Առաջին հանրապետության ամենամեծ դասը՝ ապավինել սեփական ուժերին

Հայաստանի Ամերիկյան համալսարանում ընթանում է գիտաժողով՝ «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը, 1918-1920 թթ» խորագրով:

«Վէմ» հանդեսի խմբագիր Գևորգ Խուդինյանը նշեց, այս գիտաժողովի ընթացքում փորձելու են հետապնդել և լուծել երեք խնդիրներ: Առաջին խնդիրը, նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության 1918-1920 թթ պատմությունը լիարժեքորեն համաշխարհային պամտության տիրույթ տեղափոխելն է, այսինքն` գիտական ընկալումների դաշտ դուրս բերելը: «Դա մեզ համար ոչ միայն ներգիտական, այլև աշխարհահացքային խնդիր է` հաշվի առնելով Հյաստանի ներկա կացությունը և ներկա իրողությունների պայմաններում մեր կողմից աշխարհում ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով` գիտաժողովի երկրորդ խնդիրը կապված է իմացական կարևոր նշանակություն ունեցող և վերջին հարյուրամյակում եվրոպական պատմագիտության մեջ լայնորեն կիրառվող հիշողության պրոբլեմի Հայաստանյան ընկալումների ձևավորմանը: «Գիտաժողովի հետապնդած երրորդ խնդիրը կապված է այդ հիշողությունը ինտելեկտուալ պատմության դաշտ տեղափոխելու խնդրի հետ: Այսինքն սերունդների միջև այնպիսի երկխոսային միջավայրի ձևավորման անհրաժեշտության հետ, որի պայմաններում Հայաստանի Հանրապետության այդ սերնդի արժեքային համակարգը այսօր էլ ոչ միայն ընկալվի, այլ դառնա ներկա սերնդի ձգտումների դաշտում կարևոր ներկայություն»,- տեղեկացրեց նա:

Խուդինյանը նշեց, որ այս խնդիրների հետապնդման առումով դեռևս մեզանում խնդիրներ կան, և այս առումով գիտաժողովը անհրաժեշտ էր, բայց կա նաև մեկ այլ կարևոր առաջադրանք. «Մինչև այսօր մենք փորձում էինք մեզ համար հեղինակություններ գտնել տարբեր սերունդների գիտնականների բարի խոսքով, այդ մոտեցման ժամանակը սպառվել է, որովհետև մենք երբ վերադառնում ենք մեր ազգային ակունքներին, պետք է հիշենք, թե ում զավակն ենք եղել և դարերի ընթացքում ով է մեզ պահել որպես հայ»,- պարզաբանեց նա:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն էլ իր խոսքում նշեց, որ կան խնդիրներ, որոնք խորհրդային օրերից մնացած կարծրատիպերով այսօր շարունակվում են իրականությանը չհամապատասխանող ձևով ընկալվել, նաև դասավանդվել, դասագրքերում խեղված ձևերով ներկայացվել: «Այս գիտաժողով-քննարկման կարևորությունը կայանում է հենց դրա մեջ, որ փորձենք վեր հանել այդ խեղաթյուրումները, փորձ անել փոխելու կարծրատիպերը, և մեր հասարակությանը ներակայցնել իրականությունը, ճմարտությունը»,- ասաց Մանոյանը:

Կարևորը Հայաստանի պետականության վերականգնման փաստը արձանագրելն է որպես այդպիսին. ոչ միյան առաջին հանրապետության հարյուրամյակ այլև հայկական պետականության վերականգման հարյուրամյակ: «Կարող են լինեն առարկողներ, որ միշտ էլ ուենցել ենք պետականության որոշ հատկանիշներով կառույցներ, բայց փաստ է, որ 1918-ին` վերականգնվեց հայկական պետականությունը և այդ պետականությունն է, որ փաստորեն եղել է այս անցնող հարյուր տարիներին այն վեմը, որի շուրջ մեր ժողովուրդը, մեր ազգը շարունակում է իր գոյատևումը»,- ասաց նա:

ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երկարատև հոգեվարքի և ի վերջո կործանման է դատապարտված այն ժողովուրդը, որը երբևէ չի ձգտել ազատության ու անկախության: «Հարկ է նշել, որ այս պարագայում հայ ժողովուրդը միշտ էլ այդ անկախության գաղափարի ձգտումը վառ է պահպանել և դրա առհավատչյան 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի բովում ծնված մեր անկախության հռչակումն էր: Հայաստանի առաջին հանրապետությունը ծնվեց առաջին հերթին մայիսյան հերոսամարտերի արդյունքում` Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերի արդյունքում, սակայն պետք է նշել, որ այս հերոսամարտերի կողքին է դասվում նաև Բաքվի 18 թվականի հերոսամարտը, ինչը մեր օրերում քիչ է նշվում»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ Առաջին հանրապետության ամենամեծ դասն այն է, որ մենք պետք է ապավինենք մեր ուժերին. «Պատմությունը ցույց է տվել, երբ հայ ժողովուրդը ապավինում է ինքն իր ուժերին և չի տրվում այս կամ այն օտար խաղերին, միշտ էլ կարողանում է հաղթանակով դուրս գալ, առաջին դասը սա է»,- եզրափակեց նա:

Տպել Տպել