- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նրանք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն

Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին:

«Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և թե բացակայությունը բավական խոսուն էր, նաև այդ ընթացքն ու այդ երաժշտության դասավորվածությունը, այդ ամբողջը վիրավորական էր նույնիսկ: Ես հույս ունեմ, որ այդ ամբողջը պետք է վերագրենք այս նոր իշխանությունների հասկանալի թափթփվածությանը և համարենք, որ այդպիսի բան չի կրկնվի այլևս»,- ընդգծեց Մարգարյանը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը, նա ասաց. «Ոչ միյան ԱԺ նախագահը ներկա չի եղել, որ կարծում եմ շատ կոպիտ սխալ է, այլ շատ-շատերը ներկա չեն եղել, բայց և շատ շատերն էլ ներկա են եղել, որ զարմանալի էր»:

Իսկ թե Դաշնակցությունից ինչպիսի ներկայացվածություն է եղել, նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն ընդհանրապես ներկա է Հայաստանում:

«Մենք պետք չունենք որևէ տեղ, որևէ հարթակի վրա լինելու: Մենք այնտեղ, գուցե հազար հոգով առանձին մի տեղ հավաքված լինենք, բայց նաև այո, դա է անտեսված եղել, որն անընդունելի է,
աններելի: Բայց մենք մեծահոգաբար ենք մոտենում, մենք վերևից ենք նայում, մենք խնդիր չենք տեսնում, իրենց թափթփվածությանն ենք վերագրում, որովհետև իրենք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ նման անտեսում կատարեն»,- ասաց նա: