Մրցակցային միջավայրի շատ լուրջ խնդիր ունենք, շուկաները պետք է ազատականացվեն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Tert.am-ի հետ զրույցում գնահատելով ներկայիս տնտեսական վիճակը, ասաց, որ ունենք մրցակցային միջավայրի շատ լուրջ խնդիր:

«Մեր տնտեսությունում գերիշխող դիրք ունեցողները շատ են, և կենտրոնացվածության աստիճանը չափազանց բարձր է, ինչը չի օգնում տեղական արտադրությունների զարգացմանը, հետևաբար, շուկաների ազատականացման քայլ ունենք անելու: Առաջին հերթին պետք է շուկայի ազատ մուտքի ապահովում, աջակցել տեղական արտադրությանը, որ մրցունակ լինեն միջազգային շուկայում»,- ասաց նա և խոսեց փոքր ու միջին բիզնեսի բեռնվածության բավականին մեծ ծավալի, բիզնեսի սոցիալական պատասխանատվության քիչ լինելու և կոռուպցիայի դեմ շեշտակի պայքարի` ոչ միայն պահանջարկի վրա ազդելու, այլ նաև առաջարկի վրա ազդելու գործողությունների մասին:

Խոսելով սուպերմարկետների գործունեության մասին՝ նախարարը նշեց, որ առաջին կարևոր քայլն այն է, որ մեծածախ ներմուծողը և արտադրողը հատկապես սոցիալապես զգայուն ապրանքատեսակների մասով միաժամանակ չի կարող մանրածախ վաճառքով զբաղվել, ինչը գնագոյացման շղթայի վրա էական ազդեցություն է թողնում: Նա նշեց, որ այդ կանոնը պետք է բոլորը կիրառեն:

Ինչ վերաբերում է փոփոխությունների արդյունքում գների հնարավոր աճին և արդեն արձանագրված նմանատիպ դեպքին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ներկայացված սխեմայով կարող է առաջանալ գների աճի ռիսկ:

Նա հայտնեց, որ քննարկում են սխեմա՝ ինչպես անել, որ գյուղացուց ձեռք բերված ապրանքը փաստաթղթավորված լինի, և վերավաճառողն ավելացրած արժեքից հարկ տա: «Մյուս կողմից՝ շատ կարևոր է խոշորի և մանրի նկատմամբ քաղաքականությունները նույն կանոնով իրականացվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է եղած խնդիրներում Դաշնակցության՝ պատասխանատվություն կրելուն, ապա Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք բոլոր այս հարցերի մասին միշտ են խոսել, երբ նաև նախկինում են եղել իշխանություն:

Պատասխանելով հարցին, թե Դաշնակցությունը կադրային խնդիրներ ունի` հաշվի առնելով, որ նույն մարդկանց են տեսնում նախարարի պաշտոններում, և արդյոք Մինասյանի՝ այս նախարարությունում նշանակվելը պատասխանն էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ով իրեն հեռացրել էր տնտեսական բլոկից, նախարարը նախ նշեց, որ Դաշնակցությունը կադրային խնդիր չի ունեցել և երբեք չունի, և սա քաղաքական որոշման արդյունք է: «Որևէ անգամ որևէ աթոռից կառչած չեմ եղել և չեմ էլ լինելու»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ Կարեն Կարապետյանն այլ անձի էր տեսնում այս պաշտոնում, բայց քանի որ նախարարը քաղաքական պաշտոն է, հետևաբար այդ հարցը քաղաքական քննարկման հարց էր: «Ես առհասարակ Կառավարության կազմում մնալու ձգտում, ցանկություն չունեմ, բայց եթե կա քաղաքական որոշում, որ պետք է շարունակես կաբինետում մնալը, ես՝ որպես ՀՅԴ անդամ, որը երդում է տվել կատարելու կուսակցության որոշումները, կենթարկվեմ դրան»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ Կառավարության նիստերում երբեք կաշկանդվածություն չի ունեցել: «Անհնար էր՝ չլիներ լարվածություն, և ես դա չեմ էլ թաքցրել: Աշխատանքային քննարկումներ են եղել, թեժ քննարկումներ, բայց ես երբեք հրապարակային ինձ թույլ չեմ տվել և չեմ տա երկրի՝ կարգավիճակ ունեցող պատասխանատուների նկատմամբ հրապարակային գնահատականներ տալ, և այն էլ կոպիտ ձևով, բայց ինձ համար նաև կարևոր է, որ ես իմ արժանապատվությունը պահել եմ, պահում եմ և կպահեմ` անկախ նրանից՝ անձը ընդունո՞ւմ է իմ մոտեցումները, թե՞ ոչ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքին, Արծվիկ Մինասյանն այն հրաշալի համարեց` հիշեցնելով, որ պառլամենտական անցյալ ունեն, և բոլոր այն անձինք, ովքեր քաղաքական ճանապարհ են անցել իրար հետ, ավելի դյուրին են աշխատում, թեկուզ քաղաքական տարբեր ճամբարներում են եղել: «Կառավարության կազմում իմ երիտասարդ գործընկերներն իսկապես տրամադրված են լավ աշխատանքի, ինչը ինձ շատ գոհացնում և ուրախացնում է»,- ասաց նա:

Անդրադառնալով Կառավարության ծրագրին՝ թվային ցուցանիշների բացակայությանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ասաց, որ այնտեղ հանրությանը քննարկման հրավիրելու առաջարկներ կան:

Արծվիկ Մինասյանը նաև խոսեց արտահերթ ընտրություններից Դաշնակցության ակնկալիքի մասին և նշեց, որ Դաշնակցությունը միշտ եղել է անկեղծ, ազնիվ, և իրենց մասնակցությունը կախված է հանրության վստահությունից:

Տպել Տպել