ԱՄՆ-ում ՀՀ վարչապետը հանդիպել է ՀՅԴ եւ ուղեկից կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը ԱՄՆ շարունակվում է։ Դեկտեմբերի 8-ին նա հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմի պաշտոնատար անձիք:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել և ներկայացնել, թե մենք ինչպես ենք մտածում մեր ապագայի մասին: Մենք ունենք տասնյակ չլուծված խնդիրներ, որոնք դրսից ավելի լավ են երևում, քան ներսից, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ խնդիրները կարևոր չեն և լուծման կարիք չունեն: Միևնույն ժամանակ ժողովուրդը շատ խստապահանջ է և մայր հայրենիքից պահանջում է, որ այդ խնդիրները լուծվեն հնարավորինս շուտ և արագ: Մի կողմից իշխանության համար դժվար է, որովհետև ճնշումը շատ մեծ է, բայց մյուս կողմից՝ ես ուրախ եմ, որովհետև այդ դժգոհությունը, քննադատությունը նշանակում է, որ մենք ունենք շատ մեծ ներուժ, գնալու ենք այդ փոփոխությունների ճանապարհով և հասնելու ենք հաջողության»:

Ընդունելության ժամանակ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած աշխատանքները, բարեփոխումները, ծրագրված անելիքներն ու տեսլականը:

Այնուհետև Տիգրան Սարգասյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին առողջապահությանը, սոցիալական ոլորտին, կոռուպցիային, Արցախի բանակցային գործընթացին, սիրիահայությանը և այլն:

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Նախաձեռնութեամբ՝ Հանդիպում Վարչապետին Հետ

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ («Ասպարէզ», 11 Դեկտեմբեր 2012).- Անցեալ Կիրակի, 9 Դեկտեմբերին, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանին եւ անոր ընկերակցող պատուիրակութեան հետ հանդիպում մը կազմակերպած էր Լոս Անճելըսի «Փաթինա» ճաշարանին մէջ:

Սոյն հանդիպման ներկայ էին շրջանիս մէջ գործող եւ համահայկական կառոյցներ ունեցող միութեանց ներկայացուցիչներ եւ հոգեւոր առաջնորդներ՝ շուրջ 60 հոգի:

Հանդիպման նպատակը բացատրող խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ դոկտ. Վիգէն Յովսէփեանը (Խօսքը տեսնել ստորեւ):

Վարչապետը Հայաստանի կառավարութեան գործունէութեան հիմնական ուղղութիւնները ներկայացնող ելոյթ մը ունեցաւ, ապա առիթ տրուեցաւ ներկաներուն՝ հարցումներ ուղղելու անոր: Այս հանդիպման ընթացքին արծարծուած հարցերուն կ՛անդրադառնանք հետագային:

Առաջին Քայլի Սպասումով

ԴՈԿՏ. ՎԻԳԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Չկայ շատ բան, որ արդէն ըսուած չըլլայ եւ դուք լսած չըլլաք, յատկապէս՝ Երեւանի մեր գաղափարակից ընկերներէն:

Սակայն, ունենալ Հայաստանի Հանրապետութեան վարչապետը եւ կառավարութեան անդամներ մեր մէջ, իբրեւ խօսակից, եւ բաւարարուիլ դիւանագիտական եւ զուարթ արտայայտութիւններով՝ պիտի համարէինք թերացում մեր ազգային պարտականութեանց մէջ:
Չինական յայտնի առածը կ՛ըսէ. «Հազար մղոնի ուղեւորութիւնը կը սկսի առաջին մէկ քայլով»:

Այդպէս ալ, որեւէ գործընթաց, նոյնիսկ եթէ վերանայման կամ սրբագրութեան գործընթաց է, սկիզբ կ՛առնէ առաջին մէկ քայլով: Այդ քայլի յոյսով եւ ակնկալութեամբ կը դիմենք ձեզի:

Համոզուած ենք, որ վերջին քսան տարիներուն կարեւոր ձեռքբերումներ արձանագրուած են հայրենիքի մէջ: Սակայն, վստահ եմ, որ կը համաձայնիք, թէ հսկայական գործ կայ տարուելիք, կարեւոր բացթողումներ՝ սրբագրուելիք:

Կրնանք պատկերացնել, թէ երկիր մը կառավարելը որքա՛ն դժուարին գործ է, երբեմն ալ՝ ապերախտ:

Կրնանք պատկերացնել, թէ առօրեայ մանրուքները ինչպէ՛ս կը կլանեն ձեր ժամանակն ու ուժերը:

Սակայն, դուք, որ հանդէս եկած էք իբրեւ ջատագովը «Հայկական աշխարհ»ի տեսլականին, ոեւէ մէկէն աւելի կը հասկնաք, թէ այսօր արտագաղթի սաստկացման առաջքը առնելու համար, կամ ներգաղթին թափ տալու համար, նաեւ հանրապետութեան եւ աշխարհասփիւռ հայութեան յոյս եւ նպատակ հաղորդելու համար, ճառերը չեն բաւեր, այլ անհրաժեշտ է, որ առաջադրուած նպատակներու իրագործման ղեկավարութիւնը ստանձնողներուն հանդէպ վստահութիւն յառաջանայ:

Այո՛, ինչպէս ուղեւորութիւնները կը սկսին առաջին քայլով, մեր հաւաքական իրագործումներն ալ սկիզբ կ՛առնեն նպատակով մը՝ իտէալով մը: Ժողովուրդի, ազգի աչքին այդ իտէա՛լն է, որ խամրած է այսօր, պայծառ ապագայի հաւաքական ձգտումի որա՛կն է, որ սկսած է անհեթեթ դառնալու եւ թերահաւատութեան ու նոյնիսկ յուսալքութեան տեղիք տալու:

Այդ գործընթա՛ցն է, որ մենք պէտք է կարողանանք շրջել այսօր, եւ դուք մինակ չէք այդ գործին մէջ: Համայն հայութեան ներուժը, հսկայական ներուժը, որ կայ՝ Սփիւռքէն մինչեւ հայրենիք, այդ գործին պէտք է լծել:

Սա բարոյախօսութիւն չէ արդէն, այլ՝ հրամայական մը. գոյութիւն ունեցող մարդկային եւ նիւթական միջոցները լաւագոյնս տնտեսելու հրամայական:

Ակնարկ մը նետեցէք անցեալի մեր հաւաքական լուրջ իրագործումներուն վրայ (շարքը երկար է՝ Առաջին Հանրապետութիւն, Եղեռնի 50ամեակ, նորագոյն պահանջատիրութեան ալիք, ղարաբաղեան գոյամարտ), նոյնիսկ՝ մեր այսօրուան Հանրապետութեան տարածքին կարեւորագոյն իրագործումներու շարքին, եւ պիտի տեսնէք հայաստանցիի եւ սփիւռքահայու միացեալ ճիգի եւ գործակցութեան արգասիքը:

Այս հաւաքական ճիգի ու ազգի զաւակներուն մեծ իտէալի խորհուրդը հաղորդելու ճամբուն, ու անոնց նոր, վերանորոգ յոյս ներշնչելու համար, կարեւոր է, որ ղեկավարութիւնը, ի՛նչ մակարդակի վրայ ալ ըլլայ, անշեղ մնայ այն սկզբունքներէն, որոնք ազգի սրբութիւնները հանդիսացած են ու հաւաքական ուժի, միաբան ուժի գոյացման գրաւականները եղած են:

Որքա՛ն ալ կառավարման գործը իր գաղտնիքներն ու թելադրանքները ունենայ, սկզբունքայինն ու ռազմավարականը կարելի չէ զոհել անցողիկին, մարտավարականին կամ փորձնական քաղաքականութեան:

Տպել Տպել