Մի թիւրիմացութեան առիթով

Դալի Ղազար, Դալի Ղազօ, Միշա Արզումանեան

ԴԱԼԻ ՂԱԶԱՐ, ԴԱԼԻ ՂԱԶՕ ԵՒ ՄԻՇԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

ՀՅԴ հերոսական պատմութեան մէջ երեք փայլուն անուններ, որոնց վերաբերեալ յաճախ թիւրիմացութիւններ են ծագել ընթերցողների մոտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով մէկի գործը վերագրուել է միւսին և զանազան, նոյնիսկ խիստ վաւերականութիւն ունեցող հրատարակութեանց մէջ պահպանուել է այդ անճշտութիւնը:

Դալի Ղազարի իսկական անուն ազգանունն է Միքայէլ Բադալքէխեան կամ Բադալքեոխեան:
Դալի Ղազօն՝ Ղազար Թարխանեանն է:

Միշա Արզումանեանի անունն է Միքայէլ:

Հաւանաբար Դալի Ղազարի և Միշա Արզումանեանի անուան նոյնութիւնը՝ Միքայէլ, առիթ է դարձել թիւրիմացութեան, որով «ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ» քառահատոր շարքի Գ հատորի , անձնանունների ցանկում (էջ 427) ԴԱԼԻ ՂԱԶԱՐ անուան դիմաց նշուած է ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ ՄԻՇԱ, ինչը ճիշտ չէ:

Նոյնպէս Ալվարդ Ղազիյեանի «Արևմտահայոց պայքարի Արցախի զավակները» գրքում՝ Երևան, 2015, Դալի Ղազարին վերաբերող գրութեան մէջ տեղադրուած է Դալի Ղազոյի նկարը:

Ստորև ներկայացնում ենք իւրաքանչիւրի մասին վաւերական տեղեկութիւններ՝ փարատելու համար առկայ թիւրիմացութիւնները:

Ա.Ա.

ԴԱԼԻ ՂԱԶԱՐ – ՄԻՔԱՅԷԼ ԲԱԴԱԼՔԷԽԵԱՆ1

Երևան, 3 յունիսի 1920

Կը շարունակուի զոհերու շարանը: Ոմանք զոհ կ’երթան անողոք սովին, ուրիշներ՝ թշնամիին գնդակին, իսկ ոմանք ալ քաղաքացիական կռուին: Միքայէլ Պատալքէխեան, կեղծ անունով Տէլի Ղազար, մէկը եղաւ թշնամիին դաւաճան գնդակի այն բիւրաւոր զոհերէն, որոնք ինկան յանուն մեր հայրենիքի ազատութեան, առանց այդ ազատութիւնը կարենալ վայելելու:

Միքայէլը բնիկ գանձակեցի է՝ հազիւ 30 տարեկան: Ստացած էր միջնակարգ կանոնաւոր կրթութիւն: Գանձակի մէջ ան աչքի էր ինկած իբրև կուսակցական զինապահեստի միակ հաւատարիմ հսկող:

Անցած էր Բագու և կատարած՝ բազմաթիւ տերօրներ:

Ռուս կառավարութիւնը զայն աքսորած էր մինչև Սիպիր: Վտանգն աչք առնելով ան փախած էր Սիպիրէն և անցած՝ Տաճկահայաստան-Մուշ, Վան, ուր զբաղած էր կուսակցական աշխատանքներով:

Կամաւորական գնդերէն մէկուն մէջ (Դրոյի գունդ) ամենաակտիւ դեր կատարած էր: Իր գումարտակը ամենէն քաջը և յանդուգն դուրս եկած էր. Ան գնացած էր մինչև Սասուն: Միքայէլը այդ օրերուն ստացած էր Տէլի Ղազար կեղծ անունը:

Ղազարը եղած է տերօրիստը յայտնի Միհրանին, որ փորձած էր Միհրանական շարժում՝ Դաշնակցութիւնը պառակտելու համար:

Ղազարը ամենափայլուն գործունէութիւն ցոյց տուաւ Ղարաբաղի վերջին կռիւներու ընթացքին: 300 կտրիճներով ան գրաւեց Ասկերանի կիրճը: Երեք անգամ թաթարական հազարաւոր ուժեր ետ մղեց: Փամփուշտի պակասութեան պատճառով մերոնք հարկադրուած էին վերջ ի վերջոյ նահանջել: Ղազարը կռուի տաք րոպէին կ’իյնայ գետին:

_____________________________________________

1Թուրքեր այնուհետև կտրած են անոր գլուխը և տարած են Գանձակ և Բագու՝ թաթար ամբոխը մեր հերոսի մահուամբ հաճոյացնելու համար:

Դալի Ղազարը (կենտրոնում` x նշանով) իր խմբով

Անկարելի բան է Միքայէլի կեանքի լրիւ պատկերը տալ այստեղ: Կարճ տարիներու մէջ ան ապրած է շատ բեղմնաւոր կեանք մը: Հանգի՜ստ իր ոսկորներուն:

«Հայրենիք» օրաթ. Բոստոն, հինգշ. 29 յուլիսի 1920, թիւ 2508, էջ 1

ԾԱՆՕԹ. – Դալի Ղազարի մահուան առիթով յօդուածներ են լոյս տեսել նաև Պոլսի «Ճակատամարտ» թերթի 1920 թուականի 30 մայիսի, 3 և 6 յունիսի (թիւ 465, 468 և 471) համարներում: Ա.Ա.

ԴԱԼԻ ՂԱԶՕ2
(1891-1956)

Գրեց՝ ՂԱԶԱՐ3

Պուլանուխի մեր դաշնակցական լաւագոյն և ամբասիր գործիչ երիտասարդ ընկերներէն մէկն էր Ղազօն: Նա ծնուել է Պուլանուխ գաւառի Հարտոնկ գիւղում 1891 թուին, համեստ և նահապետական ընտանիքի մը ծոցին մէջ:

Գիւղացու մը համար գառ ու այծ արածեցնելն աւելի յարգի է, քան զաւկի դպրոց յաճախելը, ուստի Դէլի Ղազօն մեծցեր և հասակ նետեր է տաւար և ոչխարներու ետևէ վազելով:

Հակառակ ատոր և ըստ երկրի սովորութեան, պատանի տարիքէն կը մտնի ՀՅ Դաշնակցութեան շարքերը: Ղազօն անգրագէտ էր, հազիւ թէ կարողանար իր անուն-ազգանունը ստորագրել:

Սկզբնական շրջանին պատանի Ղազօն կուսակցական պաշտօն կը կատարէ (սուրհանդակ) Պուլանուխ-Խնուս և շրջաններուն մէջ:
Կը պատմեն, որ երբ օր մը Խնուսէն վերադարձին Ղարաչոպան կոչուած հայկական գիւղի սահմաններում կը հանդիպի քրդու մը, վերջինը դիմացինը երեխայ կարծելով կը փորձէ կողոպտել զայն, ուստի քաջարի Ղազօն կռահելով քրդու միտքը, ակնթարթի մը մէջ ատրճանակի խողովակը ուղղելով քրդու դէմքին ու երկու գնդակ պարպելէ ետք, աւազակը կ’երկնցնէ գետին և կը փախչի դէպի Ղարաչոպան գիւղը ու հետքը կը կորսնցնէ:

Յիշեալ դէպքից յետոյ, քրդու կնքահայրութեամբ տղու անունը կը մկրտուի՝ Դէլի Ղազօ և այդպէս ալ կը մնայ:

1913-ի սկզբներից, թուրք կառավարութիւնը ռազմական մեծ պատրաստութիւններ կը տեսնէ, երկրի մէկ ծայրէն միւսը և ամէնուրէք՝ իր ուշադրութիւնը կը կեդրոնացնէ գլխաւորապէս հայ զանգուածին վրայ:

Մի կողմից զինակոչը, միւս կողմէ ալ վերոյիշեալ դէպքի պատճառաւ Դէլի Ղազօն ստիպուած կ’ըլլայ թողնելու երկիրը և իր սիրելիները ու հեռանալ:

Գտնելով քանի մը հոգի իր խելքով ու գաղափարին համապատասխան երիտասարդներ, Պուլանուխէն փախչելով, Ալաշկերտի վրայով սահման կ’անցնեն, կու գան Կաղզուան, հոնկէ ալ կ’անցնին հիւսիսային Կովկասի ծովափնեայ քաղաքներէն Օթոթիի նաւահանգիստը, ուր բեռնակրութեամբ զբաղում են, իրենց օրապահիկը ապահովելու համար:

______________________________________

2 Դալի Ղազոյի ազգանունը Թարխանեան է: Ա.Ա.
3 բաշգեառնեցի խմբապետ Ղազար Քոչարեանն է (1874-1964 ): Ա.Ա.

Ա. Համաշխարհային պատերազմին (1914), երբ կը կազմակերպուէին հայ կամաւորական գունդերը, մեր Դէլի Ղազօն թողնելով նաւահանգիստն ու իր աշխատանքը, կը փութայ արձանագրուելու հերոս Անդրանիկի բանակում, մտնելով անոր Ա վաշտի շարքերում (վաշտապետ՝ Արտաշէս Սուճեան) որպէս պարզ ու համեստ զինուոր:

Դէլի Ղազօն իր ակտիւ մասնակցութիւնը բերած է պատկան գունդի կողմէն մղուած բոլոր կռիւներուն՝ Կովկասեան ճակատում՝ թուրք բանակին դէմ, որոնցմէ նշանաւորներն են.- Դիլմանին (Իրան), Սուրբինը, Դատւանին, Բիթլիսի գրաւումը և այլն:

Երբ որ ցարի կառավարութիւնը լուծուած յայտարարեց հայ կամաւորական գունդերը (1916), մեր Դէլի Ղազօն ալ մի խումբ տարագիր հայրենակիցներու գլուխն անցնելով և յաչս իր եղբայր Աբգարին՝ միասին կուգան Երևան գաւառի Կոտայքի շրջանում ու կը հաստատուին հոն Ղարաղալա կոչուած և թաթարներէ լքուած գիւղում ու կը սկսեն խաշնարածութեամբ և գիւղատնտեսութեամբ զբաղուել:
Կարճ ժամանակամիջոցում, ընկ. Ղազօն իր ժրաջան և խաղաղ աշխատանքներով կարողացաւ «առասպելական» տնտեսութեան տէր դառնալ ու ամուսնանալով պարկեշտ ընտանիք կազմեց:

Արդեօք Երևանի նահանգում կա՞յ ու կը գտնուի՞ մարդ մը, որ Դէլի Ղազոյին չը ճանչնայ և կամ անունը լսած չըլլայ:
Մեր Դէլիին դուռն ու սեղանը եկող գնացողին առջև միշտ բաց է եղեր:

Հայաստանի Հանրապետութեան անկումէն ետք, խաբեբայութեամբ համայնավար աւազակներն ու կողոպտիչները տէր դարձան մեր երկրին:
Դանակը հասեր էր հայ ժողովուրդի ոսկորին, այլևս համբերել, տոկալ ու տանել անկարելի էր այդ բոլոր կատարուածները՝ յայտնի ու անյայտ: Հայաստանի մի ծայրէն միւսը պոռթկալով հայ հասարակութիւնը յառաջ բերաւ, արար աշխարհին ծանօթ համահայկական Փետրուար 18-ի արիւնալի ապստամբութիւնը (1921):

Այդ օրերուն, ոչ թէ ղեկավարներէն մէկն էր Դէլի Ղազօն, այլ ամբողջ գերդաստանով և տնտեսութեամբ միասին նետուած էին պայքարի մէջ, կարմիր բորենիներուն դէմ՝ նիւթապէս, բարոյապէս ու ֆիզիքապէս:

Ինքը՝ քաջարի Ղազօն, ճերմակ նժոյգին վրայ նստեր զէնն ի ձեռին, դիրքէ դիրք սլանալով կռուող տղոց կը քաջալերէր և թէ փամփուշտ ու պարէն կը մատակարարէր յեղափոխականներուն:

Այդ բոլորէն ետք դժբախտաբար կարմիր Ռուսաստանէն աւազակային կարմիր բանակը վրայ հասաւ:

Ուստի յաւելեալ արիւն չթափելու համար, Հայաստանի Փրկութեան Կոմիտէն հրաման տուաւ յեղափոխական իր մարտական կռուող ուժերին, յետ քաշուելու դէպի Բաշգեառնի ու այնտեղիցն ալ խիստ կարգապահ ու աստիճանաբար նահանջելու Լեռնահայաստան:
Այդ փառայեղ պայքարը, որ մօտաւորապէս տևեց 65-70 օր և ինչպէս շատերը, նա էլ որպէս քաղաքական տարագիր ընտանիքով միասին և ամէն բանէ զուրկ, գաղթականի ցուպը ձեռքին կը հետևի նահանջողներուն և Մեղրիի վրայով Արազ գետը կ’անցնեն ու կ’ապաստանեն Շահնշահերու երկիրը: Նախ Թաւրիզ և ապա՝ Թեհրան բնակութիւն կը հաստատեն:

Թեհրան գալով, Դէլի Ղազօն կարճատև հիւանդութենէ մը ետք, 1956-ին իր մահկանացուն կը կնքէ 65 տարեկան հասակի մէջ: Հանգուցեալն իր ետին կը թողնէ երկու մանչ ու մի աղջիկ զաւակներ, բոլորն ալ ամուսնացած:

Հողը թեթև գայ վրադ, մեր բոլորին սիրելի Ղազօ:

Թեհրան, 1960

«Յեղափոխական Ալպոմ», Գ շարք, թիւ 4(28), էջ 113

ՄԻՔԱՅԷԼ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Բոստոնում հրատարակուող “Հայրենիք” օրաթերթի 28 յուլիսի 1949 համարում տպագրուած այս գրութեան սկզբում խմբագրութեան կողմից տրուած է հետևեալ ծանօթագրութիւնը.

Մեր տարաբախտ ընկեր և յաւէտ ողբացեալ Մինաս Մակարեան4 իր մահուանէն քիչ առաջ սկսած էր գրի առնել Նահատակ Ընկերներու մասին իր յիշողութիւնները: Ափսո՜ս, որ չաւարտած իր այդ թանկագին աշխատանքը, Մակարեան յաւիտեան փակեց իր աչքերը: Ինչ որ դուրս եկած է մեր

_____________________________________

4Ծնուել է 1889 թ. Ագուլիսում: Աւարտել է Մոսկուայի իրաւաբանական համալսարանը:1919 թ. մասնակցել է ՀՅԴ 9-րդ ընդհ. Ժողովին: 1920-ին ՀՅԴ Վրաստանի Կ.Կ-ի անդամ: 1926-ին ձերբակալւում է և աքսորւում: Բ աշխարհամարտի օրերին աքսորից վերադառնում և ընկերների աջակցութեամբ անցնում է Բերլին, ապա՝ Ֆրանսիա և 1947-ին մասնակցում է ՀՅԴ 14-րդ ընդհ. Ժողովին: 1948-ի սկիզբը անցնում է Բէյրութ, իսկ նոյն տարուայ յուլիսին՝ Թեհրան, ուր 1948-ի դեկտ. 3-ին կնքում է իր մահկանացուն: Ա.Ա.

սիրելի ընկերոջ գրչէն, կը յանձնենք հրատարակութեան իբրև նուիրական մասունք մը և Նահատակի մըվկայութիւնները նահատակներու մասին:

———————

Միքայէլ Արզումանեանը յայտնի էր Միշա Արզումանեան անունով: Անցնել աննկատ Մ. Արզումանեանի մահուան ծանր լուրի վրայով, իր կարևոր տեղը չտալ նրան Սովետական Ռուսաստանում մեր նահատակուած ընկերների շարքերում, ինձ թւում է, որ իրաւունք չունինք: Ճիշտ է, տաճկական գերութիւնից վերադառնալուց յետոյ, նա ստիպուած էր յայտարարել իրեն քաղաքական հոսանքներից դուրս, «անկուսակցական սոցիալիստ», բայց այդ բնաւ չէր խանգարում նրան միշտ ընկերական զգացումներով սերտ կապուած լինել նրանց հետ, որոնց հետ անցեալում երկար տարիներ բաժանել էր մեր իրականութեան ու մեր ժողովրդի ծանր լուծը ու
տառապել նրա ամենածանրակշիռ օրերին:

ԿԱՄԱՒՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՑ
1-Համազասպ, 2-Քեռի, 3-Իշխան, 4-Ս.Վրացեան, 5-Արմէն Գարօ, 6-Վարդան, 7-Մալխաս: Գետնին նստած աջից՝ Միշա Արզումանեան և Արամ Մանուկեան:

Միշան մինչև վերջն էլ շարունակել է, ըստ հնարաւորութեան, շրջապատուած լինել մեր այն ընկերներով, որոնք որևէ կարիք ունէին: Այդ ընկերներին նա մատուցել է միշտ բարոյական ու նիւթական աջակցութիւն: Լինելով առօրեայ կեանքում չափազանց պարզ, Արզումանեանին մօտիկից ճանաչողները կարող են հաստատել, որ օժտուած էր գործելու առանձին ընդունակութիւններով այն բոլոր ասպարէզներում, որ կապուած են եղել քաղաքական ու հասարակական աշխատանքների հետ՝ 1905-ի և 1917-ի ռուսական երկու յեղափոխութիւնների շրջանում ընդհանրապէս և Անդրկովկասում՝ մասնաւորապէս:

Մեր ժողովրդի համար ստեղծուած այդ ճգնաժամային օրերին Միշային մենք յաճախ տեսնում էինք հեղինակաւոր քաղաքական գործիչի դերում, ազգային-յեղափոխական հաստատութիւնների մէջ:

Մ. Արզումանեանը թէև մասնագիտական զինուորական կրթութիւն չունէր, բայց յաճախ հանդէս էր գալիս զինուորական պատասխանատու գործերում, աշխատելով այս կամ այն ռազմա-յեղափոխական հիմնարկութեան մէջ: Յաճախ եղած է այս կամ այն զօրաճակատում: Իբրև քաղաքական գործիչ, միշտ գործօն մասնակցութիւն է ունեցել կովկասեան քաղաքական-յեղափոխական ձեռնարկութիւններում:

Ես լիովին ծանօթ չեմ Մ. Արզումանեանի գործունէութեանը՝ ռուսական առաջին յեղափոխութեան շրջանին՝ Բագւում, բայց գիտեմ, որ այդ բոցավառ օրերին նա ամբողջովին տարուած էր մեր կուսակցութեան անմիջական գործերով, մասնակցելով նոյնիսկ կենտրոնական կոմիտէի աշխատանքներին: Չնայած իր երիտասարդ հասակին, նա քաջատեղեակ էր Բագուի մեր կազմակերպութեան այն ժամանակուայ գործունէութեան և նոյնիսկ Յովհաննէս Քաջազնունու տատանումներին՝ քաղաքական հեռանկարի վերաբերմամբ: Դա էր պատճառը, որ Քաջազնունու յայտնի գրքոյկը բոլորովին չզարմացրեց Մ. Արզումանեանին: Նա էր որ մեզ ծանօթացրեց Քաջազնունու առանձին դիրքի հետ և Ռուսաստանում ռէակցիայի տարիներին, գլխաւորապէս սոց. դեմոկրատիայի մէջ առաջացած, այդպէս կոչուած, «լիկուիդացիոն» շարժմանը:

Մ. Արզումանեանի այս յայտարարութիւնից յետոյ, մեզ համար դժուար չէր իր ժամանակին մեր հաւաքական վերաբերումը ցոյց տալ Յ. Քաջազնունիի մտքի այդ ձևի թռիչքի հանդէպ:

Առաջին յեղափոխութիւնից յետոյ Մ. Արզումանեանը, երկարատև ռէակցիայի օրերին, աննկատելի քաշւում է քաղաքական և կուսակցական ասպարէզից: Քայքայուած ցարիզմի մթագնած շրջանում խստօրէն նօսրացել էին մեր կուսակցութեան շարքերը. յախուռն գործունէութեան ժամանակաշրջանը տեղի էր տուել մանր գործերի առջև. խիստ հալածուած մեր կուսակցութիւնը՝ Հ Յ Դաշնակցութիւնը՝այդ ժամանակ խտացնում էր իր շարքերը և աստիճանաբար քարոզչական աշխատանքները կանոնաւորում, ամրացնելով կազմակերպական ներքին կեանքը:

Մ. Արզումանեանը, շնորհիւ իր ներքին կառուցուածքին ու հոգեկան պահանջներին, փաստօրէն գործ չունէր անելու այդ շրջանում մեր կուսակցութեան մէջ: Բայց ահա մօտենում են պատմական 1914 թուի ցնցիչ շրջանը և կուսակցական խմբերի կազմակերպման եռուն աշխատանքի օրերը: Եւ Մ. Արզումանեանին մենք տեսնում ենք Քեռիի խմբում, որտեղ նա երկար ժամանակ, մինչև խմբի լուծումը, խմբի սպայակոյտի պետն էր համարւում: Թէև չունէր նա ռազմական կրթութիւն, բայց անփոխարինելի էր տարիների ընթացքում, երբ նա պահում էր անհրաժեշտ փոխ յարաբերութիւնները ռուսական բանակի ներկայացուցիչների հետ: Արզումանեանը վայելում էր ռուսական զօրքի սպայակոյտի պետի՝ զօրավար Բարատովի մտերմութիւնը և յարգանքը, իբրև Քեռու պաշտօնական օգնականներից մէկը:

Ինձ քաջ յայտնի է, որ կամաւորների կողմից էլ Միշան աւելի քան յարգուել է միշտ և ընդունուել իբրև հեղինակութիւն… Այդ բացատրւում է ընկեր Միշայի անձնական քաջութեամբ ու արիութեամբ: Նա երբեք չի խուսափել կռիւներից, եթէ դա անհրաժեշտ է եղել գործի յաջողութեան համար:

Միքայէլ Արզումանեանին մենք տեսնում ենք 1917 թուի յեղափոխութեան շրջանում, պատասխանատու գործերում: Նա եղել է համարեա թէ բոլոր հիմնարկութիւնների անդամ, դրանց թւում՝ Անդրկովկասի յեղափոխական, զինուորական, գիւղացիական և բանուորական խորհուրդներում և հայ զինուորական միութեան գործադիր մարմնի մէջ: Նա Հոկտեմբերեան յեղափոխութեան շրջանին հանդէս եկաւ իբրև լաւագոյն պաշտպան Անդրկովկասի ժողովրդների անկախութեան և աշխատում էր հայ ու վրացի քաղաքական գործիչների հետ՝ ազատել Անդրկովկասը մեծամասնականների մենատէր հովանաւորութիւնից և ազդեցութիւնից:

Թիֆլիսի մեծամասնականների հետ պատահած բախումների ընթացքում Միշան անձնապէս մասնակցում էր զինարանի գրաւմանը: Զինարանը անցնում է ժողովրդական զօրախմբի և տեղի սոցիալիստ յեղափախականներից կազմուած հրամանատարութեան ձեռքը:

Անգլևթրքական շրջանում Մ. Արզումանեանը իր անմիջական մասնակցութիւնն է բերել այն պատուիրակութիւններին, որոնք իր ժամանակին կոչուած էին հարթելու մեր յարաբերութիւնները Ղարաբաղի ու Գանձակի թրքութեան հետ, աշխատելով մի ընդհանուր լեզու գտնել, բոլոր վիճելի քաղաքական ու տեղական բնոյթ կրող ծանրակշիռ խնդիրների նկատմամբ:

1917 թուի ձմեռուայ ողբերգական ժամանակաշրջանին կովկասեան զօրաճակատում, ուր մեր փոքրաթիւ ազգային զօրամասերը օրհասական դիմադրութիւն էին ցոյց տալիս իրենցից գերազանցօրէն ուժեղ հակառակորդին, Մ. Արզումանեանը իր մասնակցութիւնը բերաւ հայրենիքի պաշտպանութեան գործին, ստանձնելով Կարսի պաշտպանութիւնը, իբրև բերդի քաղաքական կոմիսար: Նա բերդի հրամանատար զօրավար Դէևի հետ միասին, կազմակերպեց բերդի պաշտպան ուժը: Եթէ Անդրկովկասեան կառավարութեան զինադադարի հետ կապուած չարաբաստիկ կարգադրութիւնը չլինէր, բերդի հրամանատարութեան կողմից ամիսների ընթացքում տարուած աշխատանքները բերդի պաշտպանութեան համար՝ թերևս այլ արդիւնք տային:

Մեր երկրի երկու և կէս տարուայ ժողովրդապետութեան շրջանում, երկրի վերաշինման օրերին Միշան, ըստ իր սովորութեան, քաշուած էր մի անկիւն և զբաղւում էր մասնաւոր գարծերով՝ Հայաստանի սահմաններից դուրս:

Բայց ահա մօտենում են 1920 թուի եղերական օրերը, երբ տաճկական հորդաները, Քեմալ փաշայի կարգադրութեամբ և ռուսների հաւանութեամբ, յարձակւում են մեր փոքրիկ հանրապետութեան վրայ, ցանկանալով յաւիտենապէս վերջ տալ մեր ժողովրդի փրկուած սակաւաթիւ բեկորների ֆիզիքական գոյութեանը: Նրանք ուզում էին իրականացնել, հայ ժողովրդի անմիջական հաշուին, իրենց պան-թուրանական հակամարդկային գաղափարները:

Մ. Արզումանեանը նորից իր տեղն էր, առաջին շարքերում, Կարսի պարիսպների տակ: Բայց այս անգամ քաղաքական և ռազմական բախտը մեզ բոլորովին դաւաճանեց: Մենք պարտուեցինք: Ամէն ինչ անցաւ թշնամու արիւնոտ ձեռքը: Միանգամայն ողբերգական էր բերդում մնացած զօրահրամանատարութեան դրութիւնը. Բերդումն էր նաև Արզումանեանը: Իսկական կոտորածից յետոյ, բերդում պատահաբար փրկուած հայ զինուորականները, նախարար Արտաշէս Բաբալեանի առաջնորդութեամբ, տարւում են Էրզրում, ուր և պատսպարւում են տեղի բանտերի տակ, միշտ սպասելով մահուան: Այդ վտանգը շարունակ կախուած էր նաև մեր ռազմիկ գերիների գլխին:

Եթէ սովետական Ռուսաստանը, հանգուցեալ Սահակ Տէր-Գաբրիէլեանի հեղինակաւոր ազդեցութեան շնորհիւ, անմիջական միջնորդութիւն չյարուցանէր նրանց ազատագրման համար Քեմալական Տաճկաստանից, նրանք կը մնային անմխիթար դրութեան մէջ: Մ.Արզումանեանը բոլոր ազատագրուածների հետ վերադարձաւ Թիֆլիս, որտեղ և բնակւում էր ու աշխատում մինչև 1922 թուի ընդհանուր բանտարկութեան շրջանը:

Ջեմալ փաշայի սպանութեան պատմական օրերին, զանգուածային բանտարկութիւնների ընթացքում, նա ևս, շատերի հետ միասին, բանտարկւում է և մի տարի նախնական քննութեան տակ գտնուելուց յետոյ, ազատւում է ու վերջնականապէս հաստատւում է Թիֆլիսում: Այնտեղ «երկար» տարիներ վայելում է համեմատական հանգստութիւն, սովետական իրականութեան քաղաքական պայմաններում, պաշտօնապէս հանդէս գալով իբրև «անկուսակցական սոցիալիստ»:

Չնայած դրան, 1936 թուին, զանգուածային բանտարկութեան օրերին, Միշան ևս կալանաւորւում է հազարաւորների հետ: Բայց այս անգամ նա չկարողացաւ տոկալ բանտարկեալի դժուարին պայմաններին և հէնց բանտարկութեան սկզբի ամիսներին հիւանդանում և տարւում է բանտի հիւանդանոցը՝ Թիֆլիսում…

1940 թուի ամառը պատահաբար անցնելով Թիֆլիսից, Միշային այլևս չգտայ շատերին յայտնի իր բնակարանում: Միշան այլևս չկար…

Տպել Տպել