- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ի առաջարկներից երկուսը ՀՀ նախագահի համար անընդունելի են

[1]ՀՅԴ Բյուրոյում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր անդրադարձել է նախօրեին կայացած հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգը ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ քննարկել էր շաբաթ օրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու մասին: Թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը՝ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

«Ինչպես տեղյակ եք, մենք, նախագահական ընտրությունների հարցով միասնական օրակարգ մեջտեղ բերելու նախաձեռնություն ենք ունեցել եւ փորձել ենք այս միասնական օրակարգի շուրջ ստեղծել համընդհանուր համախոհություն: Այս ծրագիրը ոչ որեւէ մեկի դեմ է եղել, ոչ էլ հանուն որեւէ անձի է եղել: Հանուն ծրագիր է եղել այն, ինչը որ մենք փորձել ենք անել: Մենք մինչեւ հիմա չենք խոսել՝ որ քաղաքական ուժն ինչին է համաձայն եղել: Բայց, բնական է, որ գործող նախագահը շատ ավելի հիմնականորեն որոշ բաներ մերժեց, չընդունեց»,- այսօր լրատվամիջոցների թղթակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ ավելացնելով, որ հերթական հանդիպումների շարք ենք ունեցել՝ քաղաքական ուժերի հետ վերջին հանդիպումը եղել է ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Aravot.am-ը Հրանտ Մարգարյանից խնդրեց հստակեցնել, թե հատկապես ո՞ր կետերին էր հանրապետության նախագահը դեմ: Թեեւ այլ ուժերի հետ խորհրդակցություններից հետո նման հստակեցումներ չէին արվել, Մարգարյանն այս պարագայում ճիշտ համարեց դա. «Նա խորհրդարանական համակարգի մասին ասաց, թե համակարգը չի, որ պայմանավորում է երկրի լավ ու վատ լինելը, իսկ հայ-թուրքական արձանագրությունների հարցով համարեց, որ իր քայլը ճիշտ է եղել: Բնականաբար, մենք հակառակ կարծիքն ունեինք, մտքերի փոխանակություն տեղի ունեցավ եւ այս հակառակությունն էլ նոր երեւույթ չի: Մենք անգամներ հանդիպել ենք, անգամներ խոսել ենք, մանավանդ՝ հայ-թուրքական հարաբերությունների, արձանագրությունների հարցով: Դա միշտ եղել է մեր խոսակցության նյութն, այսպես ասած, նոր բան, նոր հայտնագործություն այդ հանդիպման ժամանակ չի եղել»:

Հիշեցնենք, որ ի թիվս այլ հարցերի, ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգում առաջարկում էր խորհրդարանական կառավարման համակարգի անցում եւ հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության ետ կանչում:

Հրանտ Մարգարյանը հարկ համարեց մեկ անգամ եւս հստակեցնել, որ ՀՅԴ-ն իր նախաձեռնությամբ մեկ նպատակ է հետապնդում. «Որ նախագահական ընտրությունները ոչ թե անձերի պայքարի վերածվի, այլ ծրագրերի պայքարի վերածվի: Մենք կարողանանք մթնոլորտը քաղաքականացնել եւ գաղափարականացնել, որ մարդիկ իմանան, որ իրենց ապագան, իրենց երեխաների ապագան պայմանավորված է՝ թե ի՞նչ ծրագիր է փորձ արվելու այս երկրում իրագործել, ոչ թե անհատներով է պայմանավորված: Կարծում եմ, որ մինչեւ այսօր հաջողած ենք, ոչ թե այն առումով, որ կարողացել ենք ստեղծել համընդհանուր համախոհություն, բայց կարողացել ենք ստեղծել այդ ծրագրի շուրջ համընդհանուր խոսակցություն, մտքերի փոխանակություն, որն, անշուշտ դրական է»:

