- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ծրագիրը հավատ կներշնչի, եթե ուրվագծվեն նպատակների իրագործմանը տանող անելիքները

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ.

Հարգելի գործընկերներ,

մեր երկիրը ապրում է քաղաքական գործընթացների մի նոր փուլ:

Անկախությունից մինչ օրս ձևավորված քաղաքական, տնտեսական և հասարակական արդեն կայացած կառույցների կողքին, մենք այսօր քննարկելու ենք քաղաքական մի նոր ծրագիր, որը պիտի շոշափելի տեսլական փոխանցի այսօրվա հոգեբանության մեջ ապրող մեր ժողովրդին: Մենք միասնաբար պարտավոր ենք հայ մարդու հավատը դարձնել լիարժեք: Նա ոչ միայն պիտի լիահույս լինի իր և իր ընտանիքի վաղվա օրվա հանդեպ, այլ մասնակից դառնա իր ապագայի կերտմանը:

Մեր պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, ինչպես նաև սահմանադրության և իրական կյանքի ներդաշնակումը պահանջում են համայն հայության ուժերի կենտրոնացում ու արդյունավետ օգտագործում: Սա է դառնալու ապագա Հայաստանի զարգացման գրավականը: Այս ծրագիրն, իհարկե, անդրադարձել է այնպիսի կարևոր հիմնախնդիրների, որոնք հստակ պատկերացում են տալիս մեր սպասումներին, բայցևայնպես՝ ոչ լիարժեք խորությամբ: Ուստի ես հարկ եմ համարում անդրադառնալ երկու կարևոր ոլորտների.

Ակնհայտ է, որ ներկա պայմաններում ժողովրդագրական խնդիրների լուծումը կապված է նաև հայրենադարձության հետ: Ակնհայտ է նաև, որ առանց հայրենադարձության ամբողջական հայեցակարգի, ծրագրերի, անհնար կլինի պատկերացում կազմել ապագայում ժողովրդագրական առաջընթացի բարելավման մասին: Հետևաբար, կառավարության ծրագրում, առնվազն հիմնադրույթների մակարդակում պետք է ամրագրվեն համապատասխան մոտեցումներ, որոնք հիմք կհանդիսանան ապագա գործունեության համար: Պետական աջակցությունն այս խնդրում պետք է լինի կայուն հիմքերի վրա՝ հստակ նպատակադրումներով և թիրախավորված կոնկրետ արդյունքներով:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ տևական ժամանակ գտնվել է քննարկման փուլում՝ որպես առաջնահերթություն, թե քաղաքական հարթակներում, թե փորձագիտական մակարադակով: Խոսքը վերաբերում է տարածքների համաչափ զարգացմանը: Սա ևս առանցքային խնդիր է սոցիալ-տնտեսական իմաստով և իր ազդեցությունն է թողնում ինչպես երկրի պոտենցիալի լիարժեք օգտագործման, այնպես էլ ներքին և արտաքին քաղաքականության տեսանկյունից: Սահմանամերձ բնակավայրերի և բարձր լեռնային բնակավայրերի առաջիկա զարգացման տեսլականը պետք է ձևակերպվի առնվազն այն չափով, որ հույս ներշնչի այդ տարածքների բնակչության կայունությանը՝ իրենց ապագան իրենց բնակավայրում տեսնելու, արտագաղթածներին տուն վերադարձնելու առումով: Համոզված եմ, որ այս երկու կարևորագույն ոլորտները անկախ կառավարության ժամանակավոր բնույթից և քաղաքական իրավիճակի փոփոխությունից պետք է համարվեն առաջնահերթություններ՝ երկրի զարգացման տեսանկյունից:

Այսօր մեր երկրի անհամաչափ զարգացման հարցը, ազգային անվտանգության տեսանկյունից դիտվում է հրատապ, դատարկվող գյուղերը վերաբնակեցնելու համար հարկավոր է նախ լուծել գյուղացու ուսերին ծանրացած սոցիալական բեռը: Այդ նույն բնակավայրերում առանց աշխատատեղերի ստեղծման և արտոնյալ պայմանների տրամադրման, չենք կարող պատկերացում ունենալ ներգաղթի մասին ամենագեղեցիկ ծրագրեր անգամ ներկայացնելիս: Եթե մենք ամեն առիթով վկայակոչում ենք աղքատության ցուցանիշները և դարձյալ գործնական ոչինչ չենք անելու, հատկապես, վերոնշյալ բնակավայրերի բնակիչների համար, ևս մի քանի տարի հետո կունենանք ևս մի քանի դատարկված գյուղեր, որոնց բնակեցման գաղափարը կդառնա միֆ:

Ուստի նորից եմ կրկնում, ծրագիրը մեզ հավատ կներշնչի, եթե որոշակի ուրվագծվեն այն անելիքները, որոնք միտված կլինեն այս նպատակների իրագործմանը:

Իսկ հավատն ամրագրվում է, երբ իշխանություններն իրենց գործունեության հիմքում դնում են ազգային մտածողությունը:

Հայաստանի որևէ իշխանության քաղաքական հիմնարար ծագիրն անկախ այն բանից, թե երբ է գրվում և որ ժամանակահատվածի համար է, պիտի խարսխվի երկու կարևորագույն առանցքների վրա՝ ազգային արժեքային համակարգ և հայ ազգի ներուժի օգտագործում:

Քաղաքական այս ռազմավարությամբ է ուրվագծվում իշխանության գործունեության մարտավարությունը, որն էլ կանխորոշում է երկրի զարգացման իրատեսական ծրագրերի իրագործումը: Իշխանության մարտավարական քաղաքականության արդյունքները պիտի ներդաշնակվեն ռազմավարական ազդակներին և երբեք չպիտի ծառայեն իշխանության այս կամ այն հատվածին կամ քաղաքական որևէ ուժի: Միայն այս համատեքստում կարղ ենք արձանագրել, որ ազգային շահը և ազգային նպատակները ներդաշնակեցված են: Անկախ պետության իմաստը և արժեքը՝ հենց սա է: Ոչ երեկ, ոչ այսօր և ոչ էլ վաղը ազգային չի կարող համարվել այն պետությունը, որի ղեկավարները պետական քաղաքականությունը չեն խարսխում ազգային ռազմավարության հիմքի վրա: Միայն այս դեպքում մենք կունենանք զարգացում ապահովող գործելաոճ և կձերբազատվենք այն բոլոր արատներից, որնք մեզ հիասթափության առիթ են տվել: