Պետք է այնպես անել, որ իշխանափոխությունն հաջողությամբ իր լրումին հասնի

«Մեղմ ասած, սովորական երևույթ չէ, որ ԱԺ-ում մեծամասնություն հանդիսացող ուժը մեծամասնություն չէ գործադիր իշխանությունում։ Իշխանափոխությունն ամբողջական չէ, և շատ բան կա կատարվելիք։ Դրա համար պետք է ամեն ինչ անել, որ այս ամենը հաջողությամբ իր լրումին հասնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ ի վերջո պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց թե երբ՝ դեռ հայտնի չէ։ «Կարևորն այն է, որ մինչ ընտրությունները կատարվեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, անկախ և թափանցիկ ու վստահություն ներշնչեն ժողովրդին, ու այլևս անառարկելի լինի նրանց վավերականությունը»,- ասաց Մանոյանը։

Կիրո Մանոյանը կարևոր որակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան, Ջավախք, որը նշանակում է, որ Ջավախքը մաս է կազմում Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այն իմաստով, որ Ջավախքը լինի հայ-վրացական հարաբերությունների ամենաուժեղ օղակը։

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը և հարցին, թե դա կարո՞ղ է սկիզբ դառնալ ընդհատված բանակցությունների համար, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Եթե անգամ լինի էլ այդպիսի հանդիպում, ապա ես չեմ կարծում, որ դրանք կլինեն իսկական խորքային բանակցություններ, քանի որ առ այսօր Ադրբեջանը չի կատարում 2016-ից հետո ստանձնած պարտավորությունները։ Եվ եթե ամենապարզ պայմանավորվածությունները չեն կատարվում, ապա ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Սակայն հարկ է նկատել, որ Հայաստանի նոր իշխանությունների կեցվածքում շեշտադրությունների փոփոխություն է կատարվել, և առաջիկայում կառավարության ծրագրից էլ պարզ կլինեն այդ շեշտադրությունները»։

Տպել Տպել