«Մարդիկ կան, որ շատ անհամբեր են, վեր ցատկող, վեր թռչող և փորձում են ժամանակից շուտ վերլուծություններ անել, ինչը կարծում եմ, որ անշնորհակալ գործ է` հետո կփոշմանեն, թե ինչու նման բան արեցին: Մենք չենք բանակցել նախագահի հետ, մենք խորհրդակցել ենք նախագահի հետ: Մենք չենք բանակցել նաև մյուս կուսակցությունների հետ, մենք խորհրդակցել ենք: Մենք բոլոր քաղաքական ուժերի հետ երբ հանդիպել ենք, նկատի չենք ունեցել, որ նրանք խորհրդարանական ընտրություններից դեռ երեք-չորս ամիս առաջ ինչ պլատֆորմով են ասպարեզ եկել, նկատի չենք ունեցել իրենց կենսագրությունը, իրենց նախկին դիրքորոշումները: Մենք փորձել ենք նոր օրակարգի շուրջ ստեղծել համախոհություն»:

Նրա խոսքերով, ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ հարաբերության մասին խոսել է առաջին իսկ օրվանից, ասել, որ բոլորի հետ էլ խորհրդակցելու են` անկախ որևէ նախապաշարումից:

«ՀԱԿ-ի հետ էլ ենք խորհրդակցել: ՀՀԿ-ի հետ էլ ենք պատրաստ եղել խորհրդակցել: Մենք չենք փորձել թշնամու հարաբերություն ճշտել: Եթե մենք միասնականության, գաղափարակության, ծրագրի մասին ենք խոսում, իրավունք չունենք հարցն իջեցնել այն մակարդակի, որ այս մարդու հետ խոսելը մերժելի է, այն մեկի հետ` ընդունելի: Մենք խոսում ենք մեր հարցերի մասին մեր թշնամիների հետ, բոլորի հետ էլ խոսում ենք, ինչո՞ւ մեկս մյուսիս հետ չպետք է կարողանանք խոսել, խոսելու մեջ վտանգ չկա: Իսկ եթե այդ ուժերն ունեն պատճառ` ՀՅԴ-ին չհավատալու, դա իրենց գործն է: Բայց ես կարծում եմ, որ իրենք մեզ հավատալու շատ պատճառ ունեն, իրենց հավատալու` քիչ պատճառ»,- ընդգծել է Հրանտ Մարգարյանը։

«Մենք չենք խուսափում շարունակել զրույցը, որովհետեւ հավատում ենք, որ խոսակցությունը, շփումը կարող է հանգեցնել համընդհանուր կոնսենսուսի: Միամիտ չեմ, որ կարծեմ, թե նախագահը կարող է համաձայնել, որ այլեւս նախագահ չլինի, ես չեմ հավատում, բայց դա պատճառ չէ, որ մենք այդ հարաբերությունը չունենանք: Նախագահի հետ հանդիպումն իմաստ ուներ, որովհետեւ մեր հիմնավորումները, տեսակետները կարող են ազդել նրա մտածողության վրա: Մեր ծրագրի տրամաբանությունը հասկանալու անհրաժեշտությունը նույնքան կարեւոր է»,- հայտարարեց նա:

Հրանտ Մարգարյանն ընդգծեց, որ եթե ՀՀԿ-ն ընդունի ՀՅԴ-ի յոթ կետերը, շնորհակալ կլինեն, չի ընդունի` գոնե չեն ունենա այն մտահոգությունը, թե ինչու չբացատրեցին: «Լուրջ մարդիկ, լուրջ քաղաքական ուժերը մեզ հասկանում են: Խնդիրն այն է, որ որոշ անձինք, որոնք կարծում են, թե քաղաքականությունը ծայրահեղություն է, եւ որքան ծայրահեղ լինեն, այնքան տպավորիչ կլինեն, սխալ դատողություն են անում»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Նախագահի հետ հաջորդ հանդիպման իմաստը, Հրանտ Մարգարյանի կարծիքով, ճիգ է, որ կարողանան բացատրել, հասկացնել, համոզել, որ ՀՅԴ-ն ճիշտ է: