Մենք պետք է ապրենք պարզ ու հասարակ, ժողովրդի հետ համաքայլ

Հունիսի 4–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստի ժամանակ պատգամավորական հայտարարությունով հանդես եկած ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ամբողջական ելույթը

«Հարգելի գործընկերներ,

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը` մասնավորապես, և ՀՅԴ Արցախի կառույցը` ընդհանրապես, չէին կարող անտարբեր և անմասն մնալ Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից:

Մենք պետք է լուրջ գիտակցենք, որ Արցախում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ունի համահայկական հնչեղություն և ազդեցություն: Արցախի հիմնահարցը խորապես փոխկապակցված է երկրի ներքին կյանքում տիրող իրավիճակին: Կարծում եմ՝ սա խորությամբ գիտակցում է մեզանից յուրաքանչյուրը:

Ինչևէ:

Իմ անդրադարձն ու խոսքն ավելի ուղղված է լինելու մեր երկրի իշխանություններին, օրենսդիր, գործադիր և դատաիրավական՝ գուցե ճիշտ կլինի հավասարապես, բայց, կարծում եմ, առավել՝ գործադիրին: Այս է այսօրվա ներքին հրամայականը և պահանջը, այս է հասարակության ակնկալիքը:

Խոսք և պահանջ, այլ ոչ թե «օդում կրակոց»-ի կարգավիճակ՝ իրական քայլեր և բարեփոխումներ անելու, գործնական փոփոխություններ տեսնելու սպասումներով:

Հունիսի 1-ի միջադեպը պարզ առիթ էր, գուցե և ոչ նախադրյալ քաղաքական պահանջների: Այդ առումով՝ թե՛ երկրի իրավապահ մարմինները և թե՛ քաղաքական ուժերը հնչեցրել են իրենց տեսակետները հարցը իրավական հարթության մեջ լուծում տալու համար: Այդ մասին նաև պաշտոնական հայտարարել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ն՝ հունիսի 2-ին արված հայտարարության մեջ:

Սա քննարկման նյութ չէ: Քննարկման նյութը մեր անելիքներն են, հասարակական կյանքում տիրող իրավիճակի գնահատականները, իշխանության և հասարակության միջև որոշակի անջրպետի վերացումը, բացթողումներն ու թերացումները շտկելու և վերացնելու անհրաժեշտությունը, սոցիալական արդարության խորացումը, հասարակական հետաքրքրություն և հնչեղություն ունեցող հիմնախնդիրների մասին բարձրաձայնելն ու հանգուցալուծելը և այլն:

Դժգոհություններ կա՞ն արդյոք հասարակության մեջ: Իհարկե, վստահության պակաս կա իշխանությունների նկատմամբ: Այո՛, դժգոհությունների շարքը նվազեցնելու և վստահության դաշտը մեծացնելու լուրջ խնդրի առաջ ենք կանգնած:

Արդյո՞ք մենք ունենք բավական ուժ այդ ամենի համար: Կարծում եմ՝ այո՛: Բավարարու՞մ է մեր քաղաքական կամքը վերոնշյալ խնդիրները լուծելու համար: Կներեք, պիտի ասեմ՝ ո՛չ: Մեր անտարբերությունն ու համատարած պասիվությունը, ինչպես նաև պատասխանատվությունից խուսափելը իր խորը հետքն է թողնում Արցախի հանրապետության հասարակական կյանքի զարգացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, ժողովրդավարական սկզբունքների արմատավորման, ինչու չէ՝ նաև առավել տնտեսական աճի արդյունքների ապահովման և սոցիալական լարվածության թուլացման համար:

Այսօրվա նիստը թերևս արտահերթ է՝ այլ առումով, բայց բոլորիս համար մի բան պետք է պարզ լինի՝ մենք պիտի վերափոխենք մեր գործելաոճը, վերջ տանք որոշ ոլորտներում և առանձին անհատների մակարդակով դրսևորվող ամենաթողության և անօրինականության երևույթները, օրենքի գերակայությունը դարձնենք իշխող:

Իսկ եթե բարձր արժեքների լեզվով չասեմ՝ մենք պետք է ապրենք պարզ ու հասարակ, ժողովրդի հետ համաքայլ»:

Տպել Տպել