Պետք է Ջավախքը դառնա հայ-վրացական հարաբերությունների ամենաուժեղ օղակը

ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարվել է ՀՅԴ աշխարհասփյուռ բոլոր կառույցների ներկայացուցիչների խորհրդակցական ժողով:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի վերջին իրադարձությունների և նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթը նման ժողով գումարելու հնարավորություն ստեղծեցին:

«ժողովը լսեց զեկույցներ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի, Դաշնակցության Բյուրոյի վարած քաղաքականության մասին, հատկապես, վերջին իրադարձությունների հետ կապված, եղան քննարկումներ: Մասնակիցներն արտահայտեցին իրենց առաջարկաներն ու տեսակետները: Եզրակացությունն այն էր, որ բնականաբար կուսակցությունը շարունակելու է հայաստանակենտրոն իր քաղաքականությունը, որը անհրաժեշտ է և Հայաստանի հանարապետության ու ժողովրդի, և ընդհանրապես սփյուռքահայության համար: Այս ամենը վերահաստատեցին կուսակցության միակամությունն այս հարցում և շեշտեցին, որ շարժման հաջողության համար կուսակցության վարած քաղաքականությունը եղել է ճիշտ և ողջունելի»,-մանրամասնեց Մանոյանը:

Նշենք, որ ՀՅԴ-ն կազմակերպել էր նաև բարեգործական ճաշկերույթ, որի հասույթը տրամադրվելու է Ջավախքին: Ճաշկերույթի ժամանակ նաև կատարվել է հանգանակություն, տարբեր երկրներից ՀՅԴ-ականները գումարներ հանգանակեցին Ջավախքի խնդիրների լուծման համար:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի Ջավախք կատարած այցին, Մանոյանը նշեց, որ չի հիշում դեպք, երբ վերջին 15 տարում Հայաստանի քաղաքական ամենաուժեղ լիազորություններ ունեցող անձն այցելի Ջավախք:

Նա արձանագրեց, որ նույնիսկ ԱԳ նախարարներ են եղել, որ չեն այցելել Ջավախք: «Մեր իշխանությունների մոտ չի եղել այն դրսևորումը, որ իսկապես կարևորում են Ջավախքը որպես Հայաստան-Վրաստան հարաբերությունների` վերջին 27 տարիներին ամենաթույլ, բայց արդեն անհրաժեշստ կենսական, որ լինի ամենաուժեղ օղակը»,- ասաց նա:

Նա հույս հայտնեց, որ վարչապետի այս այցելությունը կծառայի այդ նպատակին: «Հիմա Հայաստանի իշխանությունների կողմից նման վերաբերմունքի է արժանանում Ջավախքը, ջավախահայությունը, Ջավախքի հարցերը, բայց նաև Վրաստանի իշխանությունները կտեսնեն կհասկանան, որ իսկապես անհրաժեշտ է Ջավախքի խնդիրները լուծել, որպեսզի Ջավախքը դառնա հայ-վրացական հարաբերությունների ամենաուժեղ օղակը, որովհետև իսկապես Հայաստան-Վրաստան հարաբերությունները յուրահատուկ են իրենց բնույթով: Պետք է հասկանանք, որ հայ-վրացական հարաբերությունները երկու ժողովուրդների համար էլ ունեն կենսկան նշանակություն և անհրաժեշտ է գուրգուրել և ավելի սերտացնել այդ հարաբերությունները, որի համար էլ անհրաժեշտ է Ջավախքի խնդիրների կարգավորումը, որպեսզի մենք չունենանք այնպիսի վտանգներ, որ կարող են սպառնալ երկու պետություների հարաբերություններին»,- շեշտեց նա:

Տպել Տպել