Դաշնակցական նախարարները ծանոթ են ոլորտի խնդիրներին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում դաշնակցական նախարարները նշեցին, որ արդեն հասցրել են ծանոթանալ ոլորտի խնդիրներին: Այսպես` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ոլորտում ահագին փոփոխություններ են կատարվել, սակայն առաջիկայում ավելի համալիր ծրագրով հանդես կգա:

Առաջիկայում կամփոփեն տնտեսական ցուցանիշները, ամեն դեպքում, ըստ Մինասյանի, սպառնալիք պարունակող ցուցանիշներ չկան, մանավանդ որ մեծ թվով ներդրումներ անելու ցանկություն ունեցող մարդիկ կան:

Գյուղատնտեսության նախարար Արթուր խաչատրյանը նշեց, որ արդեն տեղյակ է ոլորտի խնդիրներին, դրանք կապված են մթերումների հետ, կարկտահարության վնասների կանխարգելման հետ, կաթի մթերման գների հետ: Նա առավել կարևորեց վնասների կանխարգելումը` վնասների փոխհատուցումից:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի տույժ տուգանքների համաներմանը, նախարարը նշեց. «Մենք իհարկե շահագրգռված ենք, որ մարդիկ այդ պարտքերից ազատվեն, ու նոր վարկեր վերցնեն, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը»:

Նախարարը կարծիք հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտի գիտակները պետք է լուրջ ուսումնասիրեն ոլորտը, որպեսզի ազատվեն սովետական գյուղատնտեսության հետքերից, երբ ըստ պլանի էր որևէ գյուղմթերք արտադրվում: Դրա փոխարեն պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն, հասկանալու, թե որ մարզում ինչ գյուղմթերք պետք է արտադրվի: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա ըստ գյուղնախարարի, դրանք չեն կարող ինքնանպատակ լինել, և իրենց առաջ դրված խնդիրները լուծող կադրերը կմնան, նրանց փոխելու կարիք չի լինի:

yerkir.am

Տպել Տպել