք այնպիսի ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա ժողովրդի իրական քվեն ներկայացնող ընտրություն անցկացնել: Երկիրը ցնցումներից զերծ պահելու համար պետք է համախոհության սկզբունքով ձևավորվի կառավարություն՝ իր ծրագրով, որը ես կանվանեմ անցումային կառավարություն: Առաջացել է իրավիճակ, որտեղ շատ խնդիրներ իրենց լուծումներում ոչ ստանդարտ են, և անցումային կառավարություն կոչվածը հնարավոր է էլի փոփոխությունների ենթարկվի»

Գոհացրե՞լ է կառավարության նոր կազմը, թե՞ դեռ պետք է աշխատել հարցին Եղիազարյանը պատասխանեց, որ պետք է աշխատել: «Շտապողական կարծիքներ, կարծում եմ, պետք չի: Հաշվի առնելով, որ բավականին անծանոթ, քաղաքական և պետական ոլորտում մեծ կենսագրությւոն չունեցող մարդիկ են առկա կառավարությունում, բնականաբար, այս անորոշությունները որոշակի հարցեր են ծնում: Բայց եկեք մի քիչ լավատեսորեն նայենք: Այստեղ կարևորն անձինք չեն, այլ այն կուրսը, որը կորդեգրվի կառավարության գործունեության նոր ծրագրով: Ի վերջո, պետք է հասկանանք, որ միայն նախարարներով չէ՝ համակարգերը գործում են, համակարգերը պրոֆեսիոնալներն են տանու՝ այլ կախված է, թե քաղաքական ինչ խնդիր է դրվելու, և ղեկավար անձը որքանով է հետևողական լինելու տվյալ կուրսի առաջ տանելուն»,-ասաց Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայից դուրս գալուն և Փաշինյանին սատարելու հարցին, ապա, Եղիազարյանի հավաստմամբ, Դաշնակցությունը հստակ իր ուղեգծի վրա է: Ըստ նրա՝ խնդիրներն ու առաջնահերթությունները, որ ունեցել են նախորդ իշխանության հետ՝ քաղաքական համագործակցություն ձևակերպելիս՝ դրանք այս նոր իշխանության պարագայում նույնպես տեսնում են.«Եթե տեղյակ եք, մենք նաև բանակցային գործընթաց ենք ունեցել, հստակեցրել՝ դեպի ուր ենք գնում և ինչքանով կարող ենք նրանց հետ միասին ճանապարհ անցնել: Մեր մտահոգությունները փարատվել են, ինչը նպաստեց, որ նոր շարժման հետ համընթաց գնանք: Պետք է մեկ բան գիտակցել՝ կոալիցիան քաղաքական գործընթաց է, ամուսնություն չէ ինչ-որ ուժերի, և ինչ-որ մեկը պետք է հարատև մյուսի հետ քաղաքական համագործակցության մեջ լինի: Կար հստակ օրակարգ, կային խնդիրներ, ունեինք պայմանավորվածությւոն և հավատարիմ էինք այդ խնդիրներին, աբյց երկրում առաջացավ նոր իրավիճակ, որտեղ ավտոմատ կերպով կոալիցիան դադարեց գոյություն ունենալ»:

Եղիազարյանի խոսքով՝ խնդիրները, որոնք ՀՀԿ-ի հետ ուրվագծել էին, դրանց լուծումն առաջ չէր շարժվում՝ կամ տեղում էին մնացել, կամ էլ արդեն հետընթաց քայլեր էին նկատվում: Բացի այդ՝ նրա բնութագրմամբ, երբ ժողովրդական շարժումը սկսվեց, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մարտավարական մոտեցումները բավականին տարբեր էին.«Հետևաբար, նոր իրավիճակում մենք չէինք կարող չկիսելով մեր գործընկերոջ տեսակետը՝ մնալ այդ դիրքում: Մենք ունեինք մեր ինքնուրույն խոսքը և մեզ ազատություն տալու համար պետք է դադարեցնեինք կոալիցիան, որպեսզի կարողանայինք այն դերակատարումն ունենալ, որն ունեցանք»:

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ, ճիշտ է, աջակցում է շարժմանը, սակայն խնդիր չի դրել նոր կառավարությանը մաս կազմելու: Սակայն, Եղիազարյանի խոսքով, երբ նոր ղեկավարներից ստացան հրավեր, ապա հաշվի առնելով իրենց մոտեցումները՝ համախոհության, միասնականության, ճիշտ քայլ չէր լինի չաջակցել: «Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել ներկա շարժման առաջնորդների հետ, այսինքն՝ փոխհամաձայնեցված տարբերով ինչքանով որ նրանք մեր մասնակցության կարիքը զգում են, այդքանով պատրաստակամ ենք աջակցել: Ինչ վերաբերում է ապագայում «Ելք»-ի հետ կոալիցիա կազմելուն, ապա դեռ շուտ է ինչ-որ բան ասել: Սակայն, եթե նկատել եք, Դաշնակցությունը միշտ գնացել է ինքնուրույն: Իհարկե, սա դոգմա չէ՝ տարբեր քաղաքական իրավիճակներում այլ մոտեցումներ են եղել, սակայն մենք միշտ ընտրությւոններին գնացել ենք մեր օրակարգով»,-ասաց Եղիազարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, երբ մինչ այդ հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը վարչապետի լավագույն թեկածուն է՝ Եղիազարյանը պատասխանեց, որ, ոչ, Դաշնակցության համար լավագույն թեկնածուն իր թեկնածուն է եղել: «Առկա էր իրավիճակ, որտեղ կոալիցիայի շրջանակում պարտավորվածություն ունեինք և մենք ասել էինք, որ կաջակցեինք այն թեկնածուին, ում ՀՀԿ-ն կառաջադրի, և մենք ուղղակի մեր խոսքի տերն ենք եղել, իհարկե, վերապահում ունենալով, որ նախընտրելի կլիներ մեր թեկնածուով հանդես գալ: Սակայն քանի որ մենք այդ շրջանում, առանց անուն նշելու, հայտարարել էինք, որ կաջակցենք ՀՀԿ-ի առաջադրածը, այդպես էլ արեցինք և Սերժ Սարգսյանին առաջադրելը նրանց որոշումն էր»,-ասաց Եղիազարյանը:

Նա նշեց նաև, որ իրենք չեն ուրանում նախորդ իշխանության հետ ունեցած իրենց հարաբերությունները՝ նման մոտեցում չկա: Եղիազարյանի խոսքով՝ իրենք անցել են ճանապարհ, որտեղ եղել են և սխալներ, և լավ կողմեր:

ՀՅԴ-ն շատ կադրեր ունի, բայց ունի մոտեցումներ, սկզբունքներ և կադրեր է նշանակում` դրանցից ելնելով,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ական նախարարների նշանակմանը:

Նա նշեց նաև, որ Արթուր Խաչատրյանն իրեն ցուցաբերեց որպես լավ մարզպետ, իսկ Արծվիկ Մինասյանն էլ այժմ իր մասնագիտությանը համահունչ քաղաքական պաշտոն է զբաղեցնում: «Մինասյանը նաև լավ մենեջեր և կազմակերպիչ է: Մենք խնդիրներն արդյունավետ լուծելուն ենք նայում»,- ասաց Եղիազարյանը:

Հարցին` կարո՞ղ ենք ասել, որ սա պատասխան էր Կարեն Կարապետյանին, ով տնտեսական բլոկից հանեց Մինասյանին, Եղիազարյանը պատասխանեց, որ իրենք անձնավորված մոտեցումներով չեն առաջնորդվում, բայց նաև ցույց են տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակում էին արել: «Այդ գործընթացն ինչ-ինչ պատճառներով փոխվեց, այսպես ասած` ի շրջանս յուր: Վստահ եմ, որ ներկա դրությամբ Մինասյանը շատ ավելի ազատ դրսևորվելու հնարավորություն ունի և ոլորտն ավելի բարձրացնելու»,- ասաց նա:

Հարցին, թե նախկինում Մինասյանը չունե՞ր ազատ դրսևորվելու հնարավորություն՝ Եղիազարյանը պատասխանեց, որ որոշակի վերապահումներ կարծես կային: «Վստահ եմ, որ հիմա ավելի արդյունավետ կլինի նրա գործունեությունը»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի հետ մենք ունեցել ենք բանակցություններ և մեր մոտեցումներն Արցախյան հարցի լուծման շուրջ բավականին մոտ են. կարծիք հայտնեց Արթուր Եղիազարյանը՝ պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հակամարտության հետ կապված մոտեցումները:

Նրա խոսքով՝ ներկա դրությամբ իրենց տեսակետները համընկնում են, իսկ թե ինչքանով հեռտո դա կամրադրվի՝ ընթացքը ցույց կտա: «Արցախի խնդիրը մեր առաջնահերթություններից է եղել և այս հարցում մենք տարակարծություն չունենք»,-ասաց նա:

Մեկ այլ հարցի, որ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը հակամարտության կողմ է, ինչի շուրջ էլ կարծիքների բախում տեղի ունեցավ, ինչ դիրքորոշում ունի ինքն այդ առումով՝ Եղիազարյանը պատասխանեց, որ փաստ է՝ Հայաստանը հակամարտության կողմ չէ.«Մենք ողջունում ենք պարոն Փաշինյանի այն մոտեցումը, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցային գործընթաց: Մնացածը… հնարավոր է՝ վրիպումներ լինեն, ժամանակի մեջ հարթվող խնդիրներ են»:

Իսկ ի՞նչ մոտեցումներով և ի՞նչ դիրքերից պետք է տեղի ունենա Արցախի վերադարձը բանակցությունների սեղանին՝ Եղիազարյանը պատասխանեց, որ սա պետք է հայկական կողմի որդեգրած կուրսը լինի: Նրա խոսքով՝ այսօր իրականում բանակցային գործընթաց չկա՝ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ փոխվեց և այն մոտեցումները, որոնք մինչ այդ առկա էին, արդեն այս շրջանակում չէին կարող շարունակվել. «Սա վերադարձնելն է, ոչ թե Արցախի իշխանություններին բերել, քանի որ մինչև 90-ականների վերջն Արցախը ներկա էր բանակցությւոնների գործընթացում»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Թուրքիան իր մոտեցումները պետք է վերանայի, և մինչև իր մոտեցումներից չհրաժարվի` մենք անելիք չունենք: «Մեր ամենամեծ զիջումն այն է, որ Ցեղասպանության խնդիրը որպես նախապայման չենք դնում, ուստի Թուրքիան պետք է առաջին հերթին իր մոտեցումները վերանայի, որովհետև հստակ է, որ Արցախի հարցում Ադրբեջանի հետ ունի իր դիրքորոշումը: Եթե նա իր մոտեցումներից չհրաժարվի, մենք նրան ասելիք չունենք: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության՝ առանց որևէ նախապայմանի, ուստի նրանք էլ պետք է առանց նախապայմանի պետք է նստեն երկխոսության»,-ասաց Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ ամեն դեպքում մենք պետք է փորձենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորել: «Մենք ընդունում ենք, որ կա հարևան երկիր, որի հետ պետք է երկխոսել՝ այս մոտեցումից չենք հրաժարվում: Կարծում եմ՝ փաթեթային տարբերակով կկարգավորվի հայ-թուրքական հարաբերությունները` լուծումը սա է»,-ասաց Եղիազարյանը:

yerkir.am

Տպել Տպել