Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում

Ինչպես հայտնի է, 1918 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Թուրքիան անձնատուր եղավ (կապիտուլացվեց) և պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից: Իմանալով, որ հաշտություն կնքելու նպատակով 1919 թ. հունվարին Փարիզում բացվելու է խաղաղության վեհաժողով, որոշվեց Հայաստանից պատվիրակություն ուղարկել Եվրոպա` ներկայացնելու համար հայկական պահանջները: Հայաստանը համարվում էր հաղթանակած Անտանտի «փոքր դաշնակից», որովհետև մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել էր վիթխարի կորուստներ:

1919 թ. հունվարի 18-ին Փարիզում` Վերսալի պալատում, բացվեց խաղաղության կոնֆերանսը (վեհաժողովը), որին մասնակցում էին 27 երկրների մոտ 2000 պատվիրակներ: Հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) այստեղ պետք է հաշտության պայմանագրեր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ:

Մինչ այդ Հայաստանի ու հայ ժողովրդի պահանջները կոնֆերանսում ներկայացնելու համար 1918 թ. դեկտեմբերի սկզբին կազմվեց կառավարության պատվիրակություն` Ավետիս Ահարոնյան (նախագահ, ՀՅԴ), Միքայել Պապաջանյան (ՀԺԿ) և Համո Օհանջանյան (ՀՅԴ) անդամներ կազմով: Վերջինս գտնվում էր Բեռլինում և նրանց պետք է միանար Փարիզում: Պատվիրակության հետ Եվրոպա մեկնեցին նաև արևմտահայ ներկայացուցիչներ Վ. Փափազյանը և Տ. Թերզիբաշյանը: Ընդհանուր թվով պատվիրակությունը խորհրդականների, քարտուղարների և այլ օժանդակ աշխատակիցների հետ միասին կազմել է 14 մարդ:

Սահմանվեց պատվիրակության իրավասության շրջանակը: Կառավարության պատվիրակության առաքելության խնդիրն էր` իրենց առաջարկություններով, խնդրանքներով, ծանոթություններով, հանրային նպաստավոր կարծիք ստեղծելու միջոցով հաղթած տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա և ամեն կերպ նպաստել դրա արդարացի լուծմանը:

Հաշվի առնելով Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հայկական հարցի համապարփակ լուծման համար ստեղծված նպաստավոր ռազմաքաղաքական և դիվանագիտական պայմանները` ՀՀ կառավարությունը Հայաստանի ամբողջությունը վերականգնելու նպատակով առաջ քաշեց ու պաշտպանեց Հայաստանի երկու հատվածների միավորմամբ Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու գաղափարը: Ընդ որում, կառավարության դեկտեմբերի 7-ի հրահանգով պահանջվելու էր առավելագույնը արևմտահայ 6 վիլայեթ, իսկ նվազագույնը` 3 վիլայեթ (Վան, Բաղեշ և Էրզրում, առանց ոչ հայաբնակ ծայրագավառների)՝ սեփական ելքով դեպի Սև ծով:

Միացյալ Հայաստանի հարցում ՀՅԴ որոշ գործիչներ` Ռուբեն Տեր-Մինասյանը, վարչապետ Հ. Քաջազնունին, Ալ. Խատիսյանը, Ս. Վրացյանը անգամ դեմ էին ծովա¬յին ելքի պահանջին, իսկ Կիլիկիայի մասին առհասարակ խոսք չկար: Մյուս կողմից հարկ է նշել, որ ՀՅ Դաշնակցության շարքերում նույնպես կային անհատ գործիչներ, հատկապես գաղութահայ հատվածից, որոնք ավելի մեծ պահանջներ էին ներկայացնում: Սակայն ՀՅԴ-ի և կառավարության քաղաքական ուղեգիծը որոշելիս նրանք որոշակի ազդեցություն չեն ունեցել:

Արդեն 1919 թ. փետրվարի 6-13-ը Երևանում գումարված Արևմտահայերի երկրորդ համագումարում ընդունված քաղաքական բանաձևում առաջին անգամ ընդունվում է «Ազատ և Միացյալ Հայաստան» ստեղծելու մասին պլատֆորմը: Համագումարը պահանջում էր նաև դատարանով պատժել Հայոց Մեծ եղեռնի դահիճներին: Այդ նույն գաղափարի մարմնավորման շուրջ ավելի ուշ` 1919 թ. աշնանը, Երևանում կայացած Հ Յ Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը, նույն կերպ արտահայտվելով Հայաստանի անկախության և Հայկական հարցի համապարփակ լուծման խնդիրների շուրջ, բանաձևեց` «Նվիրագործել Անկախ և Միացյալ Հայաստանի հայտարարությանը և անոր ամբողջացման ու զարգացման ձգտել բոլոր զորությամբ, ժողովրդավար հանրապետության հիման վրա» :

Ավելի վաղ` 1912-ի նոյեմբերից, հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի հանձնարարությամբ Փարիզում գործում էր եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշայի գլխավորած Ազգային պատվիրակությունը: Նախատեսվում էր, որ ՀՀ կառավարության և Պողոս փաշայի գլխավորած պատվիրակությունները պետք է համախորհուրդ նպաստեին Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացմանը:

Սակայն հենց սկզբից նրանց միջև ծագեցին լուրջ տարաձայնություններ: Եթե հիմնական կառավարող ՀՅԴ կուսակցությունը, ՀՀ պատվիրակությունը հանդես էին գալիս համեմատաբար չափավոր պահանջներով` առավելագույնը արևմտահայ 6 նահանգ, իսկ նվազագույնը` 3 նահանգ` ծովային ելքով, ապա Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշան, Հայ ս. ռամկավարները, նրանց գաղափարակից ու ձայնակից ՀԺԿ-ն, որը կոալիցիայի մեջ էր ՀՅԴ հետ, ինչպես նաև գաղութահայ Ս.Դ. Հնչակյանները պահանջում էին ծովից ծով Հայաստան` թուրքահայ 7 նահանգներ` Կիլիկիայի չորս սանջակների հետ միասին:

Հարկ է նկատել, որ Փարիզի խաղաղության կոնֆերանսի շրջանում Հայաս¬տանի կառավարության և Պողոս փաշայի միջև ծագել էր ակներև տարընթերցում «Միացյալ Հայաստան» հասկացության բովանդակության հարցում: Այսպես, ՀՅԴ Բյուրոն և Հայաստանի կառավարությունը, Միացյալ Հայաստան ասելով, հասկանում էին ՀՀ և արևմտահայ մի քանի նահանգների միավորումով հիմնել Միացյալ և Անկախ Հայաստան, մինչդեռ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս փաշան և իրեն աջակից կուսակցությունները Միացյալ Հայաստան ասելով հասկանում էին արևմտահայ 7 նահանգները Կիլիկիայի 4 սանջակների հետ միասին:

Ավելին, անձամբ Պողոս Նուպար փաշան և արևմտահայ ռամկավար շրջանակները դեմ էին ՀՀ հարցը խառնել Տաճկահայ դատի հետ: Նրանք գտնում էին, որ այդ երկու հարցերը պետք է տարանջատել իրարից և հասնել առաջին հերթին Տաճկահայաստանի (հնարավորության դեպքում նաև Կիլիկիայի հետ) անկախության։ Ռուսահայաստանի հարցը չպետք է խառնվեր Տաճկահայ հարցին, որը, իրենց կարծիքով, կխանգարեր Հայկական հարցի հայանպաստ լուծմանը: Ազատական ժողովրդավարական գաղափարներ դավանող Հայ ժողովրդական կուսակցությունը Հայական հարցում համերաշխվում և առաջնորդվում էր Պողոս փաշայի և Հայ ս. ռամկավարների առաջադրած համանման գաղափարներով ու մոտեցումներով: Հենց այդ տարաձայնություններն էլ դարձան այն շարժառիթը, որ ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիան քայքայվեց, և խորհրդարանը լուծարվեց:

Մեր կարծիքով՝ Պողոս Նուբար փաշայի, Հայ ռամկավարների ու Հայ ժողովրդականների սխալն այն էր, որ կարևորություն չտալով Հայաստանի Հանրապետության գործոնին, որի առանցքի շուրջ հենց պետք է միավորվեին հայկական մնացյալ հողերը, և ստեղծվեր Միացյալ և Անկախ Հայաստանը, նրանք Արևմտյան Հայաստանի (Տաճկահայաստանի) հարցը կտրում էին իրատեսական հիմքից և Միացյալ, Անկախ Հայաստան ասելով` հասկանում էին տաճկահայ նահանգները և Կիլիկիան միասին: Վերջիններիս հավակնություններից մեկն էլ այն էր, որ նրանք ապագա Միացյալ Հայաստանի կառավարության ղեկին տեսնում էին միայն իրենց պաշտելի Պ. Նուբար փաշային, նույնիսկ Փարիզում կազմել էին ստվերային կառավարություն` նրա գլխավորությամբ:

Հայկական երկու պատվիրակությունները չկարողացան ընդհանուր լեզու գտնել ոչ միայն տարածքային պահանջների հարցում, այլև նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե այդ երկու պատվիրակություններից որն է գլխավորը: Այդուհանդերձ, Հայաստանի կառավարության պատվիրակությունը որոշ ուշացումով` փետրվարին, հասնելով Փարիզ, փորձեց Ազգային պատվիրակության հետ գործակցել, նույնիսկ տարածքային պահանջներ ներկայացնելու հարցում մեծ զիջողության գնալ: Հայկական պատվիրակությունները համատեղ 1919 թ. փետրվարին խաղաղության կոնֆերանսին ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր «Memorandum», որով դաշնակից տերություններից պահանջվում էր ստեղծել Միացյալ և Անկախ Հայաստան՝ մեկ ամբողջական տարածքի վրա: Այն ներառելու էր Կովկասահայաստանը Կարսի մարզի ու Արցախի հետ միասին, Արևմտահայ յոթ նահանգները (վիլայեթները)` Էրզրումի, Վանի, Բաղեշի (Բիթլիսի), Դիարբեքիրի, Խարբերդի, Սվազի և Տրապիզոնի մի մասը` դեպի Սև ծով ելքի համար, ինչպես նաև Կիլիկիայի չորս սանջակները, մի խոսքով` լայնատարած մի պետություն` Սև ծովից մինչև Միջերկրական, այսինքն` ծովից ծով Հայաստան:

Գաղութահայության ընդհանուր ոգևորության ազդեցության տակ և Ազգային պատվիրակության հորդորներով Ա. Ահարոնյանը, փաստորեն անտեսելով կառավարության անհամեմատ համեստ հրահանգները, ստորագրեց փետրվարի 12-ի Դաշնակից տերություններին ներկայացվող ծովից ծով Հայաստան պահանջող հուշագրի տակ, որը, անշուշտ, լուրջ շեղում էր Հայաստանի կառավարության հրահանգից և իրատեսական չէր:

1919 թ. փետրվարի 26-ին Ա. Ահարոնյանը և Պողոս փաշան մասնակցեցին Տասի խորհրդի նիստին և ներկայացրին հայկական պահանջները: Հայկական միացյալ պատվիրակությունը կոնֆերանսին ներկայացրեց նաև վերոհիշյալ նահանգների սահմաններով գծված ապագա Մեծ Հայաստանի համապատասխան քարտեզը: Հայկական պահանջների հուշագիրը վավերացվեց 1919 թ. փետրվարի 24-ից մինչև ապրիլի 21-ը Փարիզում գումարված Արևմտահայ Ազգային համագումարում: Սակայն այդ հուշագրի առավելագույն պահանջները հետագայում Անտանտի տերությունները և ԱՄՆ-ը չափավորեցին ու 1920 թ. ապրիլին Սան Ռեմոյում ընդունված Թուրքիայի հետ կնքվելիք ապագա հաշտության պայմանագրի նախագծում ՀՀ-ի մեջ ներառվելու էին Արևմտյան Հայաստանի 3 նահանգ և Տրապիզոնի նահանգի մի նեղ պարանոցով ելք էր ապահովվելու դեպի Սև ծով: Դա նշանակում է, որ Ա. Ահարոնյանը վերջին հաշվով փաստորեն վերադարձել էր կա¬ռավարության հրահանգին:

Բացի Միացյալ և մեծ Հայաստան ստեղծելու պահանջից` ներկայացված հուշագրում խոսվում էր Հայաստանի մանդատի, նրա Ազգելի լիգա մտնելու, պատերազմից կրած վնասների, բռնագրավումների, զրկանքների, տեղահանությունների, կոտորածների դիմաց հատուցումներ ստանալու մասին: Մասնավորապես, Հայաս¬տանի պատվիրակությունը Փարիզի վեհաժողովին էր ներկայացրել աշխարհամար¬տի տարիներին հայ ժողովրդի կրած նյութական վնասների չափը, որը կազմում էր 14 մլրդ. ֆրանկ:

Միացյալ հայկական պետության կայացման համար շատ կարևոր էր ունենալ որևէ հովանավոր կամ խնամակալ պետության երկրի աջակցությունը` մանդատը: Այլ խոսքով` անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին, ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես ոտքի կանգնելու, մինչև որ կայանար որպես ինքնուրույն պետություն: Նկատի ունենալով, որ Փարիզի խաղաղության վեհաժողովում մեծ տերություններից Հայաստանի նկատմամբ ավելի բարյացակամ էր և մեծ հետաքրքրություն էր հանդես բերում ԱՄՆ-ը, հայկական պատվիրակությունները ցանկություն հայտնեցին Հայաստանի հովանավորությունը (մանդատը) հանձնել ԱՄՆ-ին կամ նոր կազմվելիք Ազգերի լիգային (նեկայիս ՄԱԿ-ի նախորդն ու նմանակը): Մասնավորապես հույս էր փայփայվում, որ Միացյալ Հայաստանի խնամակալությունը կստանձնի ԱՄՆ-ը. մանավանդ որ նախագահ Վուդրո Վիլսոնը (1856-1924) շատ էր հետաքրքրվում Հայաստանով և բարյացակամ էր տրամադրված հայ ժողովրդի հանդեպ:

1919 թ. մայիսի 14-ին Անտանտի տերությունների Չորսի խորհուրդը որոշել էր Հայաստանի մանդատը տալ ԱՄՆ-ին: Ծրագրվում էր, որ մանդատի տևողությունը պետք է լիներ տասը տարի, որը երկկողմ համաձայնությամբ կարող էր երկարաձգվել: Նորաստեղծ Ազգերի լիգան ևս որոշում է Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին: Տերությունների նախնական համաձայնությամբ Թուրքիան պետք է մասնատվեր երեք մասի` Հայաստանի, Թուրքիայի և Կ. Պոլսի` որևէ մի պետության խնամակալության ներքո։ 1919 թ. հուլիսին, Փարիզի կոնֆերանսի Տասի խորհրդի որոշմամբ, Հայաստանի գերագույն կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ Ուիլիամ Հասկելը, որին մեծ ոգևորությամբ ու պատիվներով ընդունում են Հայաստանի կառավարությունն ու հայ ժողովուրդը: Հայաստանի խնամակալությունը ստանձնելու հնարավորություններն ուսումնասիրելու համար Հայաստան ու տարածաշրջան է ժամանում նաև ամերիկյան միսիան` գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Նախնական հաշվարկները ցույց էին տվել, որ մանդատը ստանձնելու դեպքում ԱՄՆ-ը Հայաստան պետք է ուղարկեր 50 հազար ամերիկյան զինվոր` երկիրը պաշտպանելու համար: Դրա հետ մեկտեղ Ջ. Հարբորդի ամերիկյան Սենատին ներկայացրած զեկուցագրով Հայաստանի մանդատը ընդունելու դեպքում ԱՄՆ-ը 5 տարում պիտի ծախսեր 757 մլն. դոլար և այլն:

Սակայն երկար քաշքշուկից հետո` 1920 թ. հունիսի 1-ին, ԱՄՆ-ի Սենատը մի շարք, այդ թվում վերոնշյալ պատճառաբանություններով, նախագահ Վ. Վիլսոնի կամքին հակառակ, ձայների մեծամասնությամբ մերժում է ընդունել Հայաստանի մանդատը: Այն հրաժարվում են ընդունել նաև Ազգերի լիգան, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և այլ երկրներ: Իհարկե, քաղաքական և պատմական առումներով դա խորը հիասթափություն էր հայ ժողովրդի ու նրա քաղաքական շրջանակների համար, որից դասեր կարելի է առնել նաև մեր ժամանակների համար:

Սևրի պայմանագիրը

Համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախապատրաստական քայլը եղավ 1920 թ. ապրիլին Իտալիայի ծովափնյա Սան Ռեմո քաղաքում Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի) ղեկավարների կոնֆերանսը, ուր մշակվեց և սուլթանական կառավարությանը ներկայացվեց ապագա հաշտության պայմանագրի նախագիծը: Այնտեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, Հայաստանին ռազմական օգնության և այլն:

Դրանից հետո` 1920 թ. օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր: Հայաստանի կողմից պայմանագիրը ոսկյա գրիչով ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ա. Ահարոնյանը: Նա այդ օրը հա¬մարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը:

Պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ, Անկախ, Ազատ Հայաստանը: Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Վանի, Բաղեշի (Բիթլիսի) և Տրապիզոնի նահանգները ոչ ամբողջությամբ` ընդամենը 90 հազար քառ. կմ` ելքով դեպի Սև ծով: Դա նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ կազմելու էր 160 հազար քառ. կմ: Ընդ որում, Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-Ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերի 22-ին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը:

Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարն իրավական մարմնավորում գտավ Սևրի դաշնագրում և նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռում: Սակայն, ցավոք, պատմաքաղաքական հետագա դեպքերն ու իրադարձությունները Հայաստանի ու հայ ժողովրդի համար այնպիսի աննպաստ ընթացք ունեցան, որ ոչ միայն Սևրի պայմանագրով ստորագրված և նախագահ Վիլսոնի իրավավար վճռով գծված Միացյալ, Անկախ, Ազատ Հայաստանի պահանջը չկենսագործվեց, այլև շուտով աշխարհի շատ պետությունների կողմից պաշտոնապես ճանաչված բուն Հայաստանի Հանրապետությունը դարձավ հարձակման թիրախ քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից, որի արդյունքում նա կորցրեց իր տարածքների մի զգալի մասը, անկախությունը և խորհրդայնացվեց:

Դեռևս 1919 թ. կեսերից Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված շարժումը` թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը: Այդ գործում նրանց օգնության հասավ Խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը: Մյուս կողմից` Սևրի պայմանագիրը ստորագրած, Հա¬յաս¬տանին դաշնակից համարվող պետությունները` Ֆրանսիան, Իտալիան, ապա Անգլիան, հանձնառու չեղան կենսագործելու իրենց իսկ ստորագրած պայմանագիրը: Ավելին, նրանք իրենց քաղաքական ու տնտեսական շահերի թելադրանքով աստիճանաբար սիրախաղեր սկսեցին քեմալականների հետ: Հայկական հարցը լուծելու համար ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը, սակայն, չուներ բավարար ուժ և կարողություն` քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները:

Սևրի պայմանագիրը և նախագահ Վ. Վիլսոնի Իրավավար վճիռը՝ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի՝ Արևմտյան Հայաստանի իրավատերը լինելու վերաբերյալ, անհերքելի փաստաթղթեր են: Հասնել այդ խնդրի վերջնական ու արդարացի լուծման` կնշանակի լուծել Հայկական հարցը: 1920 թ. Սևրի պայմանագրով պաշտոնական Թուրքիան և Արևմուտքը ճանաչել են հայ ժողովրդի իրավունքը իր հայրենիքի նկատմամբ: Սևրի պայմանագիրը և ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի Իրավավար վճիռը Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների վերջնական ճանաչումն են՝ անկախ հանգամանքից, որ ժամանակին այն կյանքի չկոչվեց:

Տպել Տպել