Գյուղատնտեսությունը պարզ բիզնես չէ, այլ կենսակերպ է, ազգային անվտանգության խնդիր, ժողովրդագրական խնդիր

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը նոր չէ, որ ծանոթանում է գյուղատնտեսության ոլորտին: Մինչ այս պաշտոնը ստանձնելը նա Շիրակի մարզպետն էր, դրանից առաջ էլ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն էր: Այսինքն՝ նա ունի թե՛ կառավարման փորձ, թե՛ ի պաշտոնե միշտ կապված է եղել գյուղատնտեսության ոլորտի հետ: «Անկախը» զրուցեց Արթուր Խաչատրյանի հետ հասկանալու համար նրա ծրագրերը, անելիքներն ու պատկերացումները գյուղատնտեսության բնագավառում:

– Պարո՛ն Խաչատրյան, խոսենք Ձեր առաջիկա անելիքներից ու ծրագրերից: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ոլորտի զարգացումը:

– Շատ կարևոր է, որ հասկանանք Հայաստանի գյուղատնտեսության պատկերը՝ տեսլականը, թե մեր գյուղատնտեսությունն ինչ կառուցվածք պետք է ունենա, ավելի մասնագիտական լեզվով ասած՝ գոտիականությունը՝ զոնինգը: Որովհետև հիմա մենք մի մասով ավանդույթի ուժով ենք առաջնորդվում, մի մասով՝ ԽՍՀՄ-ից մնացած ժառանգությունով: Կար Սովետական Միություն, կար գյուղատնտեսական պատկերացում, և ընդհանուր մոզաիկայի մի մասն էլ Հայաստանն էր: Այդ պատկերացմամբ ասվում էր՝ երկրին պետք էր այսքան գարի, ու Հայաստանը պետք է արտադրեր այդ գարու այս մի մասը: ԽՍՀՄ-ը քանդվեց, ու այդ ընդհանուր զոնինգը, թե մենք ինչ պետք է արտադրենք, այնքան էլ հստակ չէ: Այսինքն՝ ո՞վ ասաց, որ մենք Շիրակի մարզում պետք է աճեցնենք ցորեն ու գարի և ոչ, օրինակ, լոբի և ոլոռ… Դա երկարաժամկետ խնդիր է, բայց պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Մեր բնակլիմայական, աշխարհաքաղաքական պայմաններից և տնտեսական իրավիճակից ելնելով՝ պետք է հասկանանք, թե որը պետք է լինի մեր գյուղատննտեսության կառուցվածքը, ինչ պետք է աճեցնենք և ինչ կենդանի պետք է պահենք: Դա մեր առաջին խնդիրն է, որը գիտական շատ լուրջ վերլուծության կարիք ունի: Եթե որոշենք, որ օրինակ՝ այսինչ վայրում պետք է աճեցնենք ոլոռ, ուրեմն մեր ամբողջ գյուղատնտեսությունը տվյալ շրջանում ու ամբողջ արժեշղթան պետք է տանենք դրա զարգացման ուղղությամբ: Մենք Գեղարքունիքում և Շիրակում հնդկացորենի արտադրությունը փորձեցինք խրախուսել, բայց տեսանք, որ ենթակառուցվածքներում, արտադրությունից սկսած մինչև իրացում, արժեղթայի մյուս կարևոր օղակներում որոշակի խզում է առաջացել, և հիմա պահեստներում բավական հնդկացորեն կա, որն այդպես էլ հնդկաձավար չդարձավ, հետո էլ, երբ արդեն կար պատրաստի հնդկաձավարը, արդեն սպառման հետ կապված խնդիրներ կային:

Շատ կարևոր մոտեցումը, որ պետք է որդեգրենք, վերաբերում է կառավարության կողմից տրամադրվող օժանդակությանը: Մեր օժանդակության հիմնական ծրագրերը սուբսիդավորում են, և հիմնականում՝ խոշոր արտադրողներին՝ խոշոր սպանդանոցներին, խոշոր մեքենատրակտորային կայաններին և այլն: Բայց մեր գյուղատնտեսության զգալի մասը, նույնիսկ որոշ բնագավառներում 90 տոկոսից ավելին, փոքր տնային տնտեսությունների արտադրած գյուղատնտեսական մթերքն է: Իսկ այդ փոքր տնային տնտեսություններին որևէ էական օժանդակություն չի տրամադրվում: Անուղղակի ինչ-որ բան արվում է, բայց էական օժանդակության կարիք կա: Այսինքն՝ այդ գյուղացին մնացել է մենակ. հողը սեփականաշնորհեցինք ու «ձեռքներս լվացինք», ասացինք՝ դու արդեն հողատեր ես, գնա ու քո դարդերը ինքնուրույն հոգա: Եթե բիզնես տրամաբանությամբ առաջնորդվենք, ընդհանուր առմամբ նրանց մեղքն է: Բայց գյուղատնտեսությունը բիզնես չէ, որովհետև եթե մարդը վաղը չկարողանա իր 15-20 կամ 100 տոննա կարտոֆիլը սպառել, այլևս կարող է հող չմշակել: Իսկ եթե վաղը հող չմշակի, կա՛մ պետք է գա քաղաք, որտեղ նա պոտենցիալ անմրցունակ է, կա՛մ պետք է արտագաղթի, կա՛մ էլ պետք է գնա ուղղիչ աշխատանքային գաղութ: Ուրիշ տարբերակ այդ մարդը չի ունենալու: Եվ սրա հետևանքով այսօր մեր հողերի մոտ 40 տոկոսը չի մշակվում: Այսինքն՝ մեր հիմնական քաղաքականությունը պետք է լինի փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակելը: Որովհետև այն մոտեցումը, թե գյուղատնետսությունը բիզնեսի տեսակ է, ագրոբիզնես է, և ուժեղը թող հաղթի, չի կարող իրեն արդարացնել, և մեր համարյա 30 տարվա փորձը ցույց է տալիս, որ այդ մոտեցումը ձախողվել է:

– Հայաստանում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Օրինակ՝ պարարտանյութերի, դիզելային վառելիքի սուբսիդավորում, սուբսիդավորված տոկոսադրույքով վարկեր, սերմացուի և ցեղական անասնագլխաքանակի ավելացման ծրագրեր և այլն: Այդ ծրագրերից որո՞նք եք պահելու և ի՞նչ նոր ծրագրեր եք իրականացնելու, միգուցե ուրի՞շ տրամաբանությամբ առաջնորդվեք:

– Որոշ բաներ կան, որ պետք է պահել, օրինակ՝ վառելիքի սուբսիդավորումը: Բայց պետք է հասկանանք, որ սուբսիդավորումը պետք է ռեալ ու հասցեական լինի: Գաղափարն ինքնին լավն է, բայց վերահսկողությունը շատ թույլ է: Հիմա 1 միլիարդ դրամից ավելի պարտքեր էին կուտակվել՝ կապված սերմացուի ծրագրի հետ: Այսինքն՝ պետությունը տվել է սերմացուն, բայց մեխանիզմը լավ մշակված չի եղել, վերահսկողությունը լավը չի եղել, և պարտաճանաչ մարդը տուժել է: Վատ իրականացման պատճառով չի կարելի տորպեդահարել լավ ծրագիրը: Տեսեք ինչ եղավ. կասեցվեց սերմացուի մատակարարման ծրագիրը, ու ցանքսերի մակերեսը էականորեն ընկավ: Այսինքն՝ պետք է հասկանանք, որ մարդկանց պետք է տրամադրենք հնարավորինս մատչելի գնով թե՛ պարարտանյութ, թե՛ սերմացու, թե՛ վառելիք: Մյուս խնդիրը. պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք օգնել, որ նրանք մթերումն իրականացնեն: Օրինակ՝ ծիրանի բերքը, որն այս պահին, փառք Աստծո, շատ լավն է, և հույս ունեմ, որ «սպիտակ կոմբայնը»՝ կարկուտը, չի փչացնի բերքը, դարձյալ խնդիր է առաջացնելու մթերման հարցում: Ուրեմն պետք է փորձենք օգնել, օժանդակել, միգուցե կոոպերացիայի խնդրում, որպեսզի այդ փոքր տնտեսությունները հավաքվեն, միասին այնքան լինեն, որ կարողանան մուտք գործել մեծ ցանցեր: Պետք է փորձենք մշակել լավ մեխանիզմներ, որպեսզի սպառման հարցում օգնենք այդ մարդկանց, թե չէ իրենք իրենց բերքի ձեռքը, կոպիտ ասած, կրակն են ընկելու:

– Խնդիրներ կան, որոնք, այսպես ասած, խրոնիկական են, նույն Ձեր նշած բերքի իրացման խնդիրը, ոռոգման խնդիրը, կարկտահարության ու տարերային այլ աղետների ու դրանց հետևանքների վերացման խնդիրը, ապահովագրության խնդիրը և այսպես շարունակ: Այսինքն՝ խնդիրներ, որոնք մարդկանց նախորդ տարիներին հանել են փողոց: Այդ խնդիրների համակարգային լուծումների տարբերակներ պատկերացնո՞ւմ եք:

– Եթե այդքան հեշտ լիներ, այդ լուծումները, կարծում եմ, կլինեին: Ամեն դեպքում պետք է խուսափել հատվածական լուծումներ տալուց: Նկատի ունեմ, որ երբ գյուղացիները ճանապարհ են փակում, դու զանգում ես որևէ պահածոյի գործարանի ու ասում ես՝ պետությունը քեզ խնդրում է, որ այսօր 10 տոննայով կամ 10 դրամով ավելի մթերես, այդպես չի կարող շարունակվել: Որովհետև այդ մարդկանց էլ պետք է հասկանալ: Պետք է փորձենք արմատական լուծումներ գտնել: Օրինակ՝ օգնել, որ նոր սպառման շուկաներ գտնեն: Այսօր մենք ունենք մեկ հիմնական սպառման շուկա, և պետք է փորձենք այդ արժեղթայի դիվերսիֆիկացիան ապահովել, որ մի քանի օպերատորներ լինեն: Լավագույն տարբերակը, իհարկե, ինտեգրումն է համաշխարհային արժեշղթաներին: Եթե կարողանանք օգնել, շահագրգռենք, որ օրինակ՝ «Դանոն», «Դելմոնտը», «Ուիմբիլդան» հետաքրքրվեն Հայաստանով, մեծ խնդիրներ կկարողանանք լուծել, քանի որ նրանց մթերման ծավալները միլիոնավոր տոննաներ են:

– Բայց դա իրատեսական համարո՞ւմ եք՝ հաշվի առնելով մեր գյուղատնտեսության ծավալները, մեր բերքի քանակությունն ու որակը:

– Բերքի որակը, բնականաբար, պետք է բարելավենք: Մենք չենք կարող ասել՝ պետք է լինի վատ բերք, բայց գինը լինի լավ: Արտադրողների հետ էլ պետք է աշխատենք ու ասենք՝ գիտե՞ս ինչ կա, պարարտանյութի մակարդակը սա պետք է լինի, այսպես պետք է ոռոգես, այսպես պետք է բերքդ հավաքես, որպեսզի քո ապրանքը լինի մրցունակ: Օրինակ՝ խաղողագործության ոլորտում խայտառակ վիճակ էր, «Պեռնո Ռիկարն» եկավ, մարդկանց ասաց՝ եթե դուք ուզում եք, որ ես ձեր խաղողը մթերեմ ու դրա համար բարձր գին վճարեմ, ուրեմն պետք է մշակեք այս ձևով: Այդ մարդիկ 50 տարի այլ կերպ էին խաղող մշակել, բայց հասկացան, որ եթե ուզում են մթերման խնդիր չունենալ ու նորմալ եկամուտ ապահովել, ուրեմն պետք է այդպես աշխատեն: Նորմալ է: Դրական փորձ ունենք խաղողագործության, կոնյակագործության ու գինեգործության ոլորտներում:

– Խոսենք նաև այն խնդիրների մասին, որոնցից հայ գյուղացին, առնվազն վերջին 10 տարիներին, անընդհատ բողոքել է, օրինակ՝ ոռոգում, ապահովագրություն, վնասների փոխահատուցում և այլն:

– Պատահական չէ, որ կառավարության վերջին նիստի ժամանակ մի քանի թիվ նշեցի: 2017 թվականին միայն կարկուտից կորուստները կազմել են 12,2 միլիարդ դրամ: 2016 թվականին այդ կորուստները կազմել են 33,5 միլիարդ դրամ: 2015-ին վիճակը մի քիչ բարվոք էր, բայց կորուստները կազմել են մոտ 7,8 միլիարդ դրամ: Այս տարի դեռ չգիտենք, բայց էլի ուժգին կարկուտ է եղել թե՛ Արմավիրի մարզում, թե՛ Արագածոտնի և Արարատի մարզերում: Եթե այդ 33 միլիարդ դրամը կորցրել ենք, դրա դիմաց փոխհատուցում ենք տրամադրել, այդ գումարի մի փոքր տոկոսը կամ թեկուզ կեսը եթե դնեինք, ամբողջ երկիրը կկարողանայինք փակել հակակարկտային սարքերով ու միջոցներով: 33 միլիարդ դրամի արժեք նախանցյալ տարի պետությունը չի ստացել, գումարած մի քանի միլիարդ էլ փոխհատուցել է, այսինքն՝ մոտ 35 միլիարդ դրամի վնաս է կրել պետությունը: Ուրեմն ավելի լավ է քաղաքական որոշում կայացնենք և այդ գումարն ինչ-որ տեղից հավաքենք ու ներդնենք, քան ամեն անգամ մտածենք, թե վնասի փոխհատուցման խնդիրն ինչպես ենք լուծելու: Ու եթե արդյունավետորեն կիրառենք կանխարգելման միջոցները, ապահովագրությունը կլինի շատ ավելի էժան:

Ոռոգման հարցը: Այս տարի էլի տեղումների ծավալը քիչ է եղել: Կարճաժամկետ կտրվածքով չգիտեմ, թե ինչպիսին կլինի լուծումը, տարբերակները քննարկվում են, իսկ երկարաժամկետ կտրվածքով դա ջրամբարաշինությունն է՝ Կապսի, Վեդիի և այլն: Եվ մյուս խնդիրը եղած ենթակառուցվածքների բարեկարգումն է: Որովհետև ներտնտեսային, միջտնտեսային տարածքների երկրորդական ու երրորդական կանալներում ջրի կորուստը մինչև 70 տոկոսի է հասնում: Այսինքն՝ լրացուցիչ անձրև չենք կարող բերել, բայց եթե կարողանանք ներդրումներ բերել և գոնե հողի հունով և բաց ցանցերի փոխարեն կարողանանք կայուն ներտնտեսային և միջտնտեսային ցանցեր ապահովել, եղած ջուրը կբավարարի: Նաև անձրևացման տեխնոլոգիաները, կաթիլային տեխնոլոգիաները պետք է ակտիվորեն ներդնել, այսինքն՝ դրանք գերակա ուղղություններ պետք է լինեն, ու դրանք մենք պետք է զարգացնենք: Նաև մարդկանց կրթությունն է կարևոր, այսինքն՝ մարդը պետք է հասկանա, որ ռետինե խողովակը ծառի տակ գցելով ոռոգելու դարն անցել է:

– Խոսենք նաև մեխանիզացիայի պարկի մասին, որը լուրջ խնդիրներից մեկն է: Պաշտոնապես մեր գյուղտեխնիկայի 95 տոկոսը համարվում է հնամաշ:

– Հնամաշից բացի, ուրիշ խնդիր էլ ունենք: Լիզինգի ծրագրեր կան, որոնք պարկը թարմացնելու նպատակ են հետապնդում և այլն: Բայց ավելի կարևոր խնդիր կա: Այն տեխնիկան, որ վերջին 25 տարվա ընթացքում եկել ու լցվել է Հայաստան, արդյոք հենց ա՞յն է, ինչ մեզ պետք է եղել: Մեր մեխանիզացիայի ու գյուղտեխնիկայի պարկին վերջին 25 տարվա ընթացքում ով ինչ ասես բերել է, բայց մենք պետք է վերցնենք ու գրենք, որ Հայաստանի գյուղատնտեսության համար այս ձևի մեխանիզացիան է անհրաժեշտ: Որ ռեեստր ունենանք ու ասենք, եթե օրինակ՝ դու ուզում ես Շիրակի բարձրադիր գոտիներում մշակել այսինչ մշակաբույսը, այս տիպի մեխանիզացիան է քեզ պետք: Իսկ այն, որ մեր տեխնիկան հին է, դա, իհարկե, փաստ է: Ընդ որում, հին լինելուց նաև արդյունավետությունն է ընկնում, բերքն է փչանում, ծախսերն են շատանում: Դա էլի մեզ համար շատ կարևոր է, և մեր ծրագրում բավականաչափ կարևոր տեղ է զբաղեցնելու, որ կարողանանք պարկը թարմացնել: Ուղղակի պետք է գիտակցենք, որ գյուղատնտեսության մեջ կարճաժամկետ լուծումներ չեն լինում, դրանք երկարաժամկետ են: Բայց որքան էլ երկարաժամկետ լինեն, պետք է առաջին քայլն անենք: Պետք է ճիշտ, հեռահար լուծումները նախատեսենք ու փորձենք քիչ-քիչ, ամեն տարի դրանց մի մասն անցնել, բայց նորից եմ կրկնում, գիտակցելով, որ գյուղատնտեսությունը պարզ բիզնես չէ, այլ կենսակերպ է, ազգային անվտանգության խնդիր է, ժողովրդագրական խնդիր է:

– Գյուղացիները հաճախ իրենց միայնակ են զգում իրենց խնդիրների առջև: Ինչպե՞ս է դրսևորվելու գյուղացու կողքին լինելը, որ նա իրեն միայնակ չզգա:

– Դե փորձենք նախ օգնել, որ իր հողը մշակի, հետո օգնենք, որ իր ստացած բերքը իրացնի, տրամադրենք տեխնիկա, գիտելիք, քանի որ գյուղատնտեսությունը գիտելիք է, այդ ուղղությամբ մենք լուրջ անելիքներ ունենք: Գյուղատնտեսությունը շատ պահպանողական ոլոտ է և կարճ ժամանակում փոփոխություններ ակնկալելը շատ դժվար է: Կարծում եմ՝ այս կառավարությունը կլինի այնպիսին, որ գյուղացին իր կողքին տեսնի, զգա կառավարության ներկայությունը: Մենք ավելի ձախակողմյան կլինենք ու կկանգնենք գյուղացու կողքին: Իմ կարծիքով՝ միշտ ենք փորձել լինել նրա կողքին, բայց մենք փորձելու ենք շատ ավելի սերտ շփվել գյուղացու հետ, որ նրա կողքին լինելու դիստանցիան շատ ավելի փոքր լինի և ներկայության ժամանակը՝ շատ ավելի երկար:

Գևորգ Ավչյան

Տպել Տպել