- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԱԱԾ-ի բացահայտած խախտումների մասին ՀՅԴ-ն դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնում

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրություններ հիմնելու վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած վերջին հաղորդագրությունը [1] բուռն քննարկումների տեղիք տվեց:

Քննարկման առարկան հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեման էր, որի իրագործման համար օգտագործվել էին հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

Ըստ ԱԱԾ տվյալների` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով: Բացի տեղական գյուղմթերքից, հիշյալ ընկերությունը 461 ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ինչպես նաև ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը։

Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Հատկանշական է, որ այս սխեմայի գոյության մասին նոր չէ, որ խոսվում է: Դեռևս 2018թ. մարտի 29-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով [2] վերլուծություն էր հրապարակել, որում բարձրաձայնել էր խոշոր սուպերմարկետների կողմից 20 տոկոս ԱԱՀ-ն չվճարելու և դրա հետևանքով մրցակցային անհավասար պայմաններ ստեղծելու խնդրի մասին:

«Հայաստանի խոշոր սուպերմարկետներում մսի, մրգի և բանջարեղենի իրացումը հիմնականում կազմակերպվում է իրենց տարածքում գրանցված անհատ ձեռնարկատերի և/կամ փոքր ընկերությունների միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց ապահովել մրցունակ գներ նաև այդ ապրանքների դեպքում: Այսինքն՝ մսի, մրգի և բանջարեղենի դեպքում 20 տոկոս ավելացված արժեքի հարկ չեն վճարում, ինչի արդյունքում կբարձրանար գինը»,- ասված է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կատարած վերլուծության [3] մեջ:

Այս հետազոտությունից հետո ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն էլ իր հերթին տարբեր ասուլիսների ժամանակ բարձրաձայնել էր [4] խոշոր սուպերմարկետների կողմից գերիշխող դիրք ունենալու մեխանիզմնեերի մասին ու դրանք բացառելու ուղիներ առաջարկել: Ըստ Պարսյանի` խոշոր առևտրային ցանցերում գյուղատնտեսական մթերք իրացնող ԱՁ-ները պարբերաբար բացվում, ապա դադարեցնում են իրենց գործունեությունը, որպեսզի ավելացված արժեքի հարկ չվճարեն:

Ուշագրավ է, որ մինչ այս ԱԱՀ-ից և շահութահարկից խուսափելու դեպքերը վրիպել են ոչ միայն իրավապահների, այլև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աչքից: Ընդ որում` հենց ՏՄՊՊՀ-ի լիազորությունների մեջ է մտնում տնտեսական մրցակցության պաշտպանումը, ազատ և առողջ մրցակցության ապահովումը, իսկ մրցակցային դաշտ ապահովելու համար նախ և առաջ հարկավոր է զսպել շուկայում գերիշխող դիրքը չարաշահող ընկերություններին:

Անշուշտ, տրամաբանական հարց է ծագում` ինչո՞ւ վերջին երկու տարիների ընթացքում ՏՄՊՊՀ-ն վարույթ չի սկսել խոշոր առևտրային ցանցերի կողմից մրցակցության սահմանափակման հիմքերի առկայության պայմաններում: Բացի այդ, օրենսդրության համաձայն, արգելվում է պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբի տրամադրվող ցանկացած օժանդակությունը:

Կոնկրետ իրավիճակում ՏՄՊՊՀ-ն պարտավոր էր վարույթ նախաձեռնել ՀՀ ՊԵԿ-ի ղեկավարության գործողությունների նկատմամբ` պարզելու համար, թե արդյոք ԱԱՀ-ից խուսափման մեխանիզմների մշակումը և ներդրումը խոշոր առևտրային ցանցերի դեպքում չի սահմանափակել մրցակցությունը: ՏՄՊՊՀ-ն ուներ և ունի բոլոր լիազորությունները` պետական մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու, ինչը, ցավոք, մինչ օրս չի արվում: Հարկեր վճարել-չվճարելուց զատ, առավել մտահոգիչ է այն երևույթը, որ 2016-2017 թվականների ընթացքում խոշոր առևտրային ցանցերը գրանցում էին իրենց շրջանառության ծավալների շարունակական և զգալի աճ, երբ հազարավոր փոքր և միջին խանութների, կրպակների սեփականատերեր դադարեցնում էին իրենց գործունեությունը և հիմնականում բռնում արտագաղթի ուղին:

Այս համատեքստում ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիան «բացահայտում» որակելը, թերևս այնքան էլ տեղին չէ:

Հիշեցնենք, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում հայտնաբերված խախտումների փաստով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:

yerkir.am