- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ինչ տոն ենք տոնում

Ակնհայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ հստակ չէ, թե ինչին է նվիրված 100-ամյակի տոնը, որ համազգային շուքով տոնում ենք այս տարի: Միթե՞ այդպիսի տպավորություն չի ստացել ցանկացած մարդ ներկա գտնվելով (եթե հաջողվել է ներկա գտնվել) Սարդարապատի տոնակատարությանը: Ինքս առիթ ունեցա տանը լինելու եւ հեռուստացույց միացնելու, երբ հարյուրամյակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր անգլերեն երգ երգել եւ հասկանալով, որ այստեղ էլ բան չեմ կորցրել փոխեցի ալիքը:

Ուզում եմ մեկ ավելորդ անգամ եւս արձանագրել, որ այս տարի լրանում է Հայոց պետականության վերականգնման 100-ամյակը: Հստակորեն բանաձեւել է անհրաժեշտ, որ 2018 թվականը հոբելյանն է երկուսուկես տարի գոյատեւած անկախ պետականության հիմնադրման, որի հիմքի վրա էլ, սկզբում գաղութացված վիճակի մեջ, ապա կրկին անկախաբար, գոյությունն է շարունակում Հայոց Հանրապետությունը:

Ի՞նչ կապ ունի երկրորդ աշխարհամարտի կցումը այս իրադարձություններին:

Այսօր արդեն բարձրաձայնվող փաստ է, որ առաջին հանրապետությունը կործանվեց ռուս-թուրքական գործարքի արդյունքում: Փաստ է, որ Հայաստանի վրա նոր թուրքական արշավանքի ծանր օրերին Ռուսաստանը, ի դեմս Բորիս Լեգրանի, երկիրը հանձնելու վերջնագիր ներկայացրեց Հայաստանի կառավարությանը, իսկ իշխանության խաղաղ փոխանցումից հետո, երեւի որպես երախտագիտության արտահայտություն թուրքերին նվիրեց Հայաստանի Հանրապետությունից այդ պահին բռնազավթված մոտ 40.000 կիլիոմետր տարածքը: Հիմա հարց. անկախության նվաճումը եւ արեւեաելահայությանը թուրքական ցեղասպանությունից փրկելը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիրում 100-ամյակի տարեդարձին ի՞նչ տրամաբանությամբ է հնչում ռուսական երգն ու պարը:

Ասվածից չի հետեւում, թե հակառուսական ինչ որ դրսեւորումներ լինեին մեզանում այս օրերին, բայց տեղի ունեցածի տրամաբանությունը ո՞րն է, մենք ի՞նչ տոն ենք տոնում:

Չեմ ցանկանում ընկնել նաեւ այլ ծայրահեղության մեջ եւ միտումնավորություն տեսնել կատարվածի մեջ, եւ «ամենեցու» նկատմամբ սիրո զգացումով տոգորված եզրակացնում եմ, թե գործ ունենք պարզ անգիտության հետ: Ինչպես, որ անգիտության պետք է վերագրել Հայաստանի պետականությունը եւ նրա կերտողներին փնովող եւ կործանողներին գովերգող, ֆիլմերի ավանդույթի ուժով ցուցադրումը, տարբեր հեռուստաընկերությունների կողմից՝ 100-ամյակի առիթով: Առհասարակ ինչ որ հարցերում անգետ լինելու համար ոչ ոգու մեղադրել պետք չէ, ոչ ոք ամենագետ չէ, բայց ինչո՞ւ պետք է որեւէ գործ մեզանում անեն նրանք, ովքեր տվյալ գործին հասու չեն: Շրջանառության մեջ դրվող գումարնե՞րն են որոշողը, թե ավելի վեհ պատճառներ կան:

Ազգային ազատագրության շրջանի եւ առհասարակ հայրենասիրական բնույթի մշակութային հսկա ու հրաշալի ժառանգություն ունենք, արվեստագետ կատարողների տաղանդավոր սերունդ ունենք, որոնց ներկայությունը փափագում են աշխարհի լավագույն բեմերը, մենք ինչու ենք անում այն ինչ անում ենք: Այստե՞ղ էլ հարցը հասնում է ձկան գլխին:

Այս տոնական օրերին նման տողեր թերեւս կարելի էր եւ չգրել, բայց եթե չբարձրաձայնենք վստահաբար երկրորդ հարյուրամյակում էլ չենք ձերբազտվելու սովետական բարքերի ու գաղափարախոսության նոստալգիկ մշուշից:

Հայոց պետականության հարյուրամյակի տոնակատարությունների, գիտաժողովների եւ զանազան այլ միջոցառումների գլխավոր օգուտը կարծում եմ կլինի այն, որ մեզանում տեղի ունենա մտքի հեղափոխություն: Մենք անցյալին, ներկային, ապագային ու մեր արժեքներին պետք է սովորենք նայել մեր ազգային աշտարակից: Օրեօր գլոբալացող աշխարհում, ամեն կողմից փչող գաղափարական, քաղաքական հոսանքներից մեր ազգային ինքնությունը կարող է պահպանել միայն ազգային արժեհամակարգը, զրահի վերածված ազգային տարազը, որ պիտի խտացնի իր մեջ եւ պատմությունը եւ անանցելի շահերն ու տեսլականները, եւ դարերով ամբարված հոգեւոր ու մշակութային ժառանգությունը: Դրա համար մենք պետք է վերադառնանք մեզ՝ մտածենք, արտահայտվենք, ապրենք հայերեն:

Այս առիթով պետք է ավելացնել, որ մտքի հեղափոխությունը ավարտված չէ: Թեպետ տարին նշանավորվում է այլ կարեւոր իրադարձություններով, սրանց զուգահեռ հարյուրամյակի ասելիքն ու շունչը հարկ է, որ հասցվեն մինչեւ տարեվերջ: Պատկերավոր ասած պետք է տեղի ունենա իրական ազգային ժառանգության փոխանցում նոր սերնդին: Հիշենք, դեռեւս տարեսկզբին ոմանք, գրեթե լռության մեջ, քամահրանքով բարձրաձայնում էին Արամ Մանուկյանի վերաբերյալ իրենց անառողջ դատողությունները: Այսօր այլեւս Արամ Մանուկյանը բոլոր հայերինն է եւ աներկբայելի հեղինակություն: Գործընթացը պետք է շարունակվի, իսկ դրա համար, փառք Աստծո, այս երկրում քիչ չեն համապատասխան պատրաստության տեր մարդիկ: Շոումեններն էլ թող զբաղվեն իրենց շոուներով:

Արտաշես Շահբազյան

arfd.info/Droshak [1]