Գյուղատնտեսությունը ազգային անվտանգության խնդիր է

Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնեսի, դա ազգային անվտանգության, պարենային անվտանգության խնդիր է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը։

Նա նշել է, որ չնայած յոթ օր է՝ ինչ նախարար է, սակայն ոլորտի հետ ինտենսիվ առնչվել է թե փոխնախարար, թե Շիրակի մարզպետ եղած ժամանակ։ «Պրոբլեմները արտադրությունից սկսած մինչեւ լոգիստիկ խնդիրներն են։ Մթերման հետ կապված խնդիրներ ունենք, բնական կատակլիզմներով պայմանավորված կորուստների կանխման, ապահովագրության խնդիրներ ունենք։ Բայց ամենամեծ խնդիրը, որ ունենք 400 հազարից ավելի մարդիկ, որոնք զբաղված են գյուղատնտեսության մեջ, եւ այդ մարդիկ իրենց զգում են պետության կողմից անտեսված։

Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնեսի, դա ազգային անվտանգության, պարենային անվտանգության խնդիր է»,- ասել է Խաչատրյանը։

Մեկնաբանելով վարչապետի՝ գյուղվարկերի նվազեցման, ներելու մասին հայտարարությանը, նախարարը նշել է, թե խնդիրը իրենց իրավասության ոլորտում չէ, սակայն իրենք ամենամեծ շահառուն են. «Շահագրգռված ենք, որ տույժ-տուգանքները չքանդեն գյուղատնտեսությունը»։

Արթուր Խաչատրյանը նաեւ մտահոգիչ է համարում, որ գյուղվարկերն ավելի ցածր տոկոսներով են, ուստի շատերը դրանք վերցնում են բանակի քեֆի, հարսանիքի, նշանդրեքի համար, խոպանի տոմս գնելու համար։ «Խնդրին պետք է կոմպլեքս նայել, ոչ միայն համընդհանուր ամնիստիայի։ Եթե տեղի է ունեցել չարաշահումներ, ապա դիֆերենցացված մոտեցում պիտի լինի։ Ծավալները պետք է հասկանալ, գնահատել, նոր որոշումներ կայացնել»,- նշել է նա։

Տպել Տպել