- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հունիսի 5-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը ներկայացրել է գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, խոսել մրցակցային դաշտի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության թափանցիկության բարձրացման մասին։

Անդրադառնալով բիզնես կապերի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը ՝ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնք անդրադառնում են ներդրողների պաշտպանվածության խնդիրներին և ներդրումների ապահովագրության համակարգին։ Մի շարք ուղղություններով նախարարը կարևորել է բրիտանական կառավարության օժանդակությունն ու աջակցությունը։

Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հավաստել նախորդ պաշտոնավարումից սկսած լավ գործընկերային հարաբերությունների շարունակությունը ներկայում։ Դեսպանը հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, հատկանշել կոնկրետ ուղղություններով քայլերի ձեռնարկումը, ինչի վկայությունը նաև բրիտանական հայտնի ընկերությունների ներկայացուցիչների այցն է Հայաստան և պատկան մարմինների հետ ներդրողների նախանշված առաջիկա հանդիպումը։

Կողմերը քննարկել են նաև տնտեսական երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերին, ենթակառուցվածքների վերազինմանն ու մի շարք այլ խնդիրներին վերաբերող հարցեր։

mineconomy.